Այս ուժի օրոք ոչ հարիր է սահմանադրական փոփոխությունների իրականացումը, որովհետև ի վիճակի չեն նորմալ իրավական պրոցես կազմակերպել. սահմանադրագետ

«Պատահական չէ, որ «Տոների  և  հիշատակի  օրերի  մասին»  ՀՀ օրենքը հուլիսի 5-ն ամրագրել է՝ որպես Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր.  սրանով ընդգծվում է Սահմանադրութան՝ որպես իրավական ակտի առանձնահատուկ դերը պետության համար, և միայն մեր երկրում չէ, որ Սահմանադրության օրն առանձնացվում և նշվում է»,- 168.am-ի հետ զրույցում օրվա խորհրդին անդրադառնալով՝ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Սահմանադրագետը մանրամասնեց՝ Սահմանադրությունը պետության և ազգի բարոյահոգեբանական և գաղափարական բնութագիրը տվող փաստաթուղթ  է, իսկ իրավական տեսանկյունից՝  բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ակտ, որը կարգավորվում է մի կողմից՝ մարդու և պետության, մարդու և հասարակության, մյուս կողմից՝ պետական մարմինների կազմավորման և գործունեության կարգը՝  սահմանելով բոլորիս լիազորությունները, պարտականությունները, գործառույթները համատեղությամբ:

«Եվ  արդեն հիերարխիկ կարգով Սահմանադրությունից բխում է մյուս իրավական ակտերի տրամաբանությունը, կարգավորումների ձևաչափը»,- հավելեց նա:

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններին և նոր փոփոխությունների անհրաժեշտության մասին քննարկումներին՝ Գոհար Մելոյանը նկատեց. «Սահմանադրական փոփոխությունները 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո օրակարգային հարց են դարձրել: Շատ կարևոր է սակայն ընդգծել, որ պետության համար առանձնահատուկ կարևորություն ունի ոչ թե Սահմանադրության զուտ բովանդակությունը ձևական առումով, այլ Սահմանադրական մշակույթի զարգացածությունը և սահմանադրականության ամրագրումը, որի ապահովումն ու երաշխավորումը հենց պետության պոզիտիվ պարտականությունն է»:

Մասնագետը հիշեցրեց, որ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել երեք անգամ՝ 2005, 2015 և 2020 թվականներին: Ի դեպ,  նրա գնահատմամբ, 2020 թվականի  փոփոխությունները հակասահմանադրական էին, քանի որ թե՛ իրավական մասնագիտական համայնքը, թե՛ անգամ միջազգային կառույցներն արձանագրել էին խնդիրներ. «Նույն Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաներում կոնկրետ պահանջներ էին, որոնք իշխող ուժի կողմից անտեսվել են, և ՍԴ կազմը փոփոխելու կոնկրետ քաղաքական նպատակ հետապնդելով՝ տեղի ունեցան այդ հակաիրավական սահմանադրական փոփոխությունները:

Այնուամենայնիվ, դրան նախորդող սահմանադրական փոփոխությունները, ինչքան էլ հաճախ մանիպուլյատիվ  փորձել են անվանարկել, եթե միջակայքն ուսումնասիրում ենք, առնվազն տասը տարին մեկ են տեղի ունեցել, այսինքն՝ իրավահարաբերություններն այնպիսի էվոլյուցիա են ունեցել՝ նաև միջազգային զարգացումների համատեքստում, որ դրանց անհրաժեշտությունն իրապես կար»:

Գոհար Մելոյանի կարծիքը բավականին բացասական է սահամանադրական նոր փոփոխությունների շուրջ այս իշխանությունների օրոք ընթացող քննարկումների, դրանց ձևի ու բնույթի մասին.

«Արդեն իսկ այս իշխող ուժի օրոք ձևավորվել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որի կազմից գրեթե բոլոր գիտնական անդամները դուրս եկան՝ հրաժավելով համագործակցել (արդեն ակնհայտ է՝ ինչ միտում կար. կարծում եմ՝ հանձնաժողովի ոչ մասնագիտական, քաղաքական ուղղվածություն ունեցող գործիչների կողմից բավականին խոչընդոտվել է գիտական հատվածի գործունեությունը, ինչով և բացատրելի է գիտնակաների կողմից հանձնաժողովի կազմի լքումը): Արդեն գործնականում համոզվել ենք, որ իրավական հարթությունում դժվար ինչ-որ նորմալ լուծումներ ակնկալելի լինեն,- ամփոփելով՝ նշեց Գոհար Մելոյանը: Մեր դիտարկմանը, թե փոփոխությունների անհրաժեշտության մասին հաճախ նշում է նաև ՀՀ նախագահը, սահմանադրագետը նկատեց,- Ինչ վերաբերում է ՀՀ նախագահին, ով պարբերաբար բողոքում է իր լիազորությունների շրջանակի սեղմ լինելուց,  մենք ականատես եղանք սահմանադրական կարգի տապալման մի շարք դեպքերի, երբ Սահմանադրության հիմնական երաշխավորը և պահպանողը զերծ մնաց իր այս անկյունաքարային գործառույթը կյանքի կոչելուց և զուտ կողքից դիտորդի կարգավիճակ զբաղեցրեց: Ըստ իս՝ այս ուժի օրոք ոչ տեղին և ոչ հարիր է սահմանադրական փոփոխությունների իրականացումը, որովհետև ի վիճակի չեն նորմալ իրավական պրոցես կազմակերպել և իրավունքին հարիր բարձագույն ակտում փոփոխությունների համասփյուռ նախատեսել»,- եզրափակեց սահմանադրագետը:

 

Տեսանյութեր

Լրահոս