Ինչ եղավ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «մեր ժամանակների ամենասենսացիոն նորությունը»

Սենսացիաների սիրահար Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ մեր ժամանակների ամենասենսացիոն նորությունն էր խոստանում։ Եվ ոչ միայն խոստանում էր, այլև դա ներկայացնում էր՝ որպես կատարված իրողություն, պատմական ձեռքբերում՝ վերջին 60 տարվա կտրվածքով, որին հասել է իր կառավարությունը։

Խոսքը, իհարկե, ընտրություններին չէր վերաբերում։ Խոսքը Սևանի մակարդակի մասին էր։

«Մեզ սպասվում է առաջիկայում, թերևս, մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում։

Ասում են՝ անձրև շատ է եկել, ձյուն շատ է եկել, դրա համար էլ Սևանի մակարդակն այդքան բարձր է լինելու։ Փաստորեն, վերջին 60 տարվա ընթացքում Հայաստանում ո՛չ ձյուն էր եկել, ո՛չ էլ անձրև էր եկել, անձրև և ձյուն Հայաստանի Հանրապետությունում, տիկնայք և պարոնայք, տեղացել է միայն 2020-2021 թվականներին, կամ էլ Եղիա մարգարեի ժամանակների երաշտից է եղել, այն ժամանակ 30 տարի էր, այս անգամ, փաստորեն, 60 տարի է եղել։

Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է։ Ընդ որում, ուզում եմ ձեզ հետևյալն ասել, որ վերջին տարիներին, օրինակ՝ 2020 թվականին, 22,8 մլն խորանարդ մետր ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հեկտար հող ավելի շատ է ոռոգվել։ Որովհետև Սևանից ջուր բաց թողնելու վրա մեզանից ոչ ոք միլիոնատեր չի դարձել. եթե դուք էներգետիկ համակարգի իրազեկ ներկայացուցիչների հետ խոսեք, նրանք կասեն, որ կա օդում պտտվող այսպիսի խոսակցություն, որ Սևանա լճի 1 սմ ջուրը 1 մլն դոլար է, որովհետև, երբ դա բաց է թողնվում համակարգ և դառնում է էլեկտրական էներգիա, այդքանով մնացած գործողությունները տեղի են ունենում։

Քանի որ էլեկտրաէներգիայի մասին խոսեցինք, 2018 թվականից ի վեր ջրային համակարգում 30 մլն ԿՎտԺ էներգիա է խնայվել։ Իսկ ոռոգման ջրի համակարգում կորուստների մակարդակն իջել է 5 տոկոսով: 3 տարվա ընթացքում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է դա, ինչ ծավալ է:

Եվ դրա արդյունքում, այո, մենք այս տարի ունենալու ենք վերջին 60 տարվա համար Սևանի ամենաբարձր մակարդակը»,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է մայիսի 10-ին՝ Ազգային ժողովում կայացած վարչապետի չընտրության նիստում ունեցած ելույթի ընթացքում։ Լավ է, որ դրանից շատ ժամանակ չի անցել, ու կարելի է տեսնել, թե Նիկոլ Փաշինյանի ասած՝ «մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը» որքանով է իրականություն դարձել։

Հիմա հուլիսն է, ու պարզվում է՝ Սևանի մակարդակը ոչ միայն վերջին 60 տարվա ամենաբարձր նիշի վրա չէ, այլև ցածր է անցած տարվանից։ Հունիսի 27-ի դրությամբ այն 3 սանտիմետրով զիջում էր անցած տարվա նույն օրվա նիշը։ Չնայած ձմռան ու գարնան առատ տեղումներին, արդեն հիմա Սևանից ավելի շատ ջուր է վերցվել, քան մտել է։

Ընդամենը 20 օրում Սևանի մակարդակն իջել էր 7 սանտիմետրով ու առաջիկայում դեռ կշարունակի իջնել։ Կառավարությունը քննարկում է լճից նախատեսվածից ավելի մեծ քանակությամբ ջրառ կատարելու հնարավորություն։ Խոսքը լրացուցիչ ևս 50-70 մլն խորանարդ մետրի մասին է։

Հիշեցնենք, որ օրենքով թույլատրվում է Սևանից վերցնել տարեկան մինչև 170 մլն խորանարդ մետր ջուր։

Բայց կառավարությունը մտադիր է, այդ 170 միլիոնից բացի, վերցնել ևս 50-70 միլիոն։

Թե ո՞ւր մնաց մեզ սպասվող մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը, որը ընդամենը 2 ամիս առաջ ներկայացվում էր՝ որպես կատարված փաստ, դժվար չէ պատկերացնել։ Բայց սա նորություն չէ, այսպես է 3 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը ղեկավարել երկիրն ու մոլորեցրել անտեղյակ հասարակությանը։ Ցավալին այն է, որ այդքանից հետո մարդիկ դեռ շարունակում են կուրորեն հավատալ նրան։

Սևանից լրացուցիչ ջրառը գուցե անհրաժեշտություն է։ Երկրում երաշտ է, գյուղացու բերքը չորանում է, ու կա ջրի խնդիր։ Այլ հարց է, թե ինչո՞ւ առաջացավ այդ խնդիրը։ Հատկապես որ, տարին շատ բարենպաստ էր գյուղատնտեսության համար։ Տեղացած առատ ձյան ու անձրևների արդյունքում ակնկալվում էր, որ ջրամբարները լիքը կլինեն, իսկ գյուղատնտեությունը ջրի խնդիր չի ունենա։ Բայց պարզվում է՝ ջրամբարները դատարկ են կամ ոչ բավարար լցված, իսկ գյուղացին ջրի լուրջ խնդիր ունի, օրերով ջուր չի ստանում, ու բույսը շարքից դուրս է գալիս։ Օգուտները հաշվելու փոխարեն՝ մարդիկ հաշվում են կորուստները։

Թե ինչո՞ւ գարնանային վարարումներից ու հորդառատ անձրևներից հետո ջրամբարներում ջուր չկա, դեռ պետք է պարզել։ Չար լեզուներն ասում են, որ ինչ-ինչ նկատառումներով՝ ջուրը դատարկվել է՝ հետագայում լցվելու ակնկալիքով, բայց ակնկալիքը չի արդարացել։ Հիմա կանգնել ենք փաստի առաջ։ Մի կողմից՝ երաշտ է, մյուս կողմից՝ դատարկ են ջրամբարները։ Բազմաթիվ ջրամբարներում այս տարի անհամեմատ ավելի քիչ ջուր կա, քան անցած տարի էր։ Դրա պատճառով էլ առաջացել է ջրի խնդիր։

Եթե սա է ջրային պաշարների արդյունավետ կառավարումը, ապա ո՞րն է թերացումը։ Բավարար քանակությամբ ջուրը չեն ամբարել կամ ամբարելուց հետո անտեղի բաց են թողել ու գյուղացուն կանգնեցրել են փաստի առաջ։

Սա է մեր ջրային պաշարների կառավարման որակը։ Սևանից անցած տարի 22,8 մլն խորանարդով պակաս ջուր վերցնելուց են խոսում, երբ այս տարի ակնկալվում է դրանից կրկնակի-եռակի ավելի ջրառ կատարել։

Ջրամբարներում բավարար քանակությամբ ջուր չկա՝ հույսը կրկին Սևանի վրա է։ Չնայած առանց դրա էլ Սևանը քիչ խնդիրներ չունի։ Լիճը կրկին ծաղկել է, ու պատճառներից մեկն էլ չափից շատ ջրի բացթողումն է։

Թե ինչ է Սևանի համար լրացուցիչ ևս 50-70 մլն խորանարդ մետր ջրի բացթողումը, դժվար չէ պատկերացնել։ Դա նշանակում է, որ լճի մակարդակը շատ ավելի կիջնի, քան կարելի է պատկերացնել։ Ու դա իր հետ նոր խնդիրներ կստեղծի Սևանի համար։ Կարևոր չէ, որ ընդամենը 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկն է մեզ սպասվում։ Հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում։

Ահա այսպիսին են իրականում Նիկոլ Փաշինյանի խոստացած սենսացիաները։ Երեք տարի է՝ ապրում ենք այդպիսի սենսացիաների ժամանակաշրջանում, ու այդքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են նրան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս