«Ռուսաստանը և Իրանը փորձում են հնարավորինս չեզոքացնել Թուրքիային». Վարդան Ոսկանյան
Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի բանակցություններից հետո Լավրովը հայտարարել է. «Մեր կողմից աջակցություն է վայելում Էրդողանի և Ալիևի` տարածաշրջանի զարգացումը խթանող «երեք+երեք» մեխանիզմ ստեղծելու առաջարկը: Անդրկովկասի երեք երկրները և երեք հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»:
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում նշեց, որ «3+3» ձևաչափն առաջին անգամ առաջարկվել է Թուրքիայի կողմից, դրան աջակցել է Ադրբեջանը, նաև իրանցիներն են կողմ այս ձևաչափին, և հիմա ռուսական կողմից է հնչում այդ ձևաչափի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն. «Պետք է դիտարկել բոլոր կողմերի շահերը՝ թե՛ հարավկովկասյան երեք պետությունների, թե՛ այդ պետությունների հարևան տարածաշրջանային և համաշխարհային գերտերությունների շահերը: Եթե դիտարկում ենք անդրկովկասյան պետությունների շահերի տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանին ձեռնտու է, որպեսզի Թուրքիան որևէ ձևաչափով պաշտոնական ներգրավվածություն ունենա Հարավային Կովկասում: Դրան կարող է դեմ չլինել կամ դրա մասին չբարձրաձայնել Վրաստանը, բայց իրականում ակնհայտ է, որ վրացական շահերից էլ չի բխում թուրքական ներկայության մեծացումը՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ թուրքական ներկայության և ազդեցության ծավալները վտանգում են այդ պետության ինքիշխանությունը, ինքնուրույն խաղացող լինելու հանգամանքը, ուստի չեմ կարծում, թե վրացական կողմը շատ կողմնակից է այս ձևաչափին»:
Նրա խոսքով՝ Վրաստանը նաև խնդիրներ ունի Ռուսաստանի մասնակցության հետ կապված, հետևաբար՝ չի ուզի, որպեսզի այդ ձևաչափը գործի Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ: Ինչ վերաբերում է արտաքին խաղացողների շահերին, ապա, ըստ նրա՝ ակնհայտ է, որ Թուրքիան ցանկանում է այս ձևաչափի իրագործում, Ռուսաստանը արդեն հայտարարել է, որ կողմ է, իրանցիները ևս կողմ են, որովհետև համարում են, որ դուրս են մնացել Հարավային Կովկասում ընթացող տարածաշրջանային ձեռքբերումներից և որևէ ձևաչափով կարող են ներգրավվել այս գործընթացներին:
«Ակնհայտ է, որ այդ ձևաչափը ձեռնտու չէ Հայաստանին, որովհետև դրանով և դրան համաձայնություն տալով՝ փաստացիորեն լեգիտիմացնում ենք թուրքական ներգրավվածությունը հարավկովկասյան տարածաշրջանում: Ուստի, այստեղ ստացվում է մի հետաքրքիր պատկեր, երբ Վրաստանը դեմ է՝ հաշվի առնելով հատկապես՝ Ռուսաստանի և մասնակիորեն՝ Թուրքիայի մասնակցությունը, Հայաստանը պետք է դեմ լինի, որովհետև գործ ունենք Թուրքիայի ներկայացվածության լեգիտիմացման հետ, Ադրբեջանը կողմնակից է, որպեսզի լինի այդ ձևաչափը՝ Թուրքիայի ներկայությունը լեգիտիմացնելու նպատակով, և արտաքին խաղացողներից երեք կողմերն էլ կողմ են այս ձևաչափին: Ոսւտի ձևաչափը կարող է կյանքի կոչվել և կարող է չկոչվել, և կարող է ստացվել մի հետաքրքիր իրավիճակ, երբ տարբեր շահեր հետապնդելով՝ Հայաստանի և Վրաստանի դիրքորոշումները համընկնեն կոնկրետ այս կետում»,- ընդգծեց նա:
Հակառուսական և հակաիրանական տարբեր ծրագրերին թուրքական մասնակցության վերաբերյալ իրանագետը հետևյալն ասաց. «Ռուսաստանը և Իրանը փորձում են հնարավորինս չեզոքացնել Թուրքիային՝ մտրակի և բլիթի քաղաքականությամբ՝ որոշ դեպքերում առաջարկելով քաղցրաբլիթ, որոշ դեպքերում՝ նաև կոշտ հռետորաբանությամբ արձագանքելով թուրքական զանազան գործողությունների: Այստեղ Հայաստանը կարող է դառնալ յուրատեսակ հարթակ՝ համադրելու ռուսական և իրանական շահերը, բայց սրա համար պետք են շատ մեծ դիվանագիտական ջանքեր, գերակտիվ դիվանագիտական աշխատանք»:
Դիտարկմանը՝ չունենք ԱԳ նախարար, փոխարտգործնախարարներ, նա արձագանքեց. «Դա ինքնին ցավալիորեն խոսուն փաստ է, երբ նման դինամիկ զարգացող իրավիճակում, որը լի է մարտահրավերներով և հնարավորություններով, մենք չունենք կոնկրետ պետական կառուցակարգ, որն առաջնահերթ կերպով պետք է զբաղվի այդ խնդիրներով»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում