Բաժիններ՝

Մի դասասենյակում երկուսից երեք առարկա են պարապում. Մյասնիկյանի դպրոցը հիմնանորոգման կարիք ունի

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի դպրոցի չորս մասնաշենքերից մեկը հիմնանորոգման կարիք ունի: Այն ընդգրկված չէ պետական բյուջեի միջոցներով վերանորոգվող կրթօջախների ցանկում, ուստի հովանավորներ են փնտրում:

Մյասնիկյանի դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դպրոցի 4 մասնաշենք հիմնանորոգվել է 12 տարի առաջ, մի մասնաշենքի վերևի հատվածը՝ մոտ 150 քմ, համայնքը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը և դպրոցը համատեղ հիմնանորոգել են՝ որպես ճաշարանային հատված, իսկ մյուս մասնաշենքի առաջին հարկը և երկրորդ մասնաշենքն ամբողջությամբ վերանորոգված չէ:

«Դպրոցում սովորում է 530 աշակերտ: Պարզապես այս պահին ունենք դասասենյակի խնդիր. մի դասասենյակում երկուսից երեք առարկա են պարապում՝ մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն: Պետք է վերանորոգվի, որպեսզի յուրաքանչյուր առարկա իր դասասենյակն ունենա, իրար չխանգարեն, աշակերտներն էլ կարողանան նորմալ կրթություն ստանալ: Անհրաժեշտ է, որպեսզի դասասենյակները կահավորվեն մասնագիտությանը համապատասխան»,- նշեց դպրոցի տնօրենը:

Հարցին՝ արդյոք դպրոցում կա՞ն համապատասխան լաբորատորիաներ, Լիլիթ Պետրոսյանը պատասխանեց.

«Լաբորատորիաներ չկան: Ճիշտն ասած՝ անցած տարի ինձ զանգեցին ԾԻԳ-ից, ասացին, որ դպրոցում պետք է բացվի քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի և աշխարհագրության լաբորատորիա: Ու մինչ օրս սպասում եմ: Այնքան էի ուրախացել՝ չեք պատկերացնի, բայց չհասկացա, հետո հանե՞լ են ծրագրից, թե՞ այլ խնդիր է եղել»:

Մյասնիկյանի դպրոցի տնօրենից հետաքրքրվեցինք՝ դպրոցը համալրվա՞ծ է համապատասխան մասնագետներով, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Բոլոր մասնագետներն ունեն համապատասխան մասնագիտություն, և միայն այս պահին աղջիկների խմբի տեխնոլոգիայի ուսուցչի կարիք կա: Մնացած բոլոր մասնագիտությունների գծով հաստիքները համալրված են: Ի դեպ, դպրոցն ավարտած աշակերտները սովորում են տարբեր մասնագիտություններով, տարբեր բուհերում»:

Դպրոցի տնօրենը հույս ունի, որ չվերանորոգված մասնաշենքի հատվածի հարցն առաջիկայում կլուծվի, սակայն կարևորում է մարզի մյուս անմխիթար դպրոցներին ուշադրություն դարձնելը:

«Մենք 25 տարի ցելոֆանապատ բետոնե հատակին, վառարանների կողքին դաս ենք արել, բայց ասեմ՝ կրթության ավելի բարձր մակարդակ ենք ապահովել, քան այս իդեալական պայմաններում: Դա էլ սերնդի խնդիր է: Մենք մարզում ունենք դպրոցներ, որոնք ավելի անմխիթար վիճակում են, զրկված են անգամ այս տարրական պայմաններից: Օրինակ, Տալվորիկի միջնակարգ դպրոցը: Թող ավելի լավ է՝ այդ դպրոցը վերանորոգվի, ես որոշ ժամանակ էլ այսպես մնամ, միայն թե համայնքի մնացած դպրոցները հասցվեն մինիմալ վիճակի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս