«Ապուշացումը» կփրկի նիկոլիզմից
«Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց և այսուհետ միշտ ծնկի է բերելու»,- պալատական ներքինիներից մեկի շուրթերով տարածված այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իրեն ընտրել են անինտելեկտ մուրճասերները կամ անմիտ ասֆալտատենչները։
Ժողովրդի հասցեին որևէ օբյեկտիվ գնահատականի հնչեցում մահացու մեղք համարող այս իշխանությունն իր այդ խոստովանությամբ արձանագրեց իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանին ձայն տված ընտրողների ընդհանուր թվի 25 տոկոսից մի փոքր ավելին ինտելեկտի հետ խնդիրներ ունեն և դեմ են ամենայն ինտելեկտուալին։ Սա նաև խոստովանություն է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հակաբանականության, հակաինտելեկտի մարմնավորումն է, անմիտների աստվածն ու թագավորը։ Իսկ դա նշանակում է նաև, որ Հայաստանը շարունակելու է ղեկավարել հակամիտքը, հակաբանականությունն ու հակագաղափարը։
Էսթետիկական հարթությունում դա, իհարկե, տհաճ խոստովանություն է, միայն Նիկոլ Փաշինյանը կիմանա, թե ինչ է նշանակում՝ լինել հակաինտելեկտի մարմնավորում, բայց դա նրան հազիվ թե մտահոգի, քանի որ նրա խնդիրը ոչ թե գեղագիտական է, այլ քաղաքական՝ հենց այդ զանգվածի շնորհիվ կարողացավ պահպանել իշխանությունը։ Բարոյական դիսկոմֆորտ զգալու դեպքում իշխանական կլերկը նման հայտարարություն չէր անի։
Բայց խնդիրը կրկին գեղագիտական գարշանքը չէ, այլ այն, որ այդպիսով Նիկոլ Փաշինյանը՝ ինքնահռչակվելով որպես անմիտների առաջնորդ, ամեն ինչ անելու է Հայաստանում ինտելեկտի դեմ պայքարի, հակաբանականության շարունակության համար, քանի որ հակառակը՝ ընտրողների 25 տոկոսից մի փոքր ավելիի ինտելեկտուալիզացիան նրան կզրկի իշխանությունից։ Ավելին՝ նա ոչ միայն ուղղակի փորձելու է պահպանել հակաինտելեկտուալների զանգվածը, այլ ամեն ինչ անելու է այն ավելի մեծացնելու՝ «ինտելեկտուալ ապուշներին» «անինտելեկտ հպարտներ» դարձնելու համար։
Այսպիսով, ինտելեկտուալները հռչակվել են՝ որպես դասակարգային թշնամիներ, ինչը նշանակում է, որ հռչակողները բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են մտքի, գաղափարի, ծրագրի, փաստարկի, ինտելեկտի բոլոր դրսևորումների դեմ։
Նրանք, ովքեր Հայաստանում զբաղվելու են քաղաքականությամբ, պետք է լրջորեն հաշվի առնեն այս իրողությունը։ Լայն իմաստով, իշխանությունից բացի, մնացած բոլոր քաղաքական, քաղաքացիական, մտավոր խմբերի խնդիրը պետք է լինի ոչ թե «անինտելեկտ հպարտների» դեմ պայքարը կամ նրանց հայելային կերպով դասակարգային թշնամի հռչակելը, այլ ճիշտ հակառակը՝ հասարակության այդ հատվածին «ինտելեկտուալ ապուշներ» դարձնելը։
Դա չափազանց դժվար լուծելի, սակայն, խոշոր հաշվով, անայլընտրանք խնդիր է։ Առանց դրա լուծման Հայաստանում կշարունակի իշխել հակաինտելեկտը, հակաբանականությունը՝ Նիկոլ Փաշինյանի կամ անմիտների մեկ այլ թագավորի դեմքով։
Իսկ դրա համար անրաժեշտ է սկսել բառի ուղիղ և փոխաբերական իմաստով խոսակցություն հասարակության հետ, առաջին հերթին ու առավելապես Նիկոլ Փաշինյանի էլեկտորատի հետ, պետք է սկսել մեծ խոսակցություն, որի նպատակը կլինի մարդկանց հուզական դաշտից, վախերի ու կաղապարների տիրույթից դեպի ինտելեկտուալ հարթություն բերելը։ Հենց այդ խոսակցությունից է կախված լինելու հասարակական վերափոխումը, որը կարող է հետագա փոփոխությունների ու վերջնարդյունքում՝ պետության վերափոխման հիմք դառնալ։
Հայաստանը կարող է փրկել միայն ինտելեկտի հաղթանակը, որի պարտությունն արձանագրվեց հունիսի 21-ի ընտրություններում։
Հարություն Ավետիսյան