
«Ասածս վերաբերելի է նաև մեր օրերին․ երբ հռչակվեց Հայրենիքի փրկության շարժումը, իշխող ռեժիմը գործում էր նույն ձեռագրով, ինչպես ազերիները մեր նկատմամբ՝ արցախյան շարժման ընթացքում». Արշավիր Ղարամյան

Երբ 1987 թվականին սկիզբ առավ Արցախյան շարժումը, խորհրդային ադրբեջանը ամենատարբեր միջոցներով փորձում էր խեղդել այն՝ առաջնորդների և ակտիվիստների ձերբակալություններով, արատավոր և կեղծ լուրեր տարածելով, զանգվածային բռնաճնշումներով և առևանգումներով, որոնք նաև ուղեկցվում էին սպանություններով և ամբողջական բնակավայրերի տեղահանումներով:
Հիշում եմ՝ այդ ժամանակ ազերիների վայրագություններն ինչքան դոզավորված էին լինում, այնքան ժողովրդին ասում էին, թե դա լավ է և մեր օգտին է․․․ նույնիսկ մի թեզ էր տարածվում սումգայիթյան ջարդերի վերաբերյալ, թե եթե ևս 3 հոգու սպանեին՝ ապա միջազգային հանրությունը կճանաչեր Սումգայիթում կատարվածը որպես ցեղասպանություն:
Ազերիների սանձարձակությունները շարունակվեցին այնքան, մինչև մենք ինքնակազմակերպվեցինք և ունակ եղանք համարժեք պատասխանների, որոնք արդեն, հարկ եղած դեպքում, չէին ուշանում:
Հայերիս դիմադրությունն է՛լ ավելի կատաղեցրեց ազերիներին, արդյունքում՝ նորանկախ Արցախի դեմ սկսվեց լայնածավալ ագրեսիա, որի արդյունքում, իր հերթին, թշնամին Հայ ազգից կրեց խայտառակ պարտություն։
Ասածս վերաբերելի է նաև մեր օրերին․ երբ հռչակվեց Հայրենիքի փրկության շարժումը, իշխող ռեժիմը գործում էր նույն ձեռագրով, ինչպես ազերիները մեր նկատմամբ՝ արցախյան շարժման ընթացքում։ Ֆիքսվող խախտումների կապակցությամբ, իրավական առումով, իհարկե, արձանագրումներ, ահազանգեր և բողոքարկող այլ գործողություններ, որ պահանջում է օրենքը, կատարվում են, սակայն վստահ եմ, որ ներկայիս ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Հայրենիքի փրկությամբ մտահոգված լիդերները, որ ժամանակին գիտեին, թե ինչպես վնասազերծել ադրբեջանական ագրեսիան, հիմա ևս պետք է պատրաստվեն Հայրենիքի ազատագրության սուրբ գործին՝ միանգամայն համարժեք վերաբերվելով թշնամուց ոչնչով չտարբերվող իշխողների հանցագործություններին։
Արշավիր Ղարամյան