Բաժիններ՝

«Եթե մեկին տուգանում են ամրագոտի չկապելու համար՝ վրդովվում է, ասում է՝ ինչքան դժբախտ պետք է լինեմ, որ 10.000-ն առանց ամրագոտի լինի, մենակ ինձ տուգանեն»

Տուգանային միավորների համակարգն ամբողջ ծավալով նախատեսվում է ներդնել 2022 թվականի հուլիսի 1-ից: Այս մասին 2021թ. ապրիլի 28-ին լրատվամիջոցներին ասել էր ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը:

«Կարծում ենք, որ ներկայում արդեն իսկ երևում է տուգանային միավորների համակարգի արդյունավետությունը: Վերջին երեք տարվա ընթացքում պակասել են ՃՏՊ-ները՝ 2018 թվականին եղել է 4111 դեպք, 2019-ին՝ 4799, իսկ 2020-ին՝ 4016: Համակարգի ներդրման պահից մինչ այսօր 9 և ավելի տուգանային միավոր ունեցողների քանակը 10.342 է, որոնցից 7022 անձի վարորդական իրավունք արդեն իսկ կասեցվել է: Այդ անձինք կատարել են իրավախախտումներ, և նրանց նկատմամբ կայացվել է կասեցման որոշում»,- նշել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կայացված որոշումներից 2298-ը մտել է ուժի մեջ, բայց դեռ իրականացվում է ծանուցման գործընթաց, որն իրականացնելուց հետո վարորդական վկայականների կասեցման որոշումները կստանան օրինական ուժ:

Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանի կարծիքով՝ ընդհակառակը՝ վթարները քիչ չեն եղել:

«9 բալանոց համակարգն ի սկզբանե հոյակապ էր, արտասահմանում էլ է աշխատում, բայց խնդիր կա: Այո, համակարգը ժամացույցի պես աշխատում է, սակայն վերահսկողություն չկա: Օրինակ, ասում են՝ 7000 հոգու վարորդական իրավունքը կասեցվել է, իսկ դա նշանակում է՝ 7000 հոգի մեքենան կանգնեցրել է բակում: Առավոտյան տնից ո՞նց է գործի գնալու՝ տաքսիով կամ ավտոբուսով: Հիմա 7000 հոգու հարցրեք՝ դուք պատրա՞ստ եք ձեր մեքենան կանգնեցնել բակում, ոտքով գնալ աշխատանքի ու գալ: Պատկերացրեք, մարդը գողություն է արել՝ դատապարտում են 2 տարով: Թուղթը տալիս են, թե բա գնա-ազատազրկվիր, ու չեն հետևում՝ գնա՞ց, թե՞ չէ, ու ազատազրկողը չի հսկում, որ բանտից դուրս չգա: Այսինքն, համակարգն ամբողջությամբ աշխատում է, սակայն դրա վերահսկողությունը բացակայում է, ու եթե հիմա ՃՈ-ին հարցնեք՝ քանի՞ տոկոսով եք վստահ, որ այս 7000 մեքենայի վարորդն այն չի վարում, անգամ մեկ տոկոսի վստահություն չի լինի: Ստատիստիկա չկա. հետևաբար՝ անիմաստ է դառնում այդ ամբողջ փաստաթղթաշրջանառությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այն մեքենաներով, որոնցով թույլ են տրվել իրավախախտումները, այդ մեքենաների նկատմամբ պետք է հսկողություն լինի: Դա կարող է լինել տեսախցիկներով, GPS համակարգով և այլն:

Խոսելով վարորդական իրավունք ստանալու քննությունները խստացնելու և այս կերպ իրավիճակը փոխելու մասին, վարորդների իրավունքների պաշտպանը նկատեց՝ այստեղ ևս խնդիր կա:

«Ունենք 500.000 վարորդ, տարեկան մոտավոր 5000 նոր վարորդ է մտնում երթևեկության մեջ, այսինքն, ամեն տարի 1 տոկոսով փոփոխություն է լինում: 10 տարում 10 տոկոս փոփոխություն կունենանք ու այդ տարիների ընթացքում վարորդը, ով նորմալ էր վարում, խախտումներ այնքան է տեսնում, որ ինքն էլ է սկսում ընդհանուր երթևեկության մաս դառնալ: Եթե 95 տոկոսը լիներ քննություն հանձնած օրինապաշտ վարորդ, 5 տոկոսը՝ ոչ, գոնե 4 տոկոսը կամաչեր, կսկսեր մեծամասնության նման վարքագիծ դրսևորել, իսկ հիմա հակառակն է ստացվում. կուլտուրական մտնում ես երթևեկության մեջ, դա առավելագույնը, ենթադրենք, տևում է մեկ տարի, որից հետո դու դառնում ես երթևեկության մաս ու մեծամասնության հետ նույն ձև շարժվում ես»,- ասաց Արտակ Խաչատրյանը:

Մոտ երկու տարի առաջ խստացվեցին նաև ամրագոտի չկապելու, ղեկին ծխելու, հեռախոսով խոսելու համար սահմանված տուգանքները, անգամ տուգանքի չափը բարձրացվեց՝ որպես զսպող մեխանիզմ, հետաքրքրվեցինք՝ արդյոք սա է՞լ ազդեցություն չունեցավ:

«Նայեք, հիմա, եթե մեկին տուգանում են ամրագոտի չկապելու համար՝ վրդովվում է, որովհետև ընդհանուր ու տոտալ վերահսկողություն չկա, մարդը վատ է զգում, ասում է՝ չեմ հասկանում, 10.000-ի մեջ միայն ինձ տեսա՞ն: Մարդն ասում է՝ ինչքան դժբախտ պետք է լինեմ, որ 10.000-ն առանց ամրագոտի լինի, հենց մենակ ինձ տուգանեն: Ամբողջ վրդովմունքը դրանից է գալիս: Եթե մարդը տեսնի, որ հավասար պայմաններ են, բոլորը ամրագոտի են կապում, չկապողներին տուգանում են, բնականաբար, դժգոհությունն էլ չի լինի»,- եզրափակեց Արտակ Խաչատրյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս