Միջին աշխատավարձերը մեր երկրում

Աշխատավարձը նուրբ թեմա է: Խոսք ու զրույցի ժամանակ այս թեման սովորաբար գերադասում են շրջանցել: Բոլո՛րը: Բացի վիճակագրությունից: Պաշտոնական վիճակագրությունն աշխատավարձի չափի փոփոխությունը կարևոր թեմա է համարում: Համարում ու մտցնում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների մեջ:

Բոլոր իշխանությունները սիրում են հպարտանալ աշխատավարձի աճի ցուցանիշով: Բայց վիճակագրությունն անողոքաբար աշխատավարձի աճի հետ միշտ գնաճի ցուցանիշ է հրապարակում, որպեսզի պարզ լինի, թե «աշխատավարձի աճ» ասվածը որքանով է բարեկեցության աճի ցուցանիշ:

Այն, որ մեր ներկա իշխանությունների օրոք աշխատավարձերի աճի տեմպը պետական հատվածում ավելի բարձր է լինելու, քան ոչ պետական հատվածում, պարզ դարձավ դեռ 2018-ի առաջին կիսամյակին: Դրանք հետագայում վերածվեցին «պարգևավճարների» հանրահայտ դրսևորումների, որ հասարակության մի մասի համար պետական փողերի ամենապարզ յուրացում էր:

2020թ․ մակրոտնտեսական ցուցանիշների հետ էլ հայտարարվեց, որ ոչ պետական ոլորտում աշխատավարձերի աճն այդ տարի կազմել է ուղիղ 3 տոկոս: Պետական աշխատավարձերի աճը, բնականաբար, առաջանցիկ էր՝ 5.3 տոկոս: Առաջանցիկ լինելը պարզ ու երկշերտ բացատրություն ունի: Իշխանության եկածների մի մասը «սովոր» էր արտասահմանյան գրանտային բարձր գումարներին, իսկ մյուս մասը նախկինում իր մասնագիտական որակներով աշխատանքի շուկայում բարձր չէր գնահատվել:
Բոլոր դեպքերում «նորերի» ընչաքաղցությունը հատկապես բյուջետային միջոցների նկատմամբ անթաքույց էր: Հավանաբար՝ նաև այն պատճառով, որ դա թաքցնել հնարավոր չէր: Այսքանը՝ աշխատավարձերի ընկալման տեսական հատվածի մասին:

Վերադառնանք վիճակագրությանը, որ տնտեսության ոլորտ առ ոլորտ արձանագրում է աշխատավարձերի չափը: Փաստորեն, վիճակագրությունն արձանագրում է, թե տնտեսության ո՛ր ոլորտներն են մասնագետներին առավելագույն (կամ նվազագույն) աշխատավարձեր ապահովում: Մինչև ամենաբարձր միջին աշխատավարձ ապահովող ոլորտները ներկայացնելը՝ նշենք, որ անցած տարի աշխատավարձերի աճի ամենաբարձր տեմպը գրանցվել է պետական կառավարման ոլորտում՝ 10 տոկոս (այս տարվա ապրիլին այն էլի աճել է 6.9 տոկոսով):

Աճով երկրորդը հյուրանոցների ու հանրային սննդի կազմակերպման ոլորտն է՝ 6.9 տոկոս: Այս փաստը մի կողմից՝ կարելի է բացատրել նրանով, որ անցած տարի այն ամենակրճատված ոլորտն էր՝ և աշխատողների քանակի, և աշխատավարձի չափի տեսանկյունից: Երրորդը գյուղատնտեսության ոլորտն է՝ 5.5 տոկոս: Այստեղ աշխատավարձերի բարձրացումը հավանաբար հնարավոր է եղել սննդամթերքի աննախադեպ բարձր գնաճի պատճառով: Իսկ ամենաբարձր միջին աշխատավարձն ապահովում է Տեղեկատվության ու կապի ոլորտը՝ 528 հազար 648 դրամ (անցած տարվա համեմատ՝ պակասել է 1.1 տոկոս):

Ասենք, որ այս ոլորտում առանձին ներկայացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջին աշխատավարձը՝ 679 հազար 663 դրամ:
Երկրորդ ոլորտը ֆինանսականն է: Այստեղ մարտ ամսվա միջին աշխատավարձը կազմել է 512 հազար 929 դրամ (անցած տարվա համեմատ՝ պակասել է 5.5 տոկոս):

Բարձր միջին աշխատավարձ ապահովող երրորդ ոլորտը հանքահումքային արդյունաբերությունն է, ուր միջին աշխատավարձն այս տարվա մարտին կազմել է 462 հազար 31 դրամ (աճն անցած տարվա համեմատ՝ 2.9 տոկոս):

Հիմա դիտարկենք այս տարվա ապրիլին արձանագրված ամենացածր միջին աշխատավարձ ունեցող և աշխատավարձի չափի ամենամեծ կրճատում արձանագրած ոլորտները:

Նախ՝ անցած տարվա համեմատ, այս տարի աշխատավարձերը պակասել են միայն երկու ոլորտում: Բայց երկուսն էլ առանձնահատուկ են: Անցած տարվա համեմատ՝ այս տարի 10.7 տոկոսով կրճատվել է գիտական հետազոտությունների և մշակումների ոլորտի միջին աշխատավարձը: Ապրիլին այն կազմել է 162 հազար 115 դրամ: Սա լիովին համահունչ է Գիտությունների ազդային ակադեմիայի լուծարման իշխանական ծրագրերի ու քաղաքականության հետ: Մյուս ոլորտը մշակույթն ու արվեստն է՝ 10.3 տոկոս կրճատումով: Սա ևս իշխանությունների քաղաքականության (կամ, եթե կուզեք՝ դրա բացակայության) արդյունք է: Միջին աշխատավարձի ամենացածր ծավալն արձանագրվել է կացության ու հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 99+ հազար 515 դրամ: Սրա բացատրությունը համավարակն է՝ ներքին ու արտաքին զբոսաշրջության ու հարակից ոլորտների կրճատումով:

Երկրորդ ամենացածր միջին աշխատավարձ ունեցող ոլորտը կրթությունն է՝ 126 հազար 229 դրամ: Սա ևս հստակ բացատրություն ունի: Մեր իշխանություններն անցած տարի հրապարակեցին բուհերի շենքերը վաճառելու իրենց մտադրության մասին: Քանի որ դրանք քաղաքի կենտրոնում են: Պարզ էր, որ հերթը հետո հասնելու էր քաղաքի կենտրոնի դպրոցներին: Դրանք իսկապես շատ են ու մեծ ծավալ են զբաղեցնում քաղաքի կենտրոնում: Հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ կրթության ոլորտը իշխանությունները դիտարկում էին ոչ թե հանուն ապագայի կատարվող ներդրում, այլ այսօր առքուվաճառքի օբյեկտներ:

Միայն այդպես կարելի է բացատրել մեր ուսուցիչների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընդամենը 126 հազարանոց միջին աշխատավարձի ծավալը: Ամենացածր աշխատավարձ ունեցող երրորդ ոլորտը մշակույթն ու արվեստն են: Այս ոլորտում մեր իշխանությունների կատարած ամենամեծ ներդրումը կանեփի տեսակների մշակման օրինականացումն էր, որ «Մեռնող կարապի պարը» հիշեցնող մելիզմով վերջին շնչում քննարկեց ու հաստատեց Ազգային ժողովը:

Միջին աշխատավարձի չափն ինքնին բնութագրում է իշխանությունների վերաբերմունքը մշակույթի ու արվեստի նկատմամբ՝ 127 հազար 577 դրամ:

Հիշեք այս թիվը: Հիշեք ու մի համեմատեք իշխանավորների պարգևավճարների հետ: Ուրիշի փողեր հաշվելը լավ բան չէ:

Տեսանյութեր

Լրահոս