«Շատ անգրագետ գործունեություն, ներդրումների գրեթե զրոյացում, ավերիչ քաղաքականություն». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թ. դեկտեմբերի ընտրություններին շատ խոստումներ չկային, բայց հետո կար կառավարության հետընտրական ծրագիր, որը գրեթե ամբողջությամբ չկատարվեց: Սա թույլ է տալիս ենթադրել, որ իրականում այս կառավարության իրական պլաններն ու ծրագրերն ուրիշ էին, ինչն ամենից շատ ընդգծվում է Արցախի հարցում:
«Փաստի» հետ զույցում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայել յանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք նախորդ երեք տարիների ընթացքում տնտեսական հիմնական միտումներին: Փորձագետը հիշեցրեց 2018 թ. դրական սպասելիքների ֆոնի մասին:
«Դրական հանգամանքներից էր այն, որ աշխատանքային շուկայում մասնակի ազատականացում ու շուկայի ակտիվացում եղավ: Որոշ չափով որոշ ընկերությունների գերիշխող դիրքերը նվազեցին, շատ փոքր ցուցանիշով նվազեց նաև ստվերային տնտեսությունը: Սկզբից, ամեն դեպքում, կար դրական սպասելիքների ֆոն, զգալի ակտիվացում կար ընկերությունների գրանցման տեսանկյունից: Ես նշեցի, որ կառավարության ծրագիրը կեղծ էր: Այն, ինչ իրենք ուզում են անել, չեն ասում, բայց այն տեղեկատվական աշխատանքը, որը տարվում էր, արդյունավետ էր այդ առումով: Եվ եթե բնակչությունն իմանար, ինչ է իրականում կատարվում, սպասելիքները շատ ավելի բացասական էին լինելու»,-նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է բացասական միտումներին, Հրանտ Միքայել յանի խոսքով՝ բացասական երևույթները շատ ավելին են: «Նախ՝ շատ անգրագետ գործունեություն բազմաթիվ ոլորտներում: Օրինակ՝ փակվեց էներգետիկայի նախարարությունը, և արդեն էներգետիկայի ուղղությամբ խնդիրներ ունենք: Բացի այդ, նոր պարտքեր, գյուղատնտեսության ոլորտում գրեթե ավերիչ քաղաքականություն, գյուղնախարարության փակում, բազմաթիվ ծրագրերի չեղարկում, ոռոգման ջրի պակաս, որը նաև գյուղատնտեսական ցուցանիշների նվազման հանգեցրեց: Հաջորդը՝ ներդրումների գրեթե զրոյացում, ինչը զգալի մասով պայմանավորված է ներդրողների նկատմամբ շատ բացասական վարքագծով: Չգնահատվեցին համավարակի հետևանքները: Համավարակից բխող խնդիրների պատասխանը շատ անգրագետ էր, սխալ:
Մենք ունեցանք լրջագույն մարդկային կորուստներ, տնտեսության անկում անհամեմատ ավելի շատ, քան պետք է լիներ: Մինչդեռ համավարակի հետևանքով Վրաստանում ավելի փոքր անկում եղավ: Այս ամենին հետևեց պատերազմը, իսկ հիմա մենք տեսնում ենք պատերազմի այն արդյունքները, որոնք գրանցեց այս իշխանությունը. հիմա արդեն ադրբեջանցիները Սոթքից ընդերք են հանում ու ի օգուտ իրենց են օգտագործում: Բացի նշվածներից, այս երեք տարվա ընթացքում աճել է անհավասարությունը, այդ թվում՝ եկամտահարկի համահարթեցման օրենքի պատճառով»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով տնտեսական ներկայիս իրավիճակին՝ փորձագետը նշեց, որ այն աճը, որը նկատվում է, օրինակ՝ 2021թ. ապրիլին, այնքան էլ հավաստի չէ, բայց այդ աճը պայմանավորված է տնտեսության բնական վերականգնմամբ:«Այդ իրավիճակը վերաբերում է ՀՀ տնտեսական աճին շատ ավելի երկարատև իմաստով, որովհետև տնտեսական աճի դինամիկայի վրա ազդում են համաշխարհային տնտեսության աճը և այլ գործոններ: Այդ բոլոր գործոնները կան նաև հիմա: Բայց աճի պատճառները բնական են, այսինքն, տնտեսությունն աճում է զուտ այն պատճառով, որ անկում է ունեցել, և որ համաշխարհային միտումներն են այդպիսին: Դա բնորոշ չէ միայն այս տարվան, շուկայական տնտեսություններում հիմնականում հենց այսպես է լինում»:
Փորձագետի խոսքով՝ գնաճի միտումները ևս բնական են: «Բացասական է այն երևույթը, որ այդ գնաճը չի զուգորդվում աշխատավարձերի եկամուտների աճով, ինչը հասկանալի է երկրում առկա ճգնաժամի պայմաններում: Տեղի է ունեցել պատերազմ, որի, ի դեպ, ոչ բոլոր հետևանքներն ենք դեռ կրել: Նախ՝ մեզ համար պատերազմը դեռ ավարտված չէ, քանի որ Ադրբեջանն ամեն օր առաջ է գալիս: Երկրորդ խնդիրն ավելի լայն է. այս պատերազմում մենք ունենք այնպիսի կորուստներ, որոնք 20-30 տարի անց են զգացվելու: Ինչ վերաբերում է այս փուլին, այո, մենք սոցիալական առումով խնդիրներ ունենք: Պատերազմից տուժածների գումարների վճարման խնդիր ևս կա: Բայց ես ավելի լայն՝ մարդու կյանքի արժեքի տեսանկյունից կդիտարկեի իրավիճակը: Մեզ մոտ պատշաճ չգնահատվեց համավարակը, չգնահատվեց պատերազմը, իսկ պատերազմում զոհվածների նկատմամբ վերաբերմունքը ինքներդ եք տեսնում»,-եզրափակեց Հ. Միքայելյանը»: