«Մինչև հունիսի 20-ը սրանք կամ փորձելու են արյունահեղություն սարքել և նոր փախչել, կամ անակնկալ ճողոպրելու են». Գեղամ Նազարյան

«Սա ո՛չ Նիկոլի, ո՛չ Աշոտիկի, ո՛չ էլ Աննայի ձեռագիրն է, սա Հայաստանն անդադար քայքայող, ցնցումների մեջ գցող ուժի ձեռագիրն է, որը խամաճիկի նման խաղացնում է այդ ընտանիքին, խամաճիկի նման խաղացնելով՝ արյուն, ավերածություն բերեց մեր երկիր, 5000 զոհ բերեց, պարտություն բերեց… Այդ ուժի ձեռագիրն է, որը իր մոլագար ծրագրերն իրականացնում է այս մոլագար ընտանիքի ձեռքով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ որդուն Բաքվում գտնվող հայ գերիների հետ փոխանակելու առաջարկին և Աշոտ Փաշինյանի համաձայնությանը:

Գեղամ Նազարյանը շատ լավ է ճանաչում Փաշինյանների ընտանիքին, քանի որ երկար տարիներ աշխատել է այդ ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան, պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով: Միշտ պատրաստ եմ եղել և կլինեմ:

Որոշ քաղաքական շրջանակներ շահարկելով այս թեման կարծում են, որ մեզ համար սեփական ես-ը, ընտանիքը կարմիր գծեր են հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների շրջանակում:

Էնտեղ, որտեղ կա Հայաստանի Հանրապետություն, կա հայրենիք, կա ապագա, մենք չունենք կարմիր գծեր, պատրաստ ենք կռվել, զոհվել, զոհաբերել ինքներս մեզ:

Նրանց բոցաշունչ ելույթները անշուշտ պետք է նշանակեն, որ նրանք գիտեն իրատեսական գեթ մեկ տարբերակ «գործարքը» իրականացնելու, ինչը ես ինքս երբեք չեմ իմացել հենց այդ պատճառով լռել եմ պատրաստակամությանս մասին:

Եվս մեկ անգամ ասում եմ, պատրաստ եմ, ամեն պահի:

Թող զբաղվեն, այլ դեպքում նրանց ելույթներն ու արտահայտությունները լոկ էժանագին շանտաժ են, որոնք փորձում են, բայց երբեք չեն կարող կասկածի տակ դնել մեր ազնվությունը, ամենը զոհելու մեր պատրաստակամությունը:

Վիվա Ռեվալուցիա~»:

Նիկոլ Փաշինյանը երեկ Արմավիրի մարզում հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի բանտերում գտնվող տղաները մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն նրանց ազատության՝ զիջեն երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դրան ի պատասխան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել էր` Փաշինյանը թող իր որդուն գերիների հետ փոխանակի։

Նիկոլ Փաշինյանը այսօր Ապարանում քարոզարշավի ժամանակ պատասխանելով Սերժ Սարգսյանին՝ հայտարարեց, թե պատրաստ է իր որդուն փոխանակել Բաքվում պահվող բոլոր գերիների հետ։

«…Ասում եմ և Ալիևին էլ պաշտոնապես հայտնում եմ` պատրաստ եմ որդուս տալ բոլոր գերիների դիմաց»,- հայտարարեց նա։

Աշոտ Փաշինյանը իր այս գրառումը Ֆեյսբուքում կատարեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստ է որդուն ուղարկել:

Գեղամ Նազարյանի դիտարկմամբ՝ թատրոն են խաղում:

«Թիրախավորել են կրթական ցածր խավին, որը կարող է այսպիսի հուզիչ տեսարաններով կարեկցել, խղճալ, հերոսացնել պարտության սիմվոլին, էդ կապիտուլյանտին: Իրենք իրենց գաղտնի հարցումներով արդեն գիտեն, որ Նիկոլի վարկանիշը մոտենում է 7-8 տոկոսի, և գնացին հաջորդ քայլին, որ գոնե այդ ցածր խավին մոբիլիզացնեն այդ հուզիչ բաներով: Հայաստանը թագավորություն չի, Նիկոլը միապետ չի, Աշոտիկը թագաժառանգ չի, որ ինքն առանձնահատուկ կարգավիճակ ունենա, Բաքվում դրա արժեքը զրո է: Այսինքն, նրանց համար որևէ նշանակություն չունի, որ այնտեղ Սերոբն է, Հակոբն է, թե Աշոտիկն է: Ոչ մի նշանակություն չունի, և իրենք քաջ իմանալով, որ այդ փոխանակումը չի լինի, ընդամենը փորձում են կրթական ցածր ցենզ ունեցող խավի մի մասին ընտրություններում քաշեն իրենց կողմը: Նողկանք է առաջացնում այդ քայլը, որը կազմակերպվեց այդ ընտանիքի տերերի կողմից»,- նշեց քաղաքագետը:

Հարցին, թե ովքե՞ր են տերերը, և եթե Փաշինյանի ընտանիքը ցանկություն չունենա, արդյոք նման խաղի մասնակից կլինի՞, Գեղամ Նազարյանը պատասխանեց.

«Ես չեմ ասում՝ ցանկություն չունի: Իհարկե, իրենք ցանկություն ունեն, մասնակցում են: Ուզում եմ ասել, որ այդ միտքը, մտահղացումը իրենցը չի, իրենց տերերինն է, ինչպես բոլոր մյուս մտահղացումները: Ես հենց իմ փաստերով իմանամ, թե ովքեր են իրենց տերերը, կասեմ, ես կարող եմ ենթադրել՝ կարող են լինել թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունները, Սորոս պապիկի ծառայությունները: Բայց փաստ է՝ մենք գործ ունենք մեր երկրի նկատմամբ թշնամական ուժերի հետ, ինչի վառ ապացույցն այն է, որ նոյեմբերի 10-ից հետո էս տականքը հրաժարական չի տվել: Եթե նա լիներ անհաջող, արկածախնդիր, ինքնուրույն ղեկավար, որի հետևանքով ունեցանք այդ պարտությունը, ինքը հրաժարական կտար: Բայց քանի որ չի տալիս, ուրեմն՝ ինքնուրույն մարմին չի, դետալ չի, նա խամաճիկ է: Բայց քիչ մնաց, ես կարծում եմ, որ մինչև հունիսի 20-ը սրանք կամ փորձելու են արյունահեղություն սարքել և նոր փախչել, կամ անակնկալ ճողոպրելու են: Ուրիշ տարբերակ չունեն, մանավանդ, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ 24 ժամ սպասելու է, որից հետո հրապարակելու է նյութեր»:

Տեսանյութեր

Լրահոս