Գլուխ գովելու երանելի ժամանակներ

Երանելի ժամանակներ են գլուխ գովելու համար: Հատկապես նրանց համար, ովքեր սիրում են հպարտանալ պարտությամբ: Խոսքը տնտեսական պարտությունների մասին է:

Անցած տարի մարտի վերջից երկրի տնտեսությունը հայտնվեց լոքդաունի վիճակում: Բոլոր քաղաքներում նույնիսկ ներքաղաքային տրանսպորտը չէր աշխատում: Երկրում  աշխատում էին միայն հացի գործարաններն ու արտադրամասերը: Նույնիսկ մթերային խանութներն աշխատանքի հատուկ ռեժիմ ունեին՝ հաճախորդներին բաժանել էին տարիքային խմբերի ու սպասարկման հատուկ ժամեր մտցրել: Նույնիսկ բաց շինարարական աշխատանքներն էին արգելվել:

Ու հիմա վերջապես եկավ:

Եկավ այն ժամանակը, երբ մեր համավարակային իրավիճակում աշխատող ներկա տնտեսության ցուցանիշներն իշխանությունները համեմատում են անցած տարվա լոքդաունի համարյա զրոյական ակտիվության ցուցանիշների հետ: Համեմատում ու գլուխ են գովում:

Փորձենք մեր ու, ասենք, վրաց տնտեսության թվերով «աջակցել» գլուխգովաններին: Մեր տեղական գլլուխգովաններին:

Եվ այսպես՝ իշխանությունները՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի (և տնտեսության հետ աղերս չունեցող այլ պաշտոնական դեմքերի), մի հանգի ոգևորված հայտարարում էին. այս տարվա ապրիլը 2020թ․ ապրիլի համեմատ՝ 23.2 տոկոս աճ է արձանագրել:

Վրաց պաշտոնական վիճակագրությունը հայտարարում է, որ իրենց տնտեսությունն այս ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 44.8 տոկոս աճ է արձանագրել: Բայց վրաց պաշտոնատար անձինք չեն շտապում մեր աճի տեմպը համարյա կրկնակի գերազանցող ցուցանիշն աննախադեպ հայտարարել: Նրանք պարզապես հիշեցնում են, որ այս տարվա քիչ թե շատ աշխատող տնտեսության ծավալը համեմատում են անցած տարվա չաշխատած տնտեսության տվյալների հետ (անցած տարվա տվյալներով՝ վրաց տնտեսության անկումը կազմել է 16.6 տոկոս): Բայց սա դեռ ամենը չէ:

Մեր իշխանությունները շատ են ոգևորվել, որ այս տարվա առաջին չորս ամիսների տվյալներով՝ Տնտեսական ակտիվության գործակիցն անցած տարվա համեմատ աճել է 2.6 տոկոսով: Հայտնի բան է՝ ՏԱՑ-ը միմիայն մեր տնտեսական կառավարիչների սիրելի ցուցանիշն է:

Մյուսները, որպես կանոն, մակրոտնտեսության չափման այլ միավոր ունեն՝ ՀՆԱ-ն: Վրաց պաշտոնական տվյալներով, իրենց ՀՆԱ-ն տարվա առաջին չորս ամիսների տվյալներով աճել է 8.1 տոկոսով (կարծում եմ, տարրական դասարանի աշակերտը կարող է հաշվարկել, թե 8,1-ը քանի անգամ է մեծ 2.6-ից՝ հաշվի չառնելով ՏԱՑ և ՀՆԱ տերմինների բովանդակային տարբերությունը):

Բայց անգամ աճի մեր ցուցանիշը մի քանի անգամ գերազանցող տվյալների պարագային վրաց վիճակագրությունն ընդունում է, որ այն անբավարար է և հպարտանալու առիթ չէ: Թեկուզ այն պարզ պատճառով, որ մեր հարևանները հայտարարում են, որ իրենց երկրի 21.3 տոկոսն աղքատության շեմից ցածր կենսապայմաններ ունի (Վրաստանում աղքատ է գյուղական համայնքների բնակչության 27.5 տոկոսը, քաղաքային բնակչության՝ 17.1 տոկոսը):

Անցած տարվա ընթացքում աղքատ բնակչության քանակն աճել է մոտ 2 տոկոսով: Տնտեսական այսպիսի իրավիճակում վրաց իշխանությունները, ի տարբերություն մերոնց, երկնիշ տնտեսական աճի մերկապարանոց հայտարարություններ չեն անում: Նրանք տնտեսության հնարավոր զարգացումների երեք տարբերակ են հաշվարկել: Հասկանալի է, որ այդ տարբերակներում փորձել են տնտեսության զարգացումը պատկերացնել արտաքին ու ներքին տնտեսական հնարավոր փոփոխություններին համահունչ:

Հոռետեսական գնահատված ծրագրի համաձայն՝ ենթադրվում է, որ 2021-ի տնտեսական աճը կկազմի 4.3 տոկոս: Առավել իրատեսական գնահատվող ծրագիրը «խոստանում է» 6.5 տոկոսանոց աճ:

Իսկ լավատեսական ծրագրի համաձայն՝ ենթադրվում է երկնիշ՝ 10.2 տոկոսանոց աճ:

Հայտնի է, որ միջազգային տուրիզմը մեծ կշիռ ունի վրաց տնտեսությունում: Լավատեսական՝ երկնիշ աճի հիմքում դրված է այն հաշվարկը, որ միջազգային տուրիզմն այս տարի կհասնի 2019թ․ ցուցանիշի 40-45 տոկոսին: Բայց համավարակի պարագայում շատերն են այսպիսի ցուցանիշներն անիրական համարում: Իսկ մեր իշխանությունների պարագային միայն հայտարարություններ են:

Հաշվարկներ ու վերլուծություններ չկան: Հետևաբար՝ դրանք ավելին չեն, քան գինարբուքի սեղանին ասված բաժակաճառ:

Օրինակ, կարելի է ոգևորվել, որ անցած տարվա համեմատ՝ միջին աշխատավարձն այս տարվա հունվար-ապրիլին աճել է 3.5 տոկոսով:

Բայց ոգևորությունից բան չի մնա, եթե ծանոթանաք այս տարվա սպառողական գների ինդեքսին՝ անցած տարվա համեմատ՝ 6.2 տոկոս: Եթե ծանոթանալուց հետո հոռետես եք՝ կասեք, որ գներն աշխատավարձերից համարյա 2 անգամ ավելի են աճում:

Իսկ եթե լավատես եք՝ հաշվեք ինքներդ:

Տեսանյութեր

Լրահոս