«Մեր հովիվները հենց մոտենում են պոստերին, գոռում են, թե՝ սահմանին չմոտենաք». Ներսես Շադունց
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարարի հրահանգով և իմացությամբ Սյունիքի մարզի շահեկան դիրքերը թշնամուն հանձնելու արդյունքում, տեղի բնակիչները կանգնել են անվտանգային մի շարք խնդիրների առջև։ Գյուղատնտեսական սեզոնի բացմանը զուգահեռ՝ բնակիչներն անասուններին դաշտերում արածեցնելու խնդիր ունեն, քանի որ դրանք կա՛մ գտնվում են թշնամու հսկողության տակ, կա՛մ նրանց դիրքերին շատ մոտ։ Չնայած այս վտանգներին, բնակիչները փորձում են օգտագործել այդ տարածքները։
«Եթե հիմա թշնամին սպառնում է, և եթե կարծում են, որ մեր գործն էլ վախենալն է՝ վախենանք ու անասուններին դաշտ չտանենք, ապա սրանով իրենց ահագին օգնած կլինենք։ Իրենք իրենց պոստում կանգնած են, մեր հովիվները հենց մոտենում են պոստերին, գոռում են, թե՝ սահմանին չմոտենաք։ Դե, մեր տղերքը տանում՝ կովերին արածեցնում-բերում են, չեն էլ նայում՝ այնտեղ շուն կա՞ կանգնած, թե՞ չկա։ Նման բան եղել է, կա ու լինելու է այնքան ժամանակ, մինչև այս հարցը չկարգավորվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
Ըստ նրա, եղել են դեպքեր, երբ անասուններն անցել են թշնամու հսկողության տակ գտնվող տարածք և այլևս չեն վերադարձել։
«Կոռնիձորում նման դեպք եղել է, ձիերն անցել են սահմանը, ու չենք կարողացել վերադարձնել, Արավուսի հատվածում 42 խոշոր գլուխ անասուն անցել է, մի մասը հետ են բերել, մյուսն ասել են, թե փախել են, չկա։ Խնածախում 3 ձի է անցել։ Նման դեպքեր եղել են ու լինելու են»,- հավելեց Ներսես Շադունց։
Արոտավայրերը թշնամու զբաղեցրած դիրքերից տարբեր հատվածներում ունեն տարբեր հեռավորություն, Խնածախում դիրքեր կան, որ գյուղին մոտ են, դիրքեր կան՝ հեռու են, այնպես չէ, որ բոլոր դիրքերը մի հեռավորության վրա են։
«Ժողովուրդը հարմարված՝ իրենք իրենց գործն անում են, խուճապահար չեն, ճիշտ է՝ նեղվում են նման դեպքերի ժամանակ, բայց դե խուճապ չկա, նորմալ է»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է ընդհանուր վիճակին, Ներսես Շադունց ասաց, որ այս պահին իրավիճակը նորմալ է։