«Երբ դու դիմում ես ՀԱՊԿ-ին, իսկ դու քո տարածքում քնած ես․․․ ՀԱՊԿ-ը չի գալու սահմանների ծառայություն իրականացնի, ՀԱՊԿ-ը չի գալու մեզ համար խրամատ փորի․ կարող է զորքեր ուղարկել»․ Սեյրան Օհանյան
«Մեր հանրության շրջանում և բոլորիս մոտ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվորեն արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: Այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների»,- իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ–ում այսպես արձագանքեց ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների գերեվարման միջադեպին:
Նկատենք՝ տասնհինգ օրերի ընթացքում, երբ ադրբեջանական Զինված ուժերն ազատ շրջում էին Սյունիքի և Գեղարքունիքի հայտնի հատվածներում, նախարարությունն ու պաշտոնական այլ մարմինները հերթապահ հայտարարություններով վստահեցնում էին՝ իրավիճակը վերահսկողության տակ է, բանակցություններ են ընթանում, դիտարկում են խնդրի լուծման մի քանի սցենարներ․ Սցենարներին ականատես չեղանք։
168.am-ը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են օբյեկտիվ Լիլիթ Մակունցի հայտարարությունները։
Ի պատասխան՝ նա նշեց․ «Ես չէի ցանկանա մեկնաբանել գործող քաղաքական իշխանական վերնախավից որևիցե մեկի խոսքը, որվհետև դրանք իրականում որևէ արժեք չունեն»։
Անդրադառնալով առկա անվտանգային խնդիրներին՝ նա շեշտեց, որ Պաշտպանության նախարարությունը պետք է մեկնաբանի իր թերացումները, քանի որ անհասկանալի է, երբ սահմաններում ստորաբաժանումները, զորքը շարունակ թերանում է, և ոչ ոք պատասխանատվություն չի կրում.
«Այս ամենը հետևանքն է նրա, որ այս երկար ամիսների ընթացքում հստակ որոշում չի ընդունվել, և Պաշտպանության նախարարության, Գլխավոր Շտաբի և նաև՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի գործառույթները մեր սահմաններում չեն հստակեցվել, կամ պատշաճ կերպով չեն կազմակերպվել։ Իսկ հիմնական պատճառը գիտե՛ք՝ ինչն է․ պարտությունների շարանը անընդհատ է լինելու պարտված իշխանության ժամանակ: Ընդհանրապես ժամերի խնդիր է և՛ մարտավարական օղակի զորամասերի հրամանատարների, և՛ օպերատիվ մարտավարական օղակի զորամասերի հրամանատարների համար որոշումն ընդունելը, մեկ օրվա խնդիր է դիրք կառուցելը, մի քանի օրվա խնդիր է համալրում իրականացնելը, և, ընդհանուր առմամբ, մեկ շաբաթվա խնդիր է դիրքում մինիմալ պաշտպանություն կազմակերպելը։
Հարց է առաջանում՝ վեց ամիս ի՞նչ են արել, ինչո՞վ են զբաղվել, երբ մեկ շաբաթվա խնդիր է․ չեմ ասում, որ մեկ շաբաթում ամեն ինչ պետք է լիարժեք կահավորված լիներ, բայց մեկ շաբաթը բավարար է մինիմում ծառայություն կազմակերպելու, այնուհետև վեց ամիսների ընթացքում մեր սահմանային բոլոր ինժեներական կառույցները համալրելու համար»։
Քանի որ Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի թերացումների մասին է նշվում, Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ այս պահին պետք է կառավարական ինչ-որ խումբ ստեղծվեր՝ ծառայողական քննություն անցկացնելու, իրադրությունը գնահատելու և մեղավորներին պատժելու համար։
Պաշտպանության նախկին նախարարը ցավով արձանագրեց՝ այս իշխանությունները չափազանց անփույթ են վերաբերվում իրենց պարտականությունների կատարմանը՝ նրան, ինչը վերաբերում է Հայաստանի և Արցախի տարածքների հարցերին․
«Նրանց արտահայտությունները, թե սա մի բարձունք է, և այդպիսի բարձունքներ շատ կան, ինչ-որ քանդված գյուղեր են պարզապես․ այս իշխանությունները չեն հասկանում, որ կյանքից առավել՝ ամենաթանկը հայ հողն է։
Հաջորդը՝ նրանց որոշումները մեր երկրի անվտանգությունն ապահովելու գործում ոչ ադեկվատ են։ Նրանք ավելի շատ մտահոգվում են անձնական անվտանգության մասին․ ոստիկանական զորքերն են ուռճացնում, աշխատավարձերն են բարձրացնում՝ իրենց աշխատասենյակը պահելու համար՝ փոխանակ մտածելու, որ մեր երկրի պաշտպանությունը լինի ավելի անվտանգ․ համալրեն և լրացնեն բոլոր այն ռազմավարական կետերը, բարձունքները, հանգույցները, ճանապարհները, որ հակառակորդը չկարողանա անցնել»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից ակնկալիքներին, ապա Սեյրան Օհանյանը հետևյալ դիտարկումներն արեց․
«Երբ մենք ակնկալում ենք, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ն էլ գալու է մեր սահմանները պաշտպանի, այդպես չէ․ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել, քաղաքականապես ազդել Ադրբեջանի վրա, բայց երբ դու դիմում ես ՀԱՊԿ-ին, իսկ դու քո տարածքում քնած ես․․․ ՀԱՊԿ-ը չի գալու սահմանների ծառայություն իրականացնի, ՀԱՊԿ-ը չի գալու մեզ համար խրամատ փորի․ կարող է զորքեր ուղարկել, իսկ ՀԱՊԿ-ի մեր տարածաշրջանային խմբավորումը ՌԴ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն են և 102-րդ ռազմաբազան է, որոնք մեզ հետ խնդիրներ ունեն կատարելու, բայց նրանց խնդիրները սահման պահելը կամ խրամատ փորելը չէ։ Մենք եթե մնանք քնած, քնած մարդկանց անգամ Աստված էլ չի պաշտպանում։
«Բանակում, զինվորականության մեջ մի այսպիսի սկզբունք կա՝ կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին․ ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր մարդու կամ պետության ամենակարևոր սեփականությունն արժանապատվությունն է, իսկ մեր դեպքում՝ ՀՀ արժանապատվությունը և ինքնիշխանությունը, իսկ կյանքը հայրենիքին երբևիցե պատվազուրկ մարդիկ չեն կարող տալ, պատվազուրկ մարդկանց նույնիսկ երկնային զորագլուխը՝ Ատված երբևիցե չի պաշտպանի»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։