Հայաստանը դիմե՞լ է ՆԱՏՕ-ին
Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ներխուժման ֆոնին ադրբեջանական կողմը փորձեց քարոզչական հերթական «գրոհը» նախաձեռնել հայ-ռուսական հարաբերությունների դեմ:
Օրերս Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ուղարկած փաստաթուղթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին` ներկայացնելով այն որպես հայկական կողմի դիմում՝ ուղղված ՆԱՏՕ-ին՝ խնդրանքով միջամտել հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակը հարթելու գործին: Այն որակվել էր անգամ՝ որպես «դավաճանություն Ռուսաստանին»: Սակայն նույնիսկ ադրբեջանական կողմի շրջանառած փաստաթղթում որևէ խոսք չկա ՆԱՏՕ-ին դիմելու կամ ՆԱՏՕ-ի աջակցությունն ակնկալելու մասին:
168.am-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին հարցեր ուղղեց՝ ՀՀ կառավարությունը կամ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունը որևէ ձևաչափով դիմե՞լ է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին և ՆԱՏՕ անդամ երկրների պատվիրակություններին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շրջանակում, և եթե եղել է նման դիմում-նամակ, ապա ի՞նչ բովանդակությամբ:
Աննա Նաղդալյանը հստակեցրեց, որ հայկական կողմը տեղեկացրել և պարբերական տեղեկություն է տրամադրում զարգացումների մասին իր գործընկեր երկրներին և միջազգային կազմակերպություններին, ինչպես արվում է բոլոր մայրաքաղաքներում ու միջազգային կազմակերպություններում:
Այս հարցով փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, ով չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Նշենք, որ ըստ կանոնակարգի՝ ՀԱՊԿ անդամ երկիրը չի կարող դիմել ՆԱՏՕ-ին: ՀԱՊԿ-ում մեր պարտավորություններին հակասում է անվտանգային այլ կառույցին դիմելը։