Լռության սիմֆոնիան․ կխոսի՞ արդյոք Սերժ Սարգսյանը
2018 թվականի հեղափոխության մութ կողմերը․ ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը
Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների հատումն ու արդեն երկու շաբաթից ավելի տեղակայումը Հայաստանի ինքնիշխան տարածքում հերթական անգամ ի ցույց դրեց պետության անվտանգության համակարգի բացերն ու թերությունները, եթե, իհարկե, կարելի է դրանք այդպես անվանել։ Արդեն մեկ շաբաթից ավելի է անցել, ինչ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն այդ կառույցից գործնական որևէ աջակցություն դեռ չկա։ Գրեթե լուռ է նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը սահմանափակվում է երկու կողմերին ուղղված ընդհանուր բնույթի հայտարարություններով։
Տեղի ունեցողի մեջ, իհարկե, կա նաև գործող իշխանությունների մեղքը, Նիկոլ Փաշինյանի՝ դաշնակցային հարաբերություններից հեռու վարքագիծը, չմտածված արտաքին քաղաքական վայրիվերումները և այլն։ Բայց դրանք սուբյեկտիվ գործոններ են, որոնց վերացումից հետո էլ, սակայն, Հայաստանի անվտանգային խնդիրների օբյեկտիվ մասը չի դադարելու։ Հայաստանը գործնականում միայնակ է իր անվտանգային խնդիրներով ու, լայն իմաստով, չունի դաշնակիցներ, ոչ թե՝ որովհետև դաշնակիցները վատն են կամ անբարո, այլ՝ որովհետև այդպիսին է աշխարհաքաղաքական իրերի դասավորությունը մեր տարածաշրջանում։ Ստացվել է այնպես, որ խոշոր խաղացողներից որևէ մեկի շահը գրեթե չի համընկնում Հայաստանի շահի հետ, և դա վերաբերում է նաև Ռուսաստանին, ում հայ քաղաքական միտքը շարունակում է ներկայացնել՝ որպես միակ ու անփոխարինելի փրկիչ։ Բայց պատմությունը դաժան է նաև նրանով, որ կարող է պարզվել՝ փրկիչը նաև ագրեսոր է։
Այս իրավիճակը Հայաստանի համար վտանգավոր, ընդհուպ՝ կործանարար է նրանով, որ Հայաստանում գրեթե իսպառ բացակայում է համարժեքությունն անվտանգային խնդիրների, այդ թվում՝ աշխարհի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների նկատմամբ։ Հայաստանի իշխանությունն ու քաղաքական դաշտը այս՝ գերկարևոր հարցերին վերաբերվում են անթույլատրելի մակերեսայնությամբ․ իշխանությունը հրապարակավ ամոթալիորեն քծնում է Ռուսաստանին՝ թիկունքից սեփական սատելիտների միջոցով հայհոյելով նրան, իսկ ընդդիմության մեծ մասը զբաղված է նույն քծնանքի առավել էսթետիկ փաթեթավորմամբ։
Հայաստանի քաղաքական դաշտը բաժանված է ռուսամոլների և ռուսատյացների, որոնք երկուսն էլ անթույլատրելի են ու որևէ կապ չունեն Հայաստանի շահի ու անվտանգային խնդիրների լուծման հետ։ Իսկ հայկական շահը, մեծ հավանականությամբ, այդ երկու ծայրահեղ մոտեցումների մեջտեղում է, որը քաղաքական եզրաբանությամբ կարող է կոչվել հավասարակշռված արտաքին քաղաքականություն կամ բազմակողմ դիվանագիտություն։ Բայց Հայաստանը հիմա չունի դիվանագիտություն ընդհանրապես, քանի որ հատկապես պատերազմից հետո Ռուսաստանից միագիծ կախվածությունը հասել է այն աստիճանի, որ մեր հայկական դիվանագիտությունը վերածվել է Ռուսաստանին նամակներ գրող գրասենյակի։ Ընդ որում, նամակները, որպես կանոն, լինում են անպատասխան։
Հայաստանի անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիան եղել է, բայց այսօր, առավել քան երբևէ, է՛ պետության ամենակարևոր խնդիրը, որի մասին, սակայն, քաղաքական դաշտում ավելի շատ լռում են։ Լռում են, որովհետև գրեթե բոլորի միջև կա անձայն կոնսենսուս Հայաստանի անվտանգային ամենայնը Ռուսաստանին հանձնելու ու դրա դիմաց Հայաստանում տեղապահության աթոռներ ստանալու մասին։ Դա է, մեծ հաշվով, նաև առաջիկա ընտրությունների հիմնական լեյտմոտիվը։ Այն դեպքում, երբ պետության անվտանգային խնդիրները, հատկապես անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի շեշտադրմամբ, պետք է լինեին նախընտրական և ոչ միայն նախընտրական օրակարգերի ամենակարևոր բաղադրիչը։ Բայց ավելի մոդայիկ է այդ մասին լռությունը, որովհետև բոլորը գիտեն՝ Ռուսաստանին այդ թեմայով քննարկումները կարող են դուր չգալ՝ դրանից բխող էլեկտորալ հետևանքներով։
Բոլորը գիտեն, որովհետև բոլորը նաև փորձ ունեն՝ Հայաստանի իրական շահերից արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի ըստ էության միակ փորձը պատժվել է Ռուսաստանի կողմից։
Մեծապես գնահատելով և կարևորելով Ռուսաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցությունը, այդ փորձն արել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդ որում՝ արել է երկու անգամ։ Առաջինը տեղի է ունեցել 2013 թվականին, երբ Հայաստանը նախաստորագրել էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, որը, սակայն, վերջին պահին տապալվեց, ընդ որում՝ տապալվեց ոչ միայն արտաքին անտեսանելի միջոցներով, այլ նաև ներքին խիստ տեսանելի ջանքերով, երբ այսօր ազգային շահից բարձր խոսողները տարբեր ձևաչափերով միավորվեցին՝ թույլ չտալու համար Հայաստանի ազգային շահից բխող եվրոասոցացումը։ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, իհարկե, անմիջապես չէր ենթադրելու Հայաստանի անվտանգային համակարգի կտրուկ փոխոխություն, սակայն որպես հետևանք՝ այն անխուսափելիորեն հանգեցնելու էր անվտանգային համակարգի առնվազն էական դիվերսիֆիկացիայի, ինչն ամբողջությամբ բխում էր Հայաստանի շահերից, և գուցե թե օբյեկտիվորեն ինչ-որ հարցերում հակամետ էր Ռուսաստանի շահերին։
Հիշենք նաև, որ դրանք այն ժամանակներն էին, երբ Հայաստանն ամենատարբեր ձևաչափերով ինտենսիվորեն համագործակցում էր ՆԱՏՕ-ի հետ, ինչը նույնպես դուր չէր գալիս Ռուսաստանին։ Դա, իհարկե, տեսանելի էր հատկապես այն ժամանակվա իշխանությանը, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանին, ով այդուհանդերձ՝ հասկանալով բոլոր ռիսկերը, այդ թվում՝ սեփական իշխանության համար, փորձ արեց Հայաստանի արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացիայի համար։
Փորձը, ցավոք, չհաջողվեց, և Հայաստանը, ըստ էության, ստիպված եղավ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, իսկ որպես այդ փորձի առավել խիստ պատասխան՝ ստացավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը։
Սերժ Սարգսյանը շարունակեց Հայաստանի արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ քայլերը, և 2017 թվականի նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրվեց Համապափակ և Ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը` CEPA-ն, որը, իհարկե, ավելի նվազ քաղաքական նշանակություն ուներ, քան Ասոցացման համաձայնագիրը, ադյուհանդերձ հեռանկարում կարող էր նախադրյալներ ստեղծել արտաքին քաղաքականության, այդ թվում՝ անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի համար։ Որպես դրա հետևանք՝ նաև 2018 թվականին Սերժ Սարգսյանը հեռացվեց իշխանությունից (այդ մասին նա ըստ էության ակնարկեց նաև իր վերջին հարցազրույցում), իսկ Հայաստանի հեղափոխական «ժողովրդավարական իշխանություններն» ընդհանրապես մոռացան CEPA-ի ու եվրոասոցացման մասին՝ չօգտագործելով Հայաստանի ռազմավարական շահերից բխող այդ կարևորագույն իրավական հենքը՝ փոխարենը մտնելով արտաքին քաղաքական մանր ավանտյուրաների մեջ, որի հետևանքն է նաև Ռուսաստանի ներկայիս ոչ միանշանակ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։
Հայաստանի այսօրվա նախընտրական աղմուկի մեջ գրեթե բառ չի լսվում պետության համար կենսական նշանակություն ունեցող այս խնդիրների՝ արտաքին քաղաքական ու անվտանգային համակարգերի դիվերսիֆիկացիայի մասին։ Այդուհանդերձ, ընտրություններին ոչ անձամբ, սակայն իր ղեկավարած կուսակցությամբ մասնակցում է Հայաստանի նախկին ղեկավարներից մեկը, ով առարկայական փորձ է արել այդ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ։ Կազդի՞ արդյոք դա նրա ներկայացրած նախընտրական առաջարկի վրա, թե՞ ոչ՝ դժվար է ասել, քանի որ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցում է մեկի հետ դաշինքով, ով Ռուսաստանի հանդեպ ունի նույնպիսի վերաբերմունք, ինչպիսին ունեին և ունեն Հայաստանի եվրոասոցացման՝ Սերժ Սարգսյանի փորձերի դեմ կատաղի պայքարող ուժեր, որոնք այսօր նույնպես ակտիվորեն ներգրավված են նախընտրական գործընթացներում։
Հարություն Ավետիսյան