«Կարելի է ունենալ կատարյալ օրենք, բայց անցկացնել խայտառակ ընտրություններ, և հակառակը». Գրիգոր Մուրադյան
«Միջազգային չափանիշների տեսանկյունից անգամ չնչին փոփոխություններն անթույլատրելի են, իսկ այստեղ խոսքն ընտրակարգի մասին է: Այդպիսի փոփոխություններ չեն կարող արվել առնվազն 6 ամիս կամ մեկ տարի առաջ: Եթե պարզ ասենք, խաղի կանոնները բոլորի համար պետք է կանխատեսելի լինեն, որպեսզի այդ խաղացողները մտնեն ընտրապայքարի մեջ»,- Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանը՝ անդրադառնալով «Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ նշելով, որ հենց դա արդեն որոշակի չափով ստվերում է ընտրությունների լեգիտիմությունը:
Ըստ նրա՝ ընտրությունների լեգիտիմությունը միայն պայմանավորված չէ քվեատուփերում ապօրինի լցոնումներ կատարելով, և ընտրությունների լեգիտիմությունը շատ ավելի լայն հիմքերի վրա է խարսխվում:
««Ընտրական օրենսգիրքը և ընտրակեղծիքները միմյանց հետ որևէ կապ չունեն: Իհարկե, ընտրական օրենքի որակը կարևոր նշանակություն ունի ընտրությունները պատշաճ անցկացնելու տեսանկյունից, բայց եթե խոսքը ընտրակեղծիքների մասին է, կարելի է ունենալ կատարյալ օրենք, բայց խայտառակ ընտրություններ, և հակառակը՝ կարելի է ունենալ թերի օրենք և անցկացնել պատշաճ ազատ և արդար ընտրություններ»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Նա նշեց, որ քվեարկությունն ընդամենը եզրափակում է ընտրությունները, իսկ վերջիններս կարող են կեղծվել անգամ մինչև քվեարկությունը, ուստի ընտրակեղծարարության փաստերի հետ կապված՝ ընդդիմադիրները, որովհետև իրավապահ մարմինների վրա որևէ հույս չկա, պետք է կարողանան դատարանների, միգուցե նաև ընտրական հանձնաժողովների միջոցով ներկայացնել պատշաճ բողոքներ, որով որոշակի նախադրյալներ կստեղծեն հետագայում ընտրությունների լեգիտիմությունը գնահատելու համար:
Հարցին, թե իշխանությունների կամ մերձիշխանական շրջանակների կողմից տարատեսակ մանր կուսակցությունների ստեղծումն ընտրությունների նախաշեմին ի՞նչ նպատակ ունի, քանի որ քաղաքական ուժ ստեղծելն ամեն դեպքում ֆինանսական ու մարդկային հսկայական ռեսուրսներ է պահանջում, իսկ մենք տեսնում ենք, որ մարդիկ են ստեղծել կուսակցություններ ու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել, ովքեր գրասենյակ չունեն, էլ չենք խոսում մարզային կառույցների մասին, արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալն ասաց, որ դրանք թե ընդդիմությունից ձայներ խլելու, թե բոնուսներ ստանալու, թե ընտրողներին շեղելու գործառույթ ունեն:
«Դրանք առաջին հերթին փոշիացնում են ընդդիմության որոշակի ձայներ, այսինքն՝ փորձում են պառակտել ընդդիմության էլեկտորատին և հանդես գալով իբրև թե նույնպես ընդդիմադիրներ, իշխանությունների դեմ ճամարտակող ուժ՝ կարողանում են ներազդել հանրային գիտակցության վրա: Իրական ընդդիմության թուլացման գործոնը կարող են լինել նաև այդ մանր ուժերը, որոնք շանս չունեն Ազգային ժողով անցնելու արգելապատնեշը հաղթահարելու: Իսկ եթե այդ շանսն ունենան, չզարմանաք, որ կոալիցիոն կառավարություն ստեղծեն անմիջապես: Սա էլ նաև հեռահար նպատակներից մեկն է»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Նրա խոսքով՝ եթե հնարավոր չլինի զանգվածային ընտրակեղծարարության միջոցով ապահովել հաղթանակ, ապա իբր ընդդիմադիր մի քանի ուժերի հետ ձևականորեն միավորվելով՝ հնարավոր կլինի ստեղծել այն պատրանքը, որ ընտրությունները լեգիտիմ են, և ձևավորվում է կոալիցիոն կառավարություն:
«Քարոզչությունը ընտրողի կամարտահայտության վրա ազդելու ամենագործուն միջոցն է: Որպես կանոն՝ ընտրությունների ելքը որոշվում է մինչև քվեարկության օրը: Անձը երբ մտնում է քվեախցիկ, արդեն հիմնականում կողմնորոշված է լինում: Մեր հանրությունը պետք է կարողանա զանազանել՝ իրականում հանուն ինչի է արվում որևէ քարոզչություն»,- ասաց Գրիգոր Մուրադյանը՝ անդրադառնալով արտաքին ուժերի կողմից Հայաստանի ընտրությունների վերաբերյալ քարոզչությանն ու այս կամ այն մանր կուսակցությանն աջակցելուն:
Ըստ սահմանադրագետի՝ եթե այս իրավիճակում արտասահմանյան ինչ-ինչ անձինք կամ ուժեր հակառուսական քարոզ են տանում, դժվար չէ հասկանալ՝ դա ինչի համար է արվում, և այդ օրակարգը պետք է ուղղակի միանշանակորեն մերժվի:
«Այստեղ լուրջ դեր ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), որը պետք է այդ ամենը հսկի: Թե՞ այդ մարմինն էլ է արդեն կորցրել իր գործունակությունը: Երբ կձևավորվեն նախընտրական հիմնադրամները, եթե արդեն չեն ձևավորվել, պետք է շատ արդյունավետ հսկողություն լինի, և ընդդիմությունը պետք է օրենքով թույլատրելի սահմաններում ճնշումներ գործադրի ԿԸՀ-ի հանդեպ, որպեսզի վերջինս արդյունավետ իրականացնի իր բոլոր գործառույթները: Որևէ հարցում պետք է թույլ չտան և չհանդուրժեն ընտրական հանձնաժողովների թերացումներ»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Անդրադառնալով հետընտրական պրոցեսներին՝ Գրիգոր Մուրադյանն ասաց, որ ընտրությունների արդյունքներով՝ ընդունվում է մի քանի որոշում, և դրանցից առաջինն Ազգային ժողով ընտրվելու և մանդատները բաշխելու վերաբերյալ է:
«Դա այն դեպքում է ընդունվում, երբ ըստ էության որևէ քաղաքական ուժ՝ կուսակցություն կամ դաշինք, ստանում է կողմ քվեարկած ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը, այսինքն՝ 50%-ից ավելին: Այդ դեպքում այդ ուժը ստանում է նաև հավելյալ բոնուսներ, այսինքն՝ այնքան լրացուցիչ մանդատներ, որ Խորհրդարանում ունենա կայուն մեծամասնություն՝ մանդատների ընդհանուր թվի 54%-ը: Եթե 50%-ը որևէ ուժ չի հաղթահարում, որոշում է ընդունվում մանդատների նախնական բաշխման մասին, և այստեղ, եթե չեմ սխալվում, հնարավորություն կա 6-օրյա ժամկետում կոալիցիոն համաձայնության հասնել առավելագույնն այն երկու ուժերի միջև, որոնք ստացել են առավել թվով կողմ ձայներ»,- ասաց սահմանադրագետը:
Գրիգոր Մուրադյանը հավելեց, որ կան նաև դիֆերենցված մեխանիզմներ, եթե կոալիցիոն համաձայնությունը հնարավոր չի լինում, և այդ ժամանակ տեղի է ունենում 2-րդ փուլ, որի ժամանակ նույնպես հնարավոր է ստեղծել կոալիցիաներ առավելագույն ձայներ ստացած կուսակցությունների միջև:
«Եթե դա էլ չի ստացվում, հնարավորություն չի լինում կառավարություն ձևավորել, պետք է անցկացվեն նոր ընտրություններ: Ընդ որում, այստեղ արդեն նախադրյալը ոչ միայն կոալիցիոն համաձայնությունն է, այլև վարչապետի միասնական թեկնածու առաջադրելը: Եթե այս պահանջները չեն բավարարվում, ապա պետք է տեղի ունենան նոր ընտրություններ»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Սահմանադրական դատարանի նախկին խորհրդականը նշեց, որ հասարակությունն այս անգամ պետք է ընտրություն կատարելիս շատ զգույշ լինի ու չափազանց խոհեմ, որովհետև սա իսկապես ճակատագրական փուլ է:
«Սրանք պարզապես ընտրություններ չեն: Սա Հայաստանի հետագա ճակատագրի կերտման առանցքային արարն է, ուստի պետք է շատ զգույշ լինել, որ գոնե հիմա, այս ընտրություններում, անգամ, եթե նախապատվություն ունեն որևէ փոքր ուժի, բայց գիտեն, որ նա անցողիկ արգելապատնեշը չի հաղթահարելու, իրենց ձայնը չպետք է փոշիացնեն: Հետագայում, երբ Հայաստանի պետականությունը նորից կդառնա կենսունակ, և կվերականգնվի սահմանադրական կարգը, քաղաքացիները կարող են հաջորդ ընտրություններում՝ արտահերթ կամ հերթական, իրենց ձայնը տալ իրենց նախընտրած ցանկացած ուժի»,- ասաց Գրիգոր Մուրադյանը: