«Հանրապետականները նաև ասում էին, որ թթվածին է պարունակում իր մեջ օդը, հիմա ինչը նրանք են ասել, պե՞տք է դա հերքենք». ՔՊ ներկայացուցիչը՝ նախընտրական ցուցակում գործարարների ներգրավվածության մասին
Այսօր քաղաքական ուժերի՝ արտահերթ ընտրությունների ընտրացուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակները ԿԸՀ ներկայացնելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրենց ցուցակը բաղկացած է 157 թեկնածուից և 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածուից, որը կհրապարակվի ավելի ուշ՝ ՔՊ կայքէջում:
«Մի քանի գործիչներ, որոնք գործադիրում են, նրանք չկան ցուցակում… Քննարկումներ եղել են, ամենատարբեր քննարկումներն են եղել: Պիտի ասեմ, որ նախ՝ ցուցակը բավականին ներառական է, ներառված են թե՛ գործադիրից, թե՛ Ազգային ժողովից…»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:
ՔՊ ցուցակում ներառված են նաև գործարարներ, ինչպիսիք են, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք գործարարների ներգրավվածությունը ՔՊ ցուցակում վերջիններիս որդեգրած սկզբունքներին դեմ չէ, նա արձագանքեց.
«Տեսեք, գործարարների՝ ցուցակում ընդգրկվածությունը. օրինակ, ՀՀ-ում գործարարների քաղաքականության մեջ ներգրավվածության ամենաշատը դեմ խոսող քաղաքական ուժը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, օրինակ, անցած ընտրություններին իր ցուցակում ևս ուներ գործարարներ: Այստեղ խնդիրը հետևյալն է, որ այն գործարարը, ով որ ընտրվում է ԱԺ պատգամավոր, ընտրվելուց և մանդատը ստանձնելուց հետո այլևս պիտի չզբաղվի գործարարությամբ»:
Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ-ում ասում էին, որ Սամվել Ալեքսանյանը գործարար չէ՝ նա պատասխանեց, որ ՀՀԿ-ին օրինակ բերելը «թույլ արգումենտ» է:
«Հանրապետականները նաև ասում էին, որ թթվածին է պարունակում իր մեջ օդը, հիմա ինչը նրանք են ասել, պե՞տք է դա հերքենք… Դա արդարացում չի, տեսեք, դա ընդհանրապես արդարացում չի: Եթե մեկն ասել է մի բան ու արել է հակառակը, դա չի նշանակում, որ ցանկացած ուրիշը, ով ասում է նույն բանը, պիտի անի հակառակը: Կներեք, այդ արգումենտը շատ թույլ արգումենտ է, որ Հանրապետականը ևս այսինչ բանը ասում է: Մենք գիտենք՝ Հանրապետականն ինչ է ասում և ինչ է անում»,- ասաց նա:
Երբ լրագրողները Վահագն Ալեքսանյանին հիշեցրին 2018թ․ Աբովյանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե գործարարները մեկ նպատակով են գնում խորհրդարան, որպեսզի ձայներ ապահովեն այդ կուսակցության համար, Ալեքսանյանը բացառեց տարբերակը, թե իրենք ձայներ ստանալու համար են գործարարներ ներգրավվել:
«Ոչ, մենք բոլոր այն գործիչներին, ում մենք ընդգրկել ենք մեր նախընտրական ցուցակում, մենք վստահություն ունենք, որ այդ գործիչները պետք է որոշակի ներգրավում ունենան պետական կառավարման գործում և պետք է իրենց չափով որոշակի պատասխանատվություն ստանձնեն Հայաստանի համար այս ծանր շրջանում»,- ասաց ՔՊ ներկայացուցիչը՝ չպատասխանելով հարցին՝ արդյո՞ք գործարար Խաչատուր Սուքիասյանը ՔՊ-ի փոխվարչապետի թեկնածուն է, թե՞ ոչ:
Մեկ այլ հարցի, թե արդյոք մտավախություն չունե՞ն, որ ՔՊ-ն նույն վախճանը կունենա, ինչ ՀՀԿ-ն, որովհետև ընդդիմախոսները նշում են, որ ինչ ժամանակին անում էր ՀՀԿ-ն, այսօր անում է ՔՊ-ն, Ալեքսանյանը պատասխանեց, թե նման կերպ կարելի է ցանկացած բանի վրա օրինակ բերել:
«Այսպես կարելի է ցանկացած մի բանի վրա օրինակ բերել և ասել՝ «Հանրապետական կուսակցությունը քայլում էր գետնի վայով, չե՞ք կարծում, որ, եթե դուք էլ քայլեք գետնի վրայով, կարժանանաք նույն վախճանին: Չէ, իրականում, Ձեր հարցը․․․ իրականում, ես չեմ պատկերացնում այնպիսի մի քաղաքական ուժ Հայաստանում, որի ընտրական ցուցակում երբևէ չլինեն գործարարներ… Ես կարծում եմ, որ շատ հաճախ, համաշխարհային պատմության մեջ նաև, գործարարները հաճախ գնում են քաղաքականություն: Բայց ՀՀ-ի օրենքներն ու Սահմանադրությունը դնում են որոշակի սահմանափակումներ: Այստեղ արդեն խնդիրը հետևյալն է՝ արդյոք մանդատը ստանձնելուց հետո տվյալ գործարարն այդ օրենքի պահանջներին կենթարկվի՞, թե՞ չի ենթարկվի… Ես նորից եմ ասում՝ ես անհնարին եմ համարում, որ մեր ցուցակով ընտրված ցանկացած գործարար շարունակի զբաղվել բիզնեսով պատգամավոր դառնալուց հետո: Կարծում եմ՝ այսքանով այս հարցը կարելի է փակված համարել»,- ասաց ՔՊ ներկայացուցիչը: