 
                        ԱԻՆ-ում հյուրընկալվել են Լեհաստանից ժամանած լեհ և հայ բարեգործներ
 
                                    Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուընկալվել են Լեհաստանից ժամանած լեհ և հայ բարեգործներ, որոնց ջանքերով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ծավալուն մարդասիրական օգնություն էր ցուցաբերվել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի Հանրապետության բնակչությանը:
Իսկ պատվիրակության ղեկավար, Լեհաստանում հրշեջ տեխնիկայի, ավտոմեքենաների և քաղպաշտպանության ոլորտի գույքի արտադրությամբ զբաղվող «Շիբիցկի» ընկերության սեփականատեր Վալդեմար Շիբիցկին ԱԻ նախարարությանն անհատույց տրամադրել է մեծաքանակ գույք-սարքավորումներ:
ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն ընդունելով հյուրերին՝ իր երախտագիտությունն է հայտնել ցուցաբերած աջակցության համար և վստահեցրել, որ բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը շարունակական կլինեն:
«Ես առաջին անգամ եմ գտնվում այս հրաշալի երկրում և կարծում եմ, որ փոխհամագործակցելու, միմյանց օգնելու հնարավորություններ շատ կան: Այսօրվա հանդիպման շրջանակում կքննարկենք այդ հեռանկարները: Առաջիկայում նախատեսում ենք Հայաստան ուղարկել նոր հրշեջ տեխնիկա»,-նշել է Վալդեմար Շիբիցկին:
Հանդիպման ավարտին Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների բնագավառում ցուցաբերած աջակցության համար Վալդեմար Շիբիցկին, Սերգեյ Նացևսկին, Վարուժան Մարտիրոսյանը և Վաղարշակ Ամիրխանյանը ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով, իսկ ՓԾ տնօրենի կողմից՝ պատվոգրերով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        