Հայկական կողմը թույլ է տալիս այնպիսի բանակցային պրոցեսի մեկնարկ, որում կասկածի տակ է դրվում ՀՀ սուվերեն ամբողջականությունը․ Սահմանադրագետ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ հայտարարությանն անդրադառնալով՝ սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը չորրորդ անգամ է պատրաստվում միանձնյա ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի միջազգային պայմանագրի կարգավիճակ ունեցող փաստաթուղթ, և ակնհայտ է, որ հերթական անգամ Սահմանադրական կարգ է տապալվելու։

168.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց․ «Մեր Սահմանադրությունը ռազմական կամ քաղաքական բնույթի միջազգային պայմանագրերի վավերացման ներպետական գործընթաց է սահմանում՝ այսինքն՝ նոյեմբեր 9-ի, դեկտեմբերի 18-ի, հունվարի 11-ի փաստաթղթերը երեք դեպքում էլ պետք է ներկայացվեին Սահմանադրական դատարանի դրական եզրակացությանն ու այնուհետև, դրական եզրակացություն ստանալու պարագայում՝ վավերացվեին ԱԺ-ի կողմից։ Դրանք զսպող, հակակշռող մեխանիզմներ են, և պատահական չէ Սահմանադիրը նախատեսել․ դրանք միտում ունեն կանխելու մեկ պաշտոնատար անձի կողմից պետության և պետականության պարանոցին նմանաբնույթ լրջագույն հետևանքներով լրջագույն փաստաթղթեր փաթաթելը»։

Սահմանադրագետը շեշտեց՝ այս անգամ խնդիրը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կողմից փաստաթղթի միանձնյա ստորագրումն է, այլև հանգամանքը, որ «նա և իր կառավարությունն իրավունք չունեն նմանաբնույթ բանակցություններ վարել և այսպիսի փաստաթուղթ ստորագրել, որովհետև այս պահի դրությամբ նրանք հրաժարական ներկայացրած վարչապետ և կառավարություն են»։

Մասնագետի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից որպես պաշտոնակատար հանդես գալն առհասարակ խնդրահարույց է, այդուհանդերձ նշեց․

«Իրենք՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, պարտավոր են կատարելու բացառապես կառավարության բնականոն գործունեությունն ապահվող գործառույթներ․ այսինքն՝ չունեն ժողովրդի մանդատը նման վճռորոշ փաստաթղթի շուրջ բանակցելու և այդպիսի փաստաթուղթ ստորագրելու։ Իրենց իսկ կողմից արտահերթ ընտրություն անցկացնելու փաստը ենթադրում է, որ իրենք ևս ընդունել են, որ չունեն հանրային աջակցություն»։

Խոսելով փաստաթղթի բովանդակության, դրանից բխող զարգացումների մասին՝ Գ. Մելոյանը շեշտեց․ «Բացի այն, որ սա հակասահմանադրական փաստաթուղթ է, սա նաև հակահայկական բնույթի փաստաթուղթ է։

Պատերազմից անցել է շուրջ վեց ամիս,  և արձանագրված է, որ գործող, իշխող ուժը վեց ամիսների ընթացքում սահմանային շինարարական աշխատանքներ չի իրականացրել, որոնցով կամրացվեին մեր՝ հայկական կողմի զինված միավորումների դիրքերը, և ունենք փաստացի իրավիճակ, որ թշնամական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և մի քանի կիլոմետր շառավղով խորացել մեր տարածքի մեջ։ Բնական է՝ այս պայմաններում բանակցությունների վարումը բացառապես ի վնաս հայկական կողմի է կիրառվելու, որովհետև Ադրբեջանը խոսելու է ագրեսիայի տեսանկյունից։

Հաջորդը՝ մենք դեռ ունենք ռազմագերիներ, և բնական է, որ ռազմագերիների առկայության փաստը բանակցային գործընթաց վարելիս անընդմեջ շահարկվելու է ադրբեջանական կողմից,  և դելիմիտացիա անցկացնելու ընթացքում վիճահարույց տարածքի դեպքում իրենք շանտաժի մեթոդի են  դիմելու»։

Մեր զրուցակիցը համոզված է, որ հետպատերազմյան իրավիճակում, երբ գործող ուժի ձեռամբ առկա է ներպետական ճգնաժամային իրավիճակ,  նման վճռորոշ բանակցային գործընթացի մեկնարկումը ճակատագրական է լինելու պետականության և ազգի համար։

«Այս անգամ ոչ թե Արցախի Հանրապետության մասին է խոսքը, որի կարգավիճակը հստակեցված չէ, այլ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մասին։ Ադրբեջանական կողմը նկրտումներ է ներկայացրել ՀՀ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ, և այս պայմաններում՝ հայկական կողմը թույլ է տալիս այնպիսի բանակցային պրոցեսի մեկնարկ, որում կասկածի տակ է դրվում ՀՀ սուվերեն ամբողջականությունը, և մենք թույլ ենք տալիս վեճի առարկա դարձնել մեր հստակ իրավական ձևակերպում ստացած սահմանները»,- եզրափակեց  Գոհար Մելոյանը։

Տեսանյութեր

Լրահոս