Եթե երկկողմ, եռակողմ ստորագրվող փաստաթուղթ է, արդեն ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, և պետք է անցնի երկու մարմիններով՝ ՍԴ և ԱԺ․ Լարիսա Ալավերդյան

«Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ հայտարարությունն այսօր քաղաքական ու հասարակական քննարկումների ծիրում է։ Միքայել Մինասյանի հրապարակումից դրդված՝ այս փաստաթղթին ստիպված էր անդրադառնալ նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, նա ամենևին չհերքեց դրա առկայությունը։

«Եվ ասեմ, որ այն լուծումները, նախնական համաձայնությունները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին։ Եվ այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- նշեց Ն․ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում։

168.am իրավապաշտպան, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, որի պաշտոնավարումն առանց այն էլ մասնագիտական շրջանակները որակում են ոչ լեգիտիմ, իրավունք ունի՞ ՀՀ պետականության համար նման վճռորոշ փաստաթուղթ ստորագրել, ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանը շեշտեց․

«Եթե օրինական լիներ իր ժամանակավոր կարգավիճակը, դա չի արգելում, բայց քանի որ ինքը զավթել է այդ պաշտոնը, իր բոլոր պայմանավորվածությունները դարձնում է վերին աստիճանի կասկածելի։ Այստեղ ամենացավոտ կողմն այն է, որ այդպիսի կեցվածքի հետ համաձայն է Ռուսաստանը․ այն, որ Ադրբեջանը համաձայն է, մենք կասկած չունենք»։

Իրավապաշտպանը նշեց, որ անգամ նոյեմբերի 9-ի ստորագրությունն ունի լեգիտիմության խնդիր, թե ինչու՝ մանրամասնեց․ «Որովհետև ի՞նչ իրավունքով է ՀՀ վարչապետը ստորագրում փաստաթուղթ, որը վերաբերում է իրեն չպատկանող՝ Արցախի Հանրապետության հողերին։ Այժմ նույնն ինքն անում է Հայաստանի վերաբերյալ՝ լինելով այդ իշխանությունը զավթած, այլ ոչ թե օրինական պաշտոնակատար»։

Ի դեպ, ըստ Լ․ Ալավերդյանի՝ լեգիտիմության խնդիրը միայն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման հետ չէ, կա նաև նման փաստաթղթերի ստորագրման ընթացակարգ․

«Եթե դա եռակողմ, անգամ երկկողմ ստորագրվող փաստաթուղթ է, այն արդեն ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, և պետք է անպայման անցնի երկու մարմիններով՝ Սահմանադրական դատարան և Ազգային ժողով։ Նա երկրորդ անգամ՝ ինչպեսև նոյեմբերի 9-ի, այսպես կոչված, եռակողմ հայտարարության դեպքում, շրջանցում է միջազգային օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության Ազգային օրենսդրությամբ նախատեսված գործառույթները:

Եվ առհասարակ, ցանկացած փաստաթուղթ, որը, չգիտես ինչու՝ այդ անձն անվանում է թուղթ, եթե վերաբերում է ՀՀ տարածքներին, անպայման պետք է ստանա ժողովրդի համաձայնությունը․ այն է՝ անցկացնի հանրաքվե։ Առանց հանրաքվեի՝ այդ ստորագրությունն ամբողջովին առոչինչ է»։

Տեսանյութեր

Լրահոս