Այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, բայց պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղի՞ց են նրանք ստանում. Փաշինյան
Այսօր Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկ հրապարակած այն փաստաթղթին, որը, ինչպես նշել էր վերջինս, պատրաստվում են ստորագրել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը:
«Շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ: Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 %-ը ծածկված ա, այսինքն՝ սևով փակած ա, և դա ներկայացվում ա՝ որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Պատկերցնո՞ւմ եք: Պատկերացրեք՝ էս թուղթը հրապարակենք, ամբողջ բովանդակությունը ծածկված ա, ասենք՝ տեսեք՝ ինչ ապացույց ունենք, որ հերթական հակահայ փաստաթուղթն է ստորագրվում: Բա եթե էդպես է, ընդհակառակը՝ դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ ընդհակառակը, պետք է բացվեն, ներկայացվեն հանրությանը, չէ՞, ինչի՞ եք թաքցնում բա: Եվ սա, իհարկե, էլի ասում եմ, որ այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել, ես չգիտեմ՝ դե յուրե ի՞նչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականն այդ է և այլ կերպ լինել չի կարող:
Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղի՞ց են նրանք ստանում, ես ինչքան վերլուծում եմ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, դա Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, ինչքան վերլուծում եմ, ես հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից: Ես ասեմ, որ այն լուծումները, որոնք, այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 %-ով համապատասխանում են Հայաստանի շահերին, 100 %-ով, ոչ թե 99.9, և այո, եթե Ադրբեջանը էդ պայմանավորվածություններն իրագործի, և էն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն արձագանքել է Փաշինյանի նկատառմանը, թե տեքստը փակված է:
«Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը, վիժվա՛ծք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանը և ընդգծել, որ եթե ինքն այդ փաստաթուղթը չհրապարակեր, ապա հանրությունը դրա մասին կիմանար միայն ստորագրումից հետո: