Ֆրանսիա-Իրան-Միացյալ Նահանգնե՞ր, թե՞ Ռուսաստան. ո՞վ է լուծելու Սյունիքի հարցը
Սյունիքում ստեղծված սահմանային իրավիճակը շարունակում է լրջորեն անհանգստացնել Հայաստանի արևմտյան գործընկերներին: ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների ներխուժումից կարճ ժամանակ անց եղան հստակ հայտարարություններ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահ երկրներից, ինչպես նաև Իրանից, ինչը, սակայն, ռուսական կողմը որակում է անհարկի կրքերի բորբոքում:
Օրերս ԱՄՆ-ը կոչ էր արել Բաքվին «անհապաղ դուրս բերել զորքերը և հրաժարվել սադրանքներից», սակայն կիրառել էր «վիճելի տարածքներ» որակումը, ինչն ավելի ուշ փորձել էր ինչ-որ կերպ «հարթել»: Սակայն Պետդեպի պահանջն Ադրբեջանին հստակ էր՝ անմիջապես դուրս բերել բոլոր զորքերը և հրաժարվել հետագա սադրանքներից։
Սրան հաջորդեցին նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի զանգերը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին:
Վերջիններիս հետ հեռախոսազրույցներում նա մտահոգություն էր հայտնել երկու երկրների միջև վերջին օրերի լարվածության առնչությամբ: Սա կարելի է բացառիկ իրադարձություն որակել ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային քաղաքականության կոնտեքստում:
Նա ընդգծել էր, որ «ռազմական տեղաշարժերը չսահմանագծված սահմանների մոտ անպատասխանատու են և սադրիչ», ինչը դիվանագիտական բավականին հստակ ու սթափեցնող բառապաշար կարելի է որակել:
Հաղորդագրության համաձայն, Սալիվանը հավաստել է Միացյալ Նահանգների նվիրվածությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը և բարգավաճմանը: ԱՄՆ նախագահի խորհրդականը ողջունել է կողմերի միջև շարունակվող հաղորդակցությունը և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու՝ երկու առաջնորդների հանձնառությունը, նշված է հաղորդագրությունում:
«Ի հավելումն՝ նա ընդգծեց իրենց միջազգային սահմանը սահմանագծելու հարցով երկու երկրների ֆորմալ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Ֆրանսիայի նախագահ էմմանուել Մակրոնը ներխուժման հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հեռախոսազրույցից հետո նա ևս հստակ կոչ էր ուղղել Ադրբեջանին, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք և պետք է անհապաղ հետ քաշվեն:
Ֆրանսիան նաև առաջարկներով էր հանդես եկել՝ հարցը քննարկել ՄԱԿ ԱԽ-ում կամ ՀՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերել:
Ռուսաստանն իր մեկնաբանություններում բավականին զուսպ է, թեև մայիսի 12-ից հետո հայ-ռուսական բարձրաստիճան շփումներ են եղել՝ ինչպես Փաշինյան-Պուտին, այնպես էլ՝ Այվազյան-Լավրով և Հարությունյան-Շոյգու մակարդակներում: Սակայն Հայաստանը չի դիմել Ռուսաստանին օգնության խնդրանքով, այլ ՀԱՊԿ-ին, դատելով պաշտոնական բոլոր հաղորդագրությունների ուսումնասիրությունից: Փաշինյանն արդեն մի քանի օր է՝ ինչ զանգահարում է ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների ղեկավարներին:
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է.
«Ադրբեջանական կողմն այդ միջադեպից հետո հայտարարություն է արել՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ, և, որ ամենակարևորն է, սահմանի բացակայությամբ, որը կսահմանազատվի և կսահմանագծվի: Այնտեղ ոչ ոք երբևէ դրանով չի զբաղվել։ Մենք կողմերին առաջարկել ենք, որ նրանք նման աշխատանքի անցնեն։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց՝ և քարտեզագրական նյութ տրամադրելով, և խորհրդատվական ծառայություններ մատուցելով»։ Լավրովը նաև հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շուրջ կրքեր բորբոքելու ոչ մի պատճառ չկա։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ոչ մի կրակոց չի արձակվել, ոչ մի բախում այնտեղ չի եղել»։ «Նստեցին, հանգիստ սկսեցին պայմանավորվել, թե ինչպես լիցքաթափել այդ իրավիճակը։ Մեզ խնդրել են աջակցել, մեր զինվորականներն այդպիսի աջակցություն են ցուցաբերել, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այդ ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում հույզերը բորբոքելու ոչ մի պատճառ չեմ տեսնում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Յուրի Ռուդենկոն հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում Իրանի և Ֆրանսիայի դեսպանների հետ, որոնց հետ ևս քննարկել է իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում և Սյունիքում:
Այսօր կեսօրին ՌԴ ԱԳՆ-ն իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Ռուսաստանը, որպես հայ-ադրբեջանական լարվածության թուլացման երկարաժամկետ լուծում՝ առաջարկում է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթաց: «Հաստատում ենք հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը: Ելնում ենք նրանից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես միջադեպի լուծում՝ տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- ասված է մեկնաբանության մեջ: Հատկանշական է, որ ՌԴ-ն խիստ հավասարակշռություն է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ չնշելով, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք:
Իրանից ևս այս օրերին հնչել են ուշագրավ հայտարարություններ, որոնցից էականն Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ դոկտոր Մոջթաբա Զոլնուրիի մեկնաբանությունն էր, ինչը կրքեր է բորբոքել Ադրբեջանում՝ որակվելով դավաճանական հարված:
Զոլնուրին ասել էր. «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մինչդեռ մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»:
Նույն օրը Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել էր Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին ու ընդգծել․ «Երևանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին»: Ըստ հայկական կողմի հաղորդագրության` իրանցի նախարարը վերահաստատել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Սահմանային այս լարվածության ֆոնին կողմերը քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջանցքի» ծրագիրը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ կիրակի օրն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի կողմից բանակցություններից հետո տարածված գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարները խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցության մասին և շեշտել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց՝ այն, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի, հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, միանշանակ է: Սակայն, ըստ նրա, Ռուսաստանի ավելի զուսպ դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի բազմաթիվ լոկալ հարցեր կարգավորվեն տեղում, կամ, եթե նույնիսկ դա հնարավոր չէ, ասվում է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել: Սա, նրա դիտարկումների համաձայն, ասվում է՝ հեռանկարում ունենալով այն միտքը, որ սպասվում է սահմանազատման գործընթաց, որը բարդ է լինելու, և այդ ողջ աշխատանքը պետք է իրականացվի տեղում:
«Ռուսաստանը լայնածավալ պատերազմի վտանգ չի տեսնում, դրանից է ելնում նաև: Իսկ Արևմուտքը և Իրանն առաջնորդվում են նրանից, որ չեն կարողանում վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ստեղծված այս միջադեպը հնարավորություն է սեփական շահերն առաջ մղելու, տարածաշրջանում նախաձեռնողականություն, ազդեցության լծակներ ստանձնելու համար: Սա է կատարվում, որը գլոբալ զարգացումների կոնտեքստում լիովին տեղավորվում է: Խոսքը, մասնավորապես, Իրան-Արևմուտք Միջուկային ծրագրի բանակցությունների մասին է, Իրանը Թրամփի վարչակազմից հետո նոր էջ է սկսում Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, սակայն դա կարող է ընդհատվել Իրանի ընտրություններով:
Տեսնում ենք, որ Ֆրանսիան միանգամից մի քանի ծանրակշիռ առաջարկներով է հանդես գալիս, այսինքն՝ այս եռյակի համար սա չափազանց կարևոր հարցի է վերածվել, կա քաղաքականության, աշխարհագրության հարց: Կրկին էականորեն տարբեր մտեցումներ ունեն Ռուսաստանը և Արևմուտքը, ինչպես միշտ, այս դեպքում միացել է Իրանը, որն ունի խնդիրներ Ադրբեջանի հետ, ինչպեսև՝ նոր հեռանկարներ Արևմուտքի հետ, ու այստեղ Հայաստանը նրանց համար կարող է կարևոր գործընկեր դիտարկվել: Իրավիճակը հանգուցալուծման կարիք ունի, թե ինչպես կլուծվի՝ դժվարանում եմ ասել, բայց աշխարհաքաղաքական մեծ լարում կա այս գոտում, լայնածավալ պատերազմի վտանգ չեմ տեսնում, դա թույլ չի տրվի, դա ակնհայտ է»,- ասաց նա:
Նրա կարծիքով, Արևմուտքի պասիվությունը պատերազմի ընթացքում բթացրել էր նաև ՌԴ-ի՝ իրավիճակին այլ կերպ արձագանքելու և իրավիճակը լիովին վերահսկելու իր մարտավարությունը:
«Ըստ իս՝ հիմա կակտիվանա ՌԴ-ն, եթե կողմերը դա ցանկանան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինուժն առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա, արդեն մի քանի օր է՝ բանակցություններ են տեղի ունենում, սակայն ըստ էության իրավիճակը տեղում չի փոխվում՝ Ադրբեջանի ԶՈՒ-ը չեն վերադառնում ելման դիրքեր: