«Ուզում ենք հաղթել մեր զինվորների, մեր եղբայրների համար. ես էլ մյուսների պես շատ ընկերներ-եղբայրներ եմ կորցրել այդ 44 օրերին…»
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն ամբողջական տեսք է ստացել Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: 32-րդ առամային Խաղերում Հայաստանը կներկայացնեն 4 ըմբիշ: Նրանցից մեկը 60 կգ քաշային Արմեն Մելիքյանն է:
Մելիքյանը միայն վերջերս ձեռք բերեց Տոկիոյի խաղերի քվոտա` Սոֆիայում կայացած համաշխարհային վարկանիշային մրցաշարում: Նա ծնվել է 1996 թվականին Էջմիածին քաղաքում: 25-ամյա ըմբիշն առաջին անգամ կմասնակցի Խաղերին: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020»-ի այս շաբաթվա հերոսն Արմեն Մելիքյանն է: Նա մասնակցել է նաև Մինսկի երկրորդ Եվրոպական խաղերին, սակայն մեդալ չի նվաճել:
-Արմեն, պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել ըմբշամարտով:
-Եղբայրս էր, որ ինձնից առաջ հետաքրքրված էր ըմբշամարտով: Նա էր, որ ինձնից առաջ մտել է ըմբշամարտի դահլիճ: 11 տարեկանից եմ սկսվել մարզվել առավել պրոֆեսիոնալ ձևով: 17 տարեկանում Եվրոպայի պատանիների չեմպիոնն էի: Սակայն մինչ այդ բազմաթիվ դժվար փուլերի միջով եմ անցել: Վնասվածք ունեի, որ շատ էր զգացնել տալիս, ինչպես նաև ընտանեկան դժվարություններ կային:
-Ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Նպատակս մեկն է` ոսկե մեդալի համար պայքարելը: Գիտեմ, հեշտ չի լինելու, քանի որ Օլիմպիական խաղերը ոչ Եվրոպայի առաջնություն են, ոչ էլ աշխարհի: Բայց այն կարծիքին եմ, որ ամեն ինչի համար պետք է պայքարենք և դա վերաբերում է նաև Օլիմպիական խաղերում օլիմպիական ոսկուն:
-Ի՞նչ կարծիք ունեք ձեր քաշային կարգում ֆավորիտ համարվող մարզիկների մասին:
-Բոլորն իրենց հերթին նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին, լուրջ մարզումներ անցկացնում: Այդ 16 ըմբիշներից և ոչ մեկ թույլ չէ: Ասում են, որ Օլիմպիական խաղերում թույլ մարզիկներ չեն լինում: Բոլորն էլ ունակ կլինեն պայքարելու այդ բաղձալի ոսկու համար: Միայն այդ պահին պետք է առավել լավ պայքարես` նրանցից ավելի լավը լինելու համար: Երկուսս էլ հավասար հնարավորություններով ենք գորգ մտնում:
-Ի՞նչ դեր ունի այդ պահին հոգեբանորեն պատրաստ լինելը:
-Այո, հոգեբանությունը կարևոր է, եթե ինքդ քեզ չես կարողանում գորգի վրա վերահսկես, տրամադրես, ապա մյուս բաներն իզուր են: Բայց նաև այն կարծիքին եմ, որ ամեն ինչի կարող ես հասցնել ինքդ քեզ:
-Արմեն, Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում: Արդյոք այս հանգամանքը ձեզ կօգնի առավել շատ մոտիվացվել` երկրին հաղթանակ պարգևելու համար:
-Այո, հատկապես հիմա, հատկապես պատերազմից հետո, ավելի շատ ենք ուզում հաղթել: Հիմա մեզ հաղթանակներ շատ են պետք: Ուզում ենք հաղթել մեր զինվորների, մեր եղբայրների համար: Ես էլ մյուսների պես շատ ընկերներ-եղբայրներ եմ կորցրել այդ 44 օրերին: Հենց այդ հանգամանքն է ստիպում, որ ամեն կերպ առաջինը լինես:
-Մի քանի բլից հարցեր: Լեռներ, թե ծով:
-Լեռներ:
-Թոմը, թե Ջերին:
– Ջերին:
– Գիրք, թե ֆիլմ:
-Ֆիլմ:
-Պիցցա, թե պաղպաղակ:
-Պիցցա:
-Սուրճ, թե թեյ:
-Թեյ:
-Դոլմա, թե խորոված:
-Դոլմա:
-Նարդի, թե շախմատ:
-Նարդի:
-Շնորհակալ եմ, զրույցի համար, հուսով եմ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 66 օր: