«Մեզ դրեցին մի երկրի տեղ, որը չի հարգում միջազգային իրավունքի նորմերը, և արդյունքում ոչինչ չունեցանք»
Եվրոպական միությունը ֆինանսավորման նոր համաձայնագրով ՀՀ-ին 3 միլիոն եվրո գումար կտրամադրի, որով Հայաստանը պետք է կազմակերպի հայկական կոնյակի համար «կոնյակ» անվանման կիրառության դադարեցումը, մշակի հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդի ու խթանի դրա կիրառությունն ու տարածումը, ինչպես նաև կազմակերպի հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկայում։
ՀՀ կառավարությունը մայիսի 13-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի ու Եվրոպական միության միջև ֆինանսավորման այդ նոր համաձայնագրի ստորագրմանը և ֆինանսների նախարարի պաշտոնակատարին պատվիրակել կազմակերպել դրա նախապատրաստումը։
Նշենք, որ «կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017-ի նոյեմբերի 24-ին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021-ի մարտի 1-ից։ Նույն համաձայնագրով նախատեսվում է հրաժարվել նաև «շամպայն» անվանումից։
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի փոխանցմամբ՝ այս մասնաբաժինն է 3 միլիոն եվրո, գումարը 20 միլիոնից ավելի է: Ինչ վերաբերում է խնդրին, ապա այն կա 1909 թվականից:
«Երբ ընդունվել է եվրոպական ինչ-որ խարտիա, բոլորը սկսել են հարգել Ֆրանսիայի իրավունքը՝ չօգտագործել «կոնյակ» բառը: Սրանից հետո ֆրանսիական կառավարությունն անընդհատ դիմել է ցարական կառավարությանը, սակայն վերջինը չի ընդառաջել, հետագայում Խորհրդային Միությունը՝ ևս, ու այսպես՝ մինչև 1991 թվականը: Անկախությունից հետո, երբ Մոլդովան, Վրաստանը և այլ երկրներ հրաժարվեցին այդ բառից, դրեցին իրենց անուններն ու 30 տարվա ընթացքում, օրինակ, Մոլդովան կարողացավ դա դարձնել բրենդ, ու հիմա ամբողջ աշխարհը գիտի իրենց կոնյակը՝ ուրիշ անունով: Իսկ Հայաստանը, քանի որ ուներ «Արարատ» անունը, սկսած 1958 թվականից՝ արտահանել ենք «Արարատ» անունով»,- մեզ հետ զրույցում ասաց Ավագ Հարությունյանը:
Գինու ազգային կենտրոնի նախագահի փոխանցմամբ՝ երբ կնքվել է Լիսաբոնի պայմանագիրը, որն արգելել է օգտագործել «կոնյակ» բառը, չնայած այդ համաձայնագրի անդամ չէինք, այնուամենայնիվ սկսել ենք հարգել Եվրոպայի իրավունքը և կոնյակ արտահանել ենք «Արարատ» անունով: ԱՄՆ-ը, որպեսզի դուրս չմնա այս գործընթացից, Առևտրի համաշխարհային կազմակերպության միջոցով փորձել է ստեղծել նոր պայմանագիր, որով չի ընդունել Եվրոպայի մոտեցումը, և թողել է կոնյակ, շամպայն ու մնացած բոլոր բառերը, և Հայաստանը միացել է Թրիփսի (TRIPS) համաձայնագրին:
«Արդյունքում, մենք միացանք Թրիփսի համաձայնագրին, որին չհետևեցինք, միացանք Լիսաբոնի պայմանագրին, հետևեցինք, սակայն, քանի որ պաշտոնապես չէինք միացել, մեզ դրեցին մի երկրի տեղ, որը չի հարգում միջազգային իրավունքի նորմերը, և արդյունքում ոչինչ չունեցանք: Հետո պետությունը «Արարատ» ապրանքանիշը նվիրեց «Պեռնո Ռիկարին», և մենք կանգնեցինք կոտրած տաշտակի առջև:
Այսինքն, չունեինք մշակած ազգային բրենդը, հրաժարվեցինք մեր վաղուցվա բրենդից, Թրիփսի պայմանագրի անդամ էինք, չիրացրեցինք մեր իրավունքները,Լիսաբոնի անդամ պետություն չէինք, սկսեցինք հետևել Լիսաբոնին, շունը տիրոջը չճանաչեց, ամբողջը խառնվեց իրար: 2013թ. որոշեցինք, որ պետք է ՀՀ-ԵՄ ասոցիացում լինի, սկսեցինք բանակցություններ «կոնյակ» անունից հրաժարվելու մասով և այսօր հրաժարվում ենք: Հիմա պետք է մրցույթ հայտարարեն, ինչ-որ անուն հնարեն, 30-40 տարի աշխատենք, որպեսզի դառնա անուն, կրենք մեծ վնասներ: Դրա փոխարեն՝ պետք է գնալ «Պեռնո Ռիկարի» դուռը, բանակցել, պետությունը հաշվի իր վնասները, հնարավորությունները, և փորձի «Արարատի» մասով ինչ-որ համաձայնության գալ: Կարծեմ 10-20 տարի հետո «կոնյակ» բառը նաև ներքին շուկայում էլ չի կարելի օգտագործել»,- նշեց Ավագ Հարությունյանը:
Խոսելով կոնյակի սպիրտի ներմուծման և կոնյակի կեղծման շղթայի մասին՝ Գինու ազգային կենտրոնի նախագահը նկատեց.
«Որոշ ժամանակ չկար, սակայն արգելքները, որոնք դա կանգնեցրել էին, հիմա մասամբ սկսել են թափ հավաքել: Պետական մտածելակերպ չի եղել 1991 թվականից սկսած ու հիմա էլ չկա: Կոնյակը բոլոր երկրներում ալկոհոլային խմիչք է, Հայաստանում ՝ քաղաքական կատեգորիա: Կոնյակով ընտրվում են նախագահներ, այն ձևավորում է խորհրդարան: Տարի է եղել՝ ստվերային շրջանառությունը 300 միլիոն դոլարի է հասել: Շատ լուրջ գործիք է նաև հայ-ռուսական միջպետական հարաբերություններում՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու, Հայաստանին պատժելու համար: Ամեն րոպե կարող են հարվածել կոնյակի մահակով: Կոնյակը միշտ խանգարել է Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ վերջին 60-70 տարում: Եղել է ամենամեծ արգելակը, քանի որ պարունակել է ամենամեծ ստվերային կոմպոնենտը, չեն հրաժարվել, որովհետև փող են աշխատել ռուսական կողմի թույլտվությամբ և միջամտությամբ, ու ռուսական կողմը ամեն պատեհ-անպատեհ առիթով դա հիշեցրել է, ասել է՝ տեսեք, կպատժեմ, ու այսպես շարունակ»: