Դիրիժոր Միքայել Ավետիսյանը հանդես կգա Պետական կամերային նվագախմբի հետ
ԱՄՆ-ից Հայաստան ժամանած դիրիժոր Միքայլ Ավետիսյանը և իտալացի հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:
«Հոբոյի հմայքը» համերգային երեկոն տեղի կունենա մայիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Կհնչեն Դոնիցետիի, Պոնկիելլի, Օդերմատի, Պուչինիի, Ռեսպիգիի ստեղծագործությունները:
Դիրիժոր Միքայել Ավետիսյանը տարբեր տարիներին եղել է ՀՀ ազգային ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժորը, Երևանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է եվրոպական մի շարք նվագախմբեր, հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում: 1999 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և հիմնել Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:
2002-2007 թվականներին Ավետիսյանը եղել է Նյու Վելիի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: 2005-ին մշակութային ոլորտում ձեռբերումների համար պարգևատրվել է Գլենդելի և Լոս Անջելեսի Diamond մրցանակով:
Հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն Concorso Nazionale Vittorio մրցույթի դափնեկիր է: 1998-ից Հռոմի օպերային թատրոնի առաջին հոբոյահարն է: Տարբեր տարիների համագործակցել է Ջենովայի Carlo Felice, Միլանի Alla Scala, Թուրինի թագավորական թատրոնների հետ: Մենահամերգներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Որպես մենակատար հանդես է եկել Ռիկարդո Մուտիի, Յուրի Տեմիրկանովի, Էլիահու Իմբալիի, Ջանլուիջի Գելմետիի, Ադամ Ֆիշերի, Չարլզ Դյութուայի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: 2016-ին համագործակցել է նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: