
Զուգարաններ միշտ էլ չեն եղել, վարորդները շատ վատ վիճակում են եղել, իսկ քաղաքապետարանի հեչ պետքն էլ չէ. Փոխադրող ընկերությունների միության նախագահ

Մոտ 250 ավտոբուս այսօր աշխատանքի դուրս չի եկել. Երևանում դա ահռելի թիվ է. մարդիկ կանգնած չգիտեն՝ ոնց գնան աշխատանքի, իսկ մենք էլ վառելիք չունենք, որ դուրս գանք աշխատանքի: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր Ջրվեժի ավտոպարկի ավտոբուսներից մեկի վարորդը:
Մեկ այլ վարորդ էլ նշել էր, որ ժամանակին զուգարան էլ կար, հիմա չկա, գարշոկով ման ես գալիս: Վարորդները դժգոհել էին նաև տուգանքներից՝ ընդգծելով, որ նորմալ երկրներում ավտոբուսներն առանձին գծեր ունեն, իսկ մեզ մոտ խցանումների պատճառով ավտոբուսն իր մեկ պտույտը 45 րոպեի փոխարեն՝ կատարում է 1 ժամ 40 րոպեում: Կանգառները զբաղված են, հոծ գիծ էլ կանգնում ես, նկարում են, տուգանում:
Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։ Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը և վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։
ՀՀ փոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ հայտնեց, որ նման խնդիրներ պարբերաբար լինելու են:
«Վառելիք հաճախ չեն կարողանում բերել, ու դրա համար մեքենաները չեն աշխատում: Աշխատում էին գազով, հետո այնտեղ մեծ քանակի մեքենաներ ունեին, որոնք դիզելային շարժիչով են աշխատում, կարողացան դժվարությամբ վառելիք հայթայթել ու մնացածին էլ հանել աշխատանքի: Բայց երբ այնպես է ստացվում, որ վառելիք չեն կարողանում բերել, չեն աշխատում»:
Անդրադառնալով հոծ գծին կանգնելու համար տուգանվելու վարորդների դժգոհությանը՝ ՀՀ փոխադրող ընկերությունների միության նախագահը շեշտեց՝ օրենքով հոծ գծին կանգնել չի կարելի:
«Թող չկանգնեն՝ չտուգանեն: Ես հասկանում եմ իրենց բացատրությունները, բայց դա իրենց հոծ գծի վրա կանգնելու իրավունք չի տալիս»,- նկատեց Հրանտ Եղիազարյանը:
Ինչ վերաբերում է զուգարանների բացակայությանը՝ ՀՀ փոխադրող ընկերությունների միության նախագահը նկատեց. «Զուգարաններ միշտ էլ չեն եղել, միշտ էլ վարորդները շատ վատ վիճակում են եղել: Կներեք, բայց պետք է ասեմ՝ փախել են՝ մի անկյունում, պլաստիկ շշի մեջ իրենց հարցերը կարգավորել են: Դա ձև չի, շատ այլանդակ բան է, իսկ քաղաքապետարանի հեչ պետքն էլ չէ: Բազմիցս ահազանգել եմ, ասել եմ, որ չի կարելի այսպես վարվել, վերջն այդ մարդիկ մեր աշխատանք կատարողներն են, փոխադրումներ իրականացնողներն են: Իրենց նկատմամբ բացարձակ բարձիթողի վերաբերմունք կա: Շատ վաղուց այս հարցը կա, բարձրացվում է, սակայն ոչինչ չի փոխվում»: