Դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև մայիսի 25-ը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել սույն գործով քննությունը և նշանակել այն հունիսի 20-ից հետո։ Պաշտպանը հիշեցրեց, հունիսի 20-ին երկրում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը՝գլխավորելով «Հայաստան» դաշինքը։
Վարդևանյանը շեշտեց, որ Ռ․Քոչարյանը, ինչպես և ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձ, ունի քարոզարշավ իրականացնելու սահմանադրական իրավունք։

Նախընտրական շրջանում նշանակված նիստերը կարող են խոչընդոտել նրա հանդիպումներին և քարոզարշավն իրականացնելուն։ Խոսքը գնում է ընդհամենը երեք դատական նիստի մասին։

Մինչդեռ, ինչպես հիշեցրեց Վարդևանյանը, նախորդ տարի գարնանը տարբեր պատճառներով չի կայացել 10 դատական նիստ։

Սակայն դատարանի համար այս հիմնավորումները բավար չեղան և միջնորդությունը մերժվեց։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն իր հերթին միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը։ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանը գտնվում է ամբուլատոր վերահսկողության տակ, և խնդրեց նոր նիստ նշանակել մայիսի 25-ից ոչ շուտ։

Իր հերթին դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մյուս շաբաթ ինքը մասնակցելու է Արդարադատության ակադեմիայի դասընթացներին և չի կարող ներկայանալ։ Արդյունքում հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին։

Տեսանյութեր

Լրահոս