Կառավարությունը ներում է հարկային պարտավորություններն ու տույժերը՝ արտահերթ ընտրություններից առաջ
2020 թվականին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում բազմաթիվ տնտեսվարողներ կանգնել էին իրենց հարկային և վարկային պարտավորությունները մարելու խնդրի առաջ ու դիմել ՀՀ Կառավարությանը՝ հարկային կամ վարկային արձակուրդ ստանալու խնդրանքով։
Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անընդունելի էր համարել նման արձակուրդի տրամադրումը՝ շեշտելով.
«Ասում են՝ կառավարությունն այս ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի, և նույն նախադասության մեջ ասում են՝ կառավարությունը բոլորին պետք է հարկային արձակուրդ տա: Բա եթե պետք է հարկային արձակուրդ տա, այդ ծախսերն ինչո՞վ պետք է իրականացնի: Դրա համար մենք ասում ենք, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց սովորական հարկերը, վճարումներն անել»:
Նիկոլ Փաշինյանի այս պնդումից մեկ տարի անց Կառավարությունն ընդունել է որոշում, որը հակասում է Փաշինյանի վերը նշված պնդմանը։
Գործադիրը հերթական անգամ չզեկուցվող հարցով հավանության է արժանացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի ներկայացրած նախագիծն ու «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի՝ 145,810․7 հազար դրամի չափով հարկային պարտավորությունները ներել։
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի առաջացած հարկային պարտավորությունները մարելու անհրաժեշտությունը, ըստ նախագծի, առաջացել է ՀՀ-ում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019/WCIT2019 միջոցառման կազմակերպման համար ՀՀ կառավարության կողմից գումարներ տրամադրելու արդյունքում:
Կառավարության որոշմամբ՝ պետական բյուջեից տրամադրված 145,810.7 հազ. դրամով մարվել են նաև «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ՀԿ-ի տույժերը:
Պետբյուջեից հատկացվող գումարների վերաբերյալ առարկություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը և նշել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացրած նախագծում պարզ չեն ընկերության հարկային պարտավորությունները ներելու վերաբերյալ հիմնավորումները, և պարտավորությունները մարելու նպատակով գումար հատկացնելու փաստարկը հիմնազուրկ է:
Ըստ Ֆիննախի առարկության՝ միաժամանակ, նախագծին կից ներկայացված նյութերից հնարավոր չէ հստակ պատկերացում կազմել ՀՀ պետական բյուջեի շրջանակներում տեղաբաշխվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքների մասով առաջացած հարկային պարտավորությունների չափի վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ատոմ Ջանջուղազյանի ղեկավարած գերատեսչությունից հայտնել են, որ նախագիծը լրացուցիչ քննարկման և հիմնավորման կարիք ունի:
Ինչպես միշտ, չնայած Ֆինանսների նախարարության առարկությանը, գործադիրը նախագիծն ընդունել է՝ համարելով, որ ոչ լրացուցիչ քննարկման, և ոչ էլ հիմնավորման կարիք չկա։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր գերատեսչություններ Կառավարություն են ներկայացնում հարկային պարտավորությունների ներման վերաբերյալ նախագծեր, դրանց առարկում է Ֆինանսների նախարարությունը, որովհետև ի վերջո, այդ պարտավորությունները ներվում են ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին: Չնայած դրան՝ նախագծերն ընդունվում են։
Նմանօրինակ մի որոշում էլ Կառավարությունն ընդունել էր նախորդ շաբաթ և «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 10 տարով տրամադրված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին» 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից ազատելուց հետո ևս մեկ ֆինանսական զիջում արել նշյալ ընկերությանը։ Չի բացառվում, որ ներումների վերաբերյալ նմանօրինակ որոշումներ ընդունվեն նաև կառավարության հաջորդ նիստերի ընթացքում: Առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: