«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն դիմել է Տիգրան Ավինյանին ու հերթական անգամ ազատվել ֆինանսական պարտավորությունից
Դեռևս նախորդ տարի՝ 2020 թվականի դեկտեմբերին՝ 168.am-ը գրել էր, որ Կառավարությունը «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 10 տարով տրամադրված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին» ազատել է 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած այս նախագծում որպես նման որոշման պատճառ՝ բերվում էր կորոնավիրուսն ու դրա հետևանքով գործունեություն չծավալելու արդյունքում տնտեսվարողի՝ հարկերը վճարելու անկարողությունը։
Նույն «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, սակայն, չի բավարարվել իր 28 միլիոն դրամի պարտավորության զիջմամբ և ես մեկ անգամ դիմել է Կառավարությանը՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ն իրեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» վարձավճարի վճարման պարտավորությունից ազատելու համար։
Նշենք, որ, ինչպես նախորդ, այս անգամ էլ՝ նշյալ ընկերությունն իրեն ստանձնած ֆինանսական պարտավորություններից ազատելու խնդրանքով դիմել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։
Ֆինանսների նախարարությունը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս դեմ է արտահայտվել «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությանը հերթական անգամ ֆինանսական զիջումներ անելու մասին նախագծին։
Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ ներկայացված նախագծով առաջարկվում է վարձավճարի վճարման պարտավորությունից ազատում, և դա համարել են ոչ նպատակահարմար՝ հաշվի առնելով, որ որևէ սուբյեկտի համար ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա պարտքերի ներումը կամ արտոնությունների տրամադրումը այլ սուբյեկտների մոտ նույնպես կարող է առաջացնել նման արտոնություններից ապագայում օգտվելու սպասումներ, ինչի արդյունքում կնվազի բյուջետային վճարումների կարգապահության մակարդակը:
Ավելին՝ Ֆինանսների նախարարությունն առաջարկել է առհասարակ նախագիծը հանել շրջանառությունից, սակայն Կառավարությունը մնացել անդրդվելի և հերթական անգամ բավարարել է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի խնդրանքը։