Վերջալույս Միրիջանյան. հայ կինոյի Վանա լուսնյակը

Վերջալույս Միրիջանյանի Հայաստան մայրիկը Վանի արգասիքն է

Վանա լուսնյակ, սովորաբար, կոչում են սպիտակ և կլոր դեմք ունեցող վանեցիներին: Պապս ինձ այդպես կոչելու սովորություն ուներ և որպես անվան կրող՝ պատասխանատվություն եմ վերցնում արմատակցիս՝ մեծագույն հայ դերասանուհի Վերջալույս Միրիջանյանին անվանել հայկական կինոյի Վանա լուսնյակ:

Երեք տասնյակից ավելի ֆիլմերում թե՛ գլխավոր, թե՛ էպիզոդիկ դերերով, թատերական ներկայացումներում կերտած կերպարներով ժողովրդականության և համաժողովրդական սիրո արժանացած Վերջալույս Միրիջանյանը ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 22-ին, Վասպուրականից դեպի Իգդիր տանող գաղթի ճանապարհին: Դժոխային պայմաններում սպանվել է նրա եղբայրը, քույրը գերի է վերցվել: Բայց նրան կյանքն այլ ճակատագիր էր պատրաստել՝ դառնալ հայ մեծերից մեկը: Դերասանուհու վկայությամբ՝ իրեն Վերջալույս անունով կնքել է մայրը. «որովհետև այնպիսի վերջալույս, որ կա Վանա ծովում, աշխարհի ոչ մի մասում չկա: Դրա համար էլ վանեցիներն իրավունք ունեն Վերջալույս անունը կրելու» (1):

Վերջալույս Միրիջանյանի բոլոր ֆիլմերն արժանի են ուշադրության, բայց դերասանուհու ֆիլմացանկից առանձնացրել ենք 3 կինոժապավեն, որոնք կօգնեն բացահայտել նրա վարպետությունը և կերտած կերպարների ինքնությունը:

Առաջին ֆիլմը, որը մեծ տպավորություն թողեց, 1974 թվականին նկարահանված «Այստեղ, այս խաչմերուկում» կինոնկարն էր: Այն պատմում է Երևանի նոր թաղամասերից մեկում փողոց կառուցող հինգ բանվորների մասին, որոնք տարբեր բնավորություն ու ճակատագիր ունեն, յուրովի են ընկալում ու քննում կյանքի բարդ փոխհարաբերությունները: Այս նկարագրությունը կգտնեք ֆիլմի մասին հիշատակած բոլոր աղբյուրներում, որը, թող կոպիտ չհնչի, ոչ մի կերպ չի նպաստում կինոնկարի էությունը բացահայտելուն: Խորհրդային, ռուսական և հայկական կինոյի ռեժիսոր, սցենարիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Կարեն Գևորգյանի ֆիլմը երևանյան ընտանեկան կյանքի մասին է, որը դիտողին ներկայացվում է երեք սերունդների փոխհարաբերությունների և հերոսների միջոցով՝ հասուն զույգն՝ ի դեմս Մուկուչի (Ազատ Շերենց) և նրա տիկնոջ (Վերջալույս Միրիջանյան), միջին սերնդի զույգը՝ Կարոն (Ֆ. Ասատրյան) և Նինան (Ե.Դեմիդենկո) ու երիտասարդներ Անդրանիկը (Գրիգոր Սարաֆյան) և նրա դասընկերուհին: Երեք հարաբերություններն էլ առաջին հայացքից տարբերվում են միմյանցից. երիտասարդները փորձում են նոր սկսել իրենց հարաբերությունները այն ժամանակների երևանյան անմեղ ֆլիրտի մեղմ նշույլներով: Կարոն և Նինան անցնում են վճռական փուլը, որը հաղթահարելուց հետո Երևանում բնակվող կինը վերածվում է Վերջալույս Միրիջանյանի կերտած կերպարի՝ հոգատար, բարկացկոտ, ամուսնու աշխատանքը գնահատող, բայց և սեփական կաննոները խորամանկ կերպով թելադրող:

Վերջալույս Միրիջանյանի և Ազատ Շերենցի կերպավորած հերոսներին ֆիլմում կարճ ընթացք ենք տեսնում՝ սկզբում և վերջին հատվածում, բայց ներկայացված դրվագները բավարար են ամբողջացնելու համար պատկերը, որը ստեղծել էր երեք զույգերի շղթան: Ֆիլմում Վերջալույս Միրիջանյանի հերոսուհու խառնվածքով կանանց հնարավոր է հանդիպել իտալական նեոռեալիստական ֆիլմերում, իսկ կինոն, ինչպես պնդում է իտալական նեոռեալիզմի գլխավոր տեսաբաններից մեկը՝ սցենարիստ Չեզարե Ձավատտինին, միշտ զգացել է «բնական» և գրեթե անխուսափելի անհրաժեշտություն պատմությունը վերածելու իրականության՝ այն ավելի հուզիչ և դիտարժան դարձնելու համար (2): Ուշագրավն այն է, որ նկարագրվածը հստակ ընդգծված է ռեժիսորի կողմից: Նախ երաժշտության միջոցով հղում է արվում իտալական մշակույթին. կադրում, որով սկսվում է Վերջալույս Միրիջանյանի խաղը, հնչում է Ադրիանո Չելենտանոյի երգերից, և երաժշտությունը դիագետիկ է, ինչը թույլ է տալիս ավելի հասկանալի դարձնել նարատիվը: Երկրորդը բնականությունն է՝ արտադրական դիզայնի և կինոպերսոնաժների պարզությունը.

Վերջալույս Միրիջանյանի թափթփված վարսերը, ամուսինների զրույցի անմիջականությունն արտացոլում են իրական կյանքը, իսկ պատերազմի մասին հիշատակումը՝ պատին կախված լուսանկարով ամբողջացնում է հղումը նեոռեալիզմին: Իսկ ահա Վերջալույս Միրիջանյանի կերպարի մասին մտածելիս մտքիս այս անգամ տատս էր գալիս, որ թեև իր ամենայն հոգատարությանը՝ երիտասարդ տարիներին առիթը բաց չէր թողնում տան հարդարանքում փոփոխություններ անելու և այդ գործընթացում պապիս ներքաշելու համար: Ստացվում է, որ Վերջալույս Միրիջանյանը «Այստեղ, այս խաչմերուկում» կինոնկարում կերտել է մի կերպար, որը ներկայացնում է հայ կնոջ հավաքական ինքնությունը խոր հասունության շրջանում, ինքնություն, որին հասնելու ճանապարհը զբոսանքի ժամանակ սկսում է Անդրանիկի դասընկերուհին, շարունակում է Նինան՝ Կարոյի տուն գնալով, և ամփոփում է Մուկուչի կինը՝ ամուսնու՝ «Ինձանից ի՞նչ ես ուզում» հարցին «Կրակ ու ցավ եմ ուզում» պատասխանով:

Վերջալույս Միրիջանյանն անկրկնելի էր ամուսնացած կնոջ դերում, թեկուզև էպիզոդիկ, բայց դերասանուհու կարիերայի լավագույն հերոսուհիները մայրերն են՝ 1975 թվականին կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Ներսես Հովհաննիսյանի նկարահանած երաժշտական-քնարական ֆիլմում՝ «Հարսնացու հյուսիսից» կատակերգության մեջ Արտակի մայրը՝ Արուսյակ Վարդանյանը և ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմում հերոսի մայրը՝ Հայաստանը: Երկու ֆիլմերում էլ նույն մայրն է՝ տարբեր իրավիճակներում. մեկում Հայաստանը սևազգեստ է, մյուսում՝ հերոսուհին պատրաստվում է որդու պսակադրությանը:

Արուսյակի խարիզման և եռանդը «Հին օրերի երգը» ֆիլմում փոխվում է այլընտրանք չունեցող տոկունության և դատարկության: Հայաստան մայրիկի դերը մեկ այլ դերասանուհի կխաղար բոլորովին այլ կերպ՝ նույնը թողնելով ողբերգական հիմքը. տվյալ դեպքում ցավը, որը կա կերպարում, դերասանը տեսնում է՝ կախված իր դաստիարակությունից, կյանքի ազդեցությունից, գենետիկայից և կրթությունից: Յուրաքանչյուր դերասան իր անցյալի արգասիքն է, և երբ նա խաղում է, նա այդ ամբողջը ներդնում է կերպարի կառուցման մեջ (3): Վերջալույս Միրիջանյանի Հայաստան մայրիկը Վանի արգասիքն է. Հայաստանի կյանքը ողբերգական է զավակների կորստով, ինչպիսին եղել է Վանի կյանքն՝ իր զավակների կորստով, Հայաստանը միայնակ է այսուհետև և ոչ լիարժեք, ինչպես և Վանը:

Վերջալույս Միրիջանյանի հմայքն անթաքույց է. նա հմայիչ է ցանկացած դերում, ցանկացած հանդերձանքով և ցանկացած դերասանի կողքին: Բայց հետաքրքիր է հետևել նրան մոր և կնոջ դերերից դուրս: 1957 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական սև-սպիտակ «Մոր սիրտը» կինոնկարում, որտեղ Վ. Միրիջանյանը գլխավոր դերում չէ, շատ ավելի առանցքային էր թվում նրա ներկայությունը: Շուշանի դերը խաղացած Վերջալույս Միրիջանյանն իր անմիջական ծիծաղով ու խոսքով ֆիլմում դառնում է այն, ինչը կոչում են «ընկերության հոգի»:

Երիտասարդ տարիքում այրիացած Մարիամի (Վարդուհի Վարդերեսյան) կյանքի մասին պատմող կինոնկարում Շուշանը խորհրդատու-գործընկերուհու դերում է, նա հորդորում է Մարիամին կրկին անձնական կյանք ունենալու փորձ անել և այն էլ ում հետ՝ Արմենի (Խորեն Աբրահամյան): Շուշանը թեև կարճ րոպեներ է էկրանին հայտնվում, բայց նա շարունակում է մնալ ամբողջ կինոնկարի ընթացքում: Նրա այդ խորհուրդը, որին ունկնդիր չի լինում Մարիամը, ճակատագրական է դառնում և մեզ կրկին հիշեցնում է Շուշանի մասին ֆիլմի ավարտին Մարիամի՝ խորհրդին չհետևելու լուռ ու անբառ ափսոսանքով:

Եվ վերջաբանի փոխարեն՝ երանելի պատիվ ունեն Վերջալույս Միրիջանյանի սերնդակիցները` հենց միայն նրա ժամանակակիցը լինելու համար, օրհնյալ լինեն վանուհու նախնիները, և թող դերասանուհու ստեղծագործությունն օրինակ լինի հայ բոլոր ներկա և ապագա դերասանների համար, որպեսզի նրանց ժամանակակիցները նույնպես երանելի պատվի արժանանան:

Հղումներ՝

1. Սրապյան Հ., «Զրնգուն անուն՝ Վերջալույս Միրիջանյան. Նա այն քչերից էր, որ խաղաց մեր գրեթե բոլոր մեծերի հետ», 2020, armenpress.am:

2. Cesare Zavattini, “A Thesis on Neo-Realism” (1952–54), Springtime in Italy: A Reader on Neo-Realism, ed. and trans. David Overby, Hamden, Conn., Archon Books, 1978, p. 67.

3. Hooks E., Acting Strategies for the Cyber Age, 2001, p. 38.

 

Անի Գաբուզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31