Ընտրական փաթեթը մահակ է դառնալու իշխանությունների ձեռքում. արձագանքում են մասնագետները 

Ազգային ժողովի ապրիլի 28-ի արտահերթ նիստում քննարկվեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հեղինակը պարզաբանեց՝ առաջարկվող կարգավորումներն առավել ընդլայնված տեսքով ներկայացված են Ընտրական օրենսգրքի բարեփոխման մեջ, բայց քանի որ այդ փաթեթն ինչ-ինչ զարգացումների պատճառով, հնարավոր է, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուժի մեջ մտած չլինի, գալիք ընտրությունների համար առանձնացվել են անհրաժեշտ փոփոխությունները՝ առանձին նախագծերի տեսքով։

Օրենսդրական փաթեթով մասնավորապես առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման հետևանքով տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում, նախատեսել քրեական պատասխանատվություն` նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար, նաև՝ ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից:

Թե ինչո՞ւ են իշխանական թևի օրենսդիրները շահագրգռված այս փոփոխություններն այդչափ հապճեպ քննարկելու, ընդունելու հարցում, և արդյո՞ք դրանք հրատապություն ենթադրող փոփոխություններ են՝ հարցադրումների պատասխանը փորձեցինք լսել մասնագիտական շրջանակներից։

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը մինչև «ընտրական փաթեթի» խնդրահարույց կետերին անդրադառնալը՝ նկատեց՝ Քրեական օրենսգրքում ցանկացած փոփոխություն մշտապես պետք է ունենա հանրային լայն քննարկում, ինչի ականատեսն այս դեպքում չեն եղել։

«Քրեական օրենսգիրքը, ամեն դեպքում, մարդու իրավունքների ամենաինտենսիվ միջոց ապահովող փաստաթուղթն է, հետևաբար, դրանում ցանկացած փոփոխություն պետք է ունենա լայն քննարկում,- պարզաբանեց սահմանադրագետը, ապա արձագանքելով մեր դիտարկմանը, թե Վահագն Հովակիմյանը պնդում է, որ բոլոր առաջարկները քննարկվել են Ընտրական օրենսգրքի լայն փաթեթի լսումների շրջանակներում, արձագանքեց,- Ընտրական օրենսգրքի լայն փաթեթն էլ հանրային քննարկում, որպես այդպիսին, չի ունեցել»։

Արամ Վարդևանյանը հիշեցրեց նաև՝ փաթեթն ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով, ինչի վերաբերյալ հանձնաժողովն արտահայտել է կարծիք․ «Ինձ մոտ տպավորություն էր, որ կարծես Ազգային ժողովում առհասարակ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը չեն կարդացել, որովհետև Վենետիկի հանձնաժողովը հենց Քրեական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ մի քանի մտահոգություններ հայտնել էր՝ ամենակարևորներից մեկը՝ ենթադրենք, հավաքներին խոչընդոտելը, մասնակցելուն հարկադրելը․․․այդ կատեգորիաներն ինչպե՞ս են տրոհելու։ Այսինքն՝ նման լայն հասկացություններով ինչպե՞ս են դրանք կիրառական դարձնելու կոնկրետ դեպքերում՝ հատկապես հաշվի առնելով, որ նախընտրական քարոզարշավը ենթադրում է իրար հակադրվող կարծիքների մրցավազք, որտեղ առնվազն նաև պաշտոնապես հայտարարվել է, որ իշխանությունը ևս մասնակցելու է։ Մենք գիտենք, թե իշխանությունն ինչ աստիճան չի դիմակայում այն գայթակղությանը, որ քաղաքական ռեպրեսիաներ կատարի։ Մենք վերջին երեք տարում փաստերով գիտենք՝ իշխանությունը ինչ աստիճանի չի դիմանում գայթակղությանը և օգտագործում է քննչական և դատախազական մարմինները՝ բառիս բուն իմաստով քաղաքական նպատակներով։ Սյունիքում ապրիլի 21-ի խորհրդակցությունը տեսագրված տարբերակն էր նրա, ինչի մասին այսքան ժամանակ խոսում ենք, որտեղ ուղղակիորեն տրվում էին ցուցումներ քննիչին և դատախազին։ Ինչու հիմա մեկը կա, որ կկասկածի, թե նույնը չի կատարվելու քարոզարշավի ընթացքո՞ւմ․ պարզապես դրա համար նոր գործիքներ են ներդնում»։

Անդրադառնալով նախագծի՝ կուսակցության կամ պատգամավորության թեկնածուի վերաբերյալ անանուն աղբյուրի միջոցով կեղծ տեղեկություններ հրապարակելու համար առաջարկվող քրեական պատասխանատվության դրույթին՝ Արամ Վարդևանյանը նկատեց․ «Երեք տարվա մեջ ամենահայտնի անանուն աղբյուրները փոխկապակցված են իշխանության հետ՝ perfect tv, seсret tube, այլ նման կայքեր և էջեր․ իսկ ինչ-որ մեկի համար գաղտնի՞ք է, որ դրանք ուղղակիորեն փոխկապակցված են իշխանության հետ, պարզ է, չէ՞, որ իրենք իրենց պատժելու գործիք չեն նախատեսում, և դա ուղղակիորեն տարածելու են այլ ուժերի վրա։ Ու առաջարկը այնպիսի ձևակերպումներով է ներկայացվել, որ անելու են ցանկացած անձի նկատմամբ՝ առանց նույնիսկ ապացույց ունենալու։

Եթե այս իշխանությունը երեք տարվա ընթացքում երաշխիք տված լիներ, որ քաղաքական ռեպրեսիաների գործիք չի հանդիսանում, ապա այսպիսի փոփոխությունները կարող էին և դրական ընկալվել, բայց միևնույն է՝ ունենալու էինք որոշակիության խնդիր, որը Վենետիկի հանձնաժողովն է արձանագրել։ Այս պայմաններում ընդունել փաթեթը, Վենետիկի հանձնաժողովի կարծիքները նույնիսկ չիմպլեմենտացնելով, ինձ համար, մեղմ ասած, խայտառակություն է»։

Սահմանադրագետը հույս հայտնեց, որ փաթեթն այս տեսքով մնալու դեպքում հանրապետության նախագահը  կներկայացնի Սահմանադրական դատարան, քանի որ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը բխում է Եվրոպայի խորհրդի լավագույն փորձից, իսկ ՀՀ-ն լինելով ԵԽ անդամ՝ իմպլեմենտացրել է դրանք Սահմանադրության մեջ․ «Նաև մեր Սահմանադրության տեսանկյունից է խնդիր առաջացնում։ Հետևաբար, եթե այդ հարցը շարունակի մնալ այսպիսի ձևակերպումներով, պետք է դառնա Սահմանադրական դատարանում քննության առարկա, որովհետև Վենետիկի հանձնաժողովի ուղղակի պահանջներն անտեսվել են»։

Հրատապ կարգով ԱԺ քննարկման դրված ընտրական փաթեթի վերաբերյալ սահմանադրագետ Գոհար Մելոյանը ևս արձանագրեց՝ իշխող ուժի համար արդեն սովորություն է դարձել առանց հանրային քննարկումների, առանց կարգավորման ազդեցության գնահատման, առանց միջազգային չափորոշիչների կարևորագույն դրույթների պահպանման՝ կարևոր նախագծերի առթիվ անմիջապես արտահերթ նիստ հրավիրելը։

Փոփոխությունների առնչությամբ Գոհար Մելոյանը հստակեցրեց․ «Բնական է, եթե մենք իրավական պետությունում ապրեինք, հնարավոր է՝ այդ նախագիծը դրական որակում ստանար իմ կողմից, սակայն հաշվի առնելով այս իրավական վակխանալիան, այն մի շարք սևով սպիտակին գրված նորմերը, որոնք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ խեղաթյուրվում են հօգուտ իրենց՝ իշխող ուժի կողմից, ակնհայտ է, որ այս նախագիծը բացառապես նպատակ ունի մի շարք իրավիճակներում, մասնավորապես, նախընտրական գործընթացում երաշխավորելու իշխող ուժի գործունեությունը, և լինելու է հերթական մահակը՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ»։

Գոհար Մելոյանը համոզված է՝ սրանով հերթական անգամ թիրախավորվում է նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը, և հարվածի տակ են դրվում տեղեկատվության և խոսքի ազատության հիմնարար իրավունքները։

Իրավաբանի կարծիքով՝ առաջարկվող դրույթներից՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելը, պայմանավորված է Սյունիքի վերջին իրադարձություններով․ «քանի որ Նիկոլ Փաշինյանն իր «մարզային այցերով», ակնհայտ էր, որ արդեն նախընտրական քարոզչության գործընթաց է մեկնարկել»։

Սահմանադրագետն առանձնացրեց կուսակցության կամ պատգամավորության թեկնածուի վերաբերյալ անանուն աղբյուրի միջոցով կեղծ տեղեկություններ հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվության սահմանման դրույթը՝ շեշտելով․ «Ակնհայտ է, որ իշխող ուժի ձեռքում իրավապահ մարմինները մահակի են վերածվել և կամայական հաշվեհարդարներ, վենդետաներ են իրականացնում։ Բնական է, որ այս նախագծի կյանքի կոչման դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ վերջինիս պատգամավորների, թեկնածուների մասին տարածվող տեղեկություններն անմիջապես համարվելու են կեղծ, և այսպիսի տեղեկություններ տարածողների գործունեության փաստով հարուցվելու են քրեական գործեր, իսկ, օրինակ, perfect tv և նմանաբնույթ կայքերի գործունեության վերաբերյալ քրեական գործեր չեն հարուցվում, և անգամ հարուցվելու պարագայում՝ առանձնահատուկ դանդաղկոտություն է դրսևորվում դրանց ուղղությամբ քննություն իրականացնելու գործընթացում»։

Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ նախագծով որևէ հիմնավորում չկա, թե ինչու կուսակցության վերաբերյալ անանուն աղբյուրի կողմից տեղեկությունների հրապարակման դեպքում պետք է սահմանվի քրեական, այլ ոչ, օրինակ, վարչական պատասխանատվություն։

«Արձանագրում ենք, որ իշխող ուժը հերթական անգամ թիրախավորում է ԶԼՄ-ների գործունեությունը՝ առաջնահերթ սահմանափակումներ մտցնելով հենց ԶԼՄ-ների գործունեության ասպարեզում»,- նշեց նա։

«Եվ վերջապես, նախագիծը խնդրահարույց է նաև իրավական որոշակիության տեսանկյունից, քանի որ, օրինակ, անանուն աղբյուրի հետ կապված կարգավորումների պարագայում չկա հստակեցում, թե որ ժամանակահատվածի նկատմամբ է տարածվում տվյալ կարգավորումը, օրինակ՝ բացառապես նախընտրական քարոզարշավի ժամանա՞կ է կիրառվելու, թե՞ այս կամ այն կուսակցության նկատմամբ սկսելու է կիրառվել, երբ այդ ուժը պաշտոնապես հայտարարում է ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ, կամ այն պահից, երբ համապատասխան փաթեթը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Իմ գնահատմամբ՝ սա բացառապես միակողմանի մահակի տեսք է ստանալու»,- եզրափակեց Գոհար Մելոյանը։

Տեսանյութեր

Լրահոս