Արթուր Դանիելյան-Ալեն Սիմոնյան ծեծկռտուքի գործով նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը՝ ԱԺ հավանական ընտրություններից հետո
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում պետք է տեղի ունենար «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի միջև ծեծկռտուքի գործով նիստը:
Հիշեցնենք՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Գործով դատախազը նիստին չէր ներկայացել: Նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դատավորի աշխատակազմից իրենց տեղեկացրել են դատախազի դիմումի մասին, բայց միևնույն է, իրենք եկել են դատարան՝ նիստին մասնակցելու:
«Ամեն դեպքում մենք եկել ենք, «տուժող» կողմը ևս չկա, ենթադրում եմ, որ պարզապես հետաձգում են նիստը: Ինչքան հասկացա դատավորի աշխատակազմի աշխատակցի խոսքից՝ նաև չի ակնկալվում, որ մենք կմտնենք նիստի, բայց արդեն եկել ենք և մեր պարտքն օրենքի առաջ կկատարենք»,- ասաց Աթանեսյանը:
Հարցին, թե Արթուր Դանիելյանն ընդունո՞ւմ է մեղադրանքը, փաստաբանը պատասխանեց, որ ոչ:
«Ակնհայտ է, որ խուլիգանության մասին խոսք լինել չի կարող, դա ծիծաղելի է, զավեշտալի է այս դեպքում: Այդ անձանց միջև կա կոնֆլիկտ, կոնֆլիկտը խոստովանում է փոխխոսնակը, այսինքն՝ այլևս էլ չի կարող լինել խուլիգանություն, այսինքն հանցանք՝ ուղղված հասարակության դեմ, չգիտեմ՝ ինչո՞ւ են գնացել այդ մեղադրանքին, ուղղակի տենց կհնչի, էլի՝ խուլիգանություն: Բնական է՝ չենք ընդունում, երբ քեզ հարվածում են, բնական ռեակցիա է քո պատասխանը, իսկ ինչպես գիտեք՝ հարված հասցնողի մասը կարճվել է, իբրև աֆեկտի վիճակում է գտնվել, շատ ծիծաղելի է, որովհետև նույնիսկ դատահոգեբանական փորձաքննությունը չի գրել, որ իր մոտ կա աֆեկտ, քննիչն է որոշել, ՀՔԾ քննիչները նաև հոգեբան են, սկզբից հոգեբան են, հետո քննիչ են»,- ասաց Աթանեսյանը և ավելացրեց, որ անգամ աֆեկտի դեպքում կարող է հանցակազմ լինել, և իրենք բողոքարկել են Ալեն Սիմոնյանի մասով գործը կարճելու որոշումը:
Գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին: Տիգրան Աթանեսյանն ասաց, որ հենց առաջին նիստին, երբ այն կայանա, իրենք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու:
«Իր գործողություններից ակնհայտ է, որ նա կամ վերահսկվում է այս իշխանությունների կողմից, կամ միգուցե սատարում է, միգուցե անձնական, անհասկանալի դրական վերաբերմունք ունի այս իշխանությունների նկատմամբ, դա արտահայտվում է իր կայացրած մի շարք ակտերով, ինչպես նաև Արթուր Դանիելյանի դեպքում, երբ Արթուրին ձերբակալել էին, նոյեմբերի 15-ին, ժամը 18:00-ին նիստը արել է, բողոքն ամբողջությամբ լսել է, 18:20 ավարտել ենք, հրապարակումը նշանակել է հաջորդ օրը ժամը 10:00-ին: Սովորական որոշում էր, տիտանական, գիտական աշխատություն չէր, որ ամբողջ գիշեր դատավորը տանջվեր, աշխատեր, այսինքն, եթե Արթուրը կարող էր 2 ժամից դուրս գալ, նա մնաց 10 ժամից ավելի անազատության մեջ: Այս գործով նա անկախ և անաչառ դատավոր չէ»,- ասաց Աթանեսյանը:
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը պնդեց՝ իր համար զարմանալի չէ, որ ի վերջո այդ դեպքի միակ մեղավոր կարգեցին իրեն:
«Այս առիթը ես ստիպված կլինեմ օգտագործել, որ ինչ-որ օգուտ լինի հանրության համար, կգովազդեմ համաշխարհային մշակույթի կարևորագույն գործերից մեկը՝ «Եղջերուների որսորդը» կինոն, 5 Օսկար է ստացել: Հուսով եմ, որ ժողովուրդը, տեղեկանալով տեղի ունեցող պրոցեսների մասին, գոնե մշակութային առումով մի փոքր կկրթվի, որովհետև, ինձ թվում է, որ ավելի բովանդակային որևիցե բան այս ամեն ինչից սպասել իմաստ չունի: Դեպքը տեղի է ունեցել 1 տարի առաջ, առաջին նիստը պետք է տեղի ուենար մեկ տարի հետո, այն տեղի չի ունենա, և մոտավոր նույնիսկ չեմ պատկերացնում, թե երբ էդ դատավարությունը տեղի կունենա: Սա ինձ համար նույնպես անակնկալ չէ, քանի որ եղջերուների որսը շատ նուրբ արվեստ է, այդ կենդանիները շատ ճարպիկ են, իրենց բռնացնելը հեշտ չի, առավել ևս հեշտ չէ բռնացնելուց հետո վերջնական հարցի լուծումը տալը»,- ասաց Դանիելյանը:
Հարցին, թե իր կարծիքով՝ Ալեն Սիմոնյանը միջադեպի օրը գտնվե՞լ է աֆեկտի վիճակում, Դանիելյանն արձագանքեց.
«Իմ կարծիքով՝ նա կամ վերջին 5-6 տարին է գտնվել այդ վիճակում, որն ահագին բան կբացատրեր, սկզբից՝ ընդդիմադիր, հետո՝ իշխանական պրոցեսներին տրամաբանություն կհաղորդեր, կամ ստացվում է, որ օր կա՝ իրենք ընկնում են աֆեկտի մեջ, հուզմունքի մեջ, օր կա՝ չեն ընկնում, երբ մեր հայրենիքը վաճառում էին, փաստորեն, հուզմունք չէր առաջանում, բայց երբ որ փողոցում իրենց ողջույնին հավուր պատշաճի պատասխան են ստանում, խիստ հուզվում են: Նույն դրվագներն իր կյանքում բազմիցս կրկնվել են, այդ թվում՝ իմ ներկայությամբ»:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 29-ին, ժամը 15:00-ին:
,Ուզում են սպասեն, տեսնեն՝ ի՞նչ կլինի հունիսի 20-ից հետո, որ հետո, երևի, ավելի թեթև ու մաքուր խղճով դատեն, կամ հակառակը»,- ասաց Դանիելյանը:
Հիշեցնենք՝ 2020-ի ապրիլին միջադեպ էր տեղի ունեցել «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի միջև: Սիմոնյանն ուղիղ եթերում ասել էր, որ ի պատասխան իր հասցեին հնչած հայհոյանքի՝ ինքը գլխով հարվածել է Արթուր Դանիելյանին, վերջինն էլ պատասխանել է իրեն: