«Հայ-ադրբեջանական սահմանը վերականգնված է. Իրանի հետ սահմանն այժմ կրկին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ներկայում անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հետ սահմանին, գրում է minval.az-ը:
«Մեր սահմանապահները ներկայում պահպանում են հայ-ադրբեջանական սահմանն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Մոտ 500 կմ երկարությամբ այս սահմանը վերականգնվել է, և բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներն իրականացվում են սահմանի երկայնքով, ամբողջ տեխնիկան մոբիլիզացվել է»,- ասել է Իլհամ Ալիևը սահմանապահների հետ հանդիպման ժամանակ:
Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև Իրանի հետ սահմանի ամբողջական վերականգնման մասին:
«Հայրենական պատերազմի ընթացքում (Արցախյան երկրորդ պատերազմ-Խմբ.) իրանա-ադրբեջանական սահմանն ամբողջությամբ վերականգնվել է, և 132 կմ սահմանը, որը հայերի «շրջափակման» (չակերտները-Խմբ.) տակ էր, այժմ կրկին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Պատերազմից անմիջապես հետո սահմանի երկայնքով սկսվել են բոլոր անհրաժեշտ ֆորտիֆիկացիոն աշխատանքները»,- հավելել է Ալիևը: