Տարածաշրջանային տնտեսական սպասումներ
Տնտեսական կանխատեսումներն անշնորհակալ զբաղմունք են: Սա, հավանաբար, միակ բանն է, որ մեր իշխանությունները գիտեն տնտեսության մասին: Որպես ապացույց՝ կարելի է հիշել բոլոր առումներով ողբերգական 2020թ․ պետական բյուջեի ուղերձը:
Դրա հրապարակման պահին բոլորն էին զարմացած: Ուղերձում թվեր համարյա չկային: Հիմա նախընտրական շրջան է: Կարծես: Հետևաբար՝ կարելի է սպասել, որ իշխանությունները կբացեն ճոխ-ճոխ խոստումների տոպրակը: Աշխատավարձ-թոշակի բարձրացման, ասֆալտ ու ասֆալտին փռելու խոստումներ կտան: Բանավոր խոստումներ:
Մինչդեռ տնտեսությունը նախընտրում է վերլուծությունների վրա հիմնված կանխատեսումներ: Ավելին՝ համաշխարհային տնտեսությունն ահռելի ծախսեր է անում՝ կանխատեսումներով զբաղվող հիմնարկություններ պահելով: Ողջ անցած տարի մեր իշխանությունները տնտեսական աննշան անկման ցուցանիշներ էին հրապարակում:
Կառավարության 2 տոկոսանոց անկման կանխատեսման ֆոնին Կենտրոնական բանկի հունիսին արված 4 տոկոսանոց կանխատեսումը համարյա հերետիկոսություն ընկալվեց: Հակահեղափոխական հերետիկոսություն: Մինչդեռ միջազգային տնտեսական կառույցները շատ ավելի մեծ անկում էին կանխատեսում:
Արժույթի Միջազգային Հիմնադրամի կանխատեսմամբ՝ անցած տարի մեր երկրին 7 տոկոսանոց անկում էր սպասում: Համաշխարհային բանկն ավելի հոռետես էր՝ անկման 8 տոկոսանոց կանխատեսումով: 2020 տնտեսական տարվա ամփոփումից հետո պարզ դարձավ, որ այդ երկու գրասենյակների վերլուծաբաններն իրենց հացն իզուր չեն ուտում: Մեր տնտեսական անկման ցուցանիշը համարյա միջին դիրք ուներ՝ 7.6 տոկոս: Հետևաբար՝ կրկնակի ուշադրության են արժանի առաջիկա տարիների տնտեսական կանխատեսումների տվյալները:
Ըստ ՀԲ-ի՝ այս տարի մեր տարածաշրջանում ամենաարագ աճը կգրանցի Թուրքիան՝ 4.1 տոկոս, իսկ 2022-ին՝ 5 տոկոս աճ (անցած տարի ևս աճ է գրանցել՝ 0.5 տոկոս, որը համընկնում էր ՀԲ կանխատեսման հետ): Հաջորդը՝ 4 տոկոսանոց աճով, Վրաստանն է: 2022-ին վրաց տնտեսական աճի սպասումն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ 6 տոկոս (2020-ի անկումը 6,1 տոկոս էր): Աճի սպասվող տեմպով հաջորդը Հայաստանն է՝ 3.1 տոկոս, իսկ 2022-ին՝ 4.5 տոկոս (2020-ի անկումն ամենամեծն էր տարածաշրջանում):
Պարզ թվաբանությամբ միայն 2022-ի ավարտին մոտ կես տոկոսով կգերազանցենք 2019-ի ցուցանիշը: Իսկ դա համաշխարհային տնտեսությունից մոտավորապես մեկ տարի ետ ընկնող գրաֆիկ է: 2020-ին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 5 տոկոսով, իսկ այս տարվա աճի սպասումը գնահատվում է 5.5 տոկոս: Այսինքն՝ համաշխարհային տնտեսության ծավալն արդեն այս տարի կվերականգնվի՝ ըստ ՀԲ կանխատեսումների:
Համաշխարհային բանկն Ադրբեջանի պարագային տարածաշրջանի ամենացածր տնտեսական աճն է կանխատեսում՝ 1.9 տոկոս, իսկ 2022-ին՝ 4.5 տոկոս (2020-ի անկումը կազմել է 4.3 տոկոս): Հայտնի բան է, տնտեսությունն իներցիոն մեծ ազդեցություն կրող երևույթ է և իր բնույթով խիստ հակահեղափոխական: Երևի դա է պատճառը, որ անցած տարի տարածաշրջանի երկրների մեջ ամենամեծ անկումը մեր տնտեսությունը գրանցեց: Համավարակին գումարվել էր իշխանությունների անփորձությունը, գոռոզամտությունն ու հետո՝ պատերազմը:
Մեր տարածաշրջանում վիճակագրական տվյալների հրապարակման առաջամարտիկը Վրաստանն է: Արդեն հայտնի են վրաց տնտեսության առաջին եռամսյակի թվերը: Օրինակ, նշվում է, որ ներմուծումներն այս տարի նախորդից պակաս են 2.4 տոկոսով: Փոխարենը՝ 5.3 տոկոսով աճել են արտահանումները: Եթե մեր տնտեսությունն այս ցուցանիշների նման բան արձանագրեր, իշխանությունները սազն առած իրենց գովքը կանեին: Մինչդեռ վրաց վիճակագիրները (իմա՝ իշխանությունները) աճի թվերը հրապարակելիս ազնվորեն հիշեցնում են, որ անցած տարի հենց մարտին համավարակի պատճառով երկրում «լոքդաուն» մտցվեց:
Արտակարգ իրավիճակ, որն էլ տնտեսական անկման հիմնական պատճառն էր: Սակայն բարդ չի ենթադրելը, որ հենց գա այս տարվա վիճակագրական թվերը անցած տարվա «լոքդաունի» հետ համեմատելու շրջանը՝ մեր տնտեսական ու քաղաքական իշխանությունները զարթոնք ու վերելք են նկարագրելու: Հատկապես, որ առջևում հնարավոր ընտրություններ են:
Նկարագրելու են՝ մոռանալով, որ արդեն պաշտոնապես հրապարակվել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մարտը՝ 2020թ. մարտի նկատմամբ) կազմել է 5.8%»: