Սյունիքն ուժի ցուցադրություն էր, և ինքը Սյունիքով ուզում է ցույց տալ, որ Հայաստանում չկա այնպիսի կետ, ուր ինքը չկարողանա գնալ․ Ստեփան Դանիելյան

Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու համար մեկ տարբերակ է մնացել` վախի մթնոլորտ ձևավորելը և ինչ-ինչ հանցագործություններում մաքսիմալ շատ մարդկանց ներքաշելը։ Սա քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատականն է Նիկոլ Փաշինյանի Սյունիք «արշավանքին», դրան հաջորդած իրադարձություններին և ներքաղաքական զարգացումներին։

«Հանցագործությունները, գիտեք, մարդկանց միավորող կարևոր գործոններից է։ Այսինքն՝ եթե միասին հանցագործություն են կատարում, մինչև վերջ պետք է գնան․ որքանով շատ մարդ ինքը ներքաշի այդ հանցագործ գործողությունների մեջ, այնքանով իր թիմը կլինի ամուր»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց քաղաքագետը։

Հարցին, թե այս պահին  Փաշինյանի թիմը որքանո՞վ է ամուր, և որքանո՞վ է նա վստահում իր թիմին, նա պատասխանեց․

«Կան մարդիկ, որոնք արդեն հետդարձի ճանապարհ չունեն։ Հիմա տեխնոլոգիան այն է, որ այդ մարդկանց թիվը մեծացվի, և երկրորդը՝ ուժ ցուցադրի, որ ինքը կարող է ուժով հարցեր լուծել, նաև փորձի այդ երկու գործոնն օգտագործել ընտրությունների ժամանակ, որովհետև մենք տեսանք՝ հանրության գերակշիռ մասն իրենից արդեն երես է թեքել և նույնիսկ թշնամաբար են տրամադրված»։

Սյունիքը ուժի ցուցադրությո՞ւն էր՝ մեր հստակեցմանն ի պատասխան՝ Ստեփան Դանիելյանն արձագանքեց․

«Սյունիքն ուժի ցուցադրություն էր և հաջորդը՝ ինքը Սյունիքով ուզում է ցույց տալ, որ Հայաստանում չկա այնպիսի կետ, ուր ինքը չկարողանա գնալ։ Այսինքն՝ եթե ինչ-որ մարզ իր համար փակ է, ինքը չի կարող երկրի ղեկավար լինել․ ինքն ուզում է ցույց տալ, որ ինքը կարող է դա անել, դա անցած փորձի պատճառն էր․ինքն անպայման պետք է գնար Սյունիք»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվեցին չհրապարակված դեմարկացիայի աշխատանքներ, որոնք իշխանական շրջանակներն անվանում էին «սահմանային ճշգրտումներ»։ Այս «ճշգրտումների» հետևանքով Սյունիքի մարզի մի շարք համայնքներ հայտնվեցին թշնամու թիրախում:

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով տեղի ունեցողին՝ դեռ դեկտեմբեր ամսին կառավարության նիստում հարկ էր համարել նշել․ «Իհարկե, այնտեղ կարող են… երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը Սյունիքի մարզի Որոտան համայնքի, գյուղի, բնակավայրի մասին է, երկրորդը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի, որոշակի ցավոտ իրավիճակների բերել»։

«Ցավոտ իրավիճակներ»-ի  առաջին դրվագը չուշացավ․ դեկտեմբերին արդեն Կապան-Գորիս միջպետական ճանապարհին հայտնվեց «Բարի Գալուստ Ադրբեջան» ցուցանակը, ապա նաև GPS համակարգով որոշվեցին նոր սահմանները,  որի հետևանքով հիշյալ գյուղերից թաղամասեր անցան Ադրբեջանին, ու արդեն  հայտնվեցին ադրբեջանական նոր ցուցանակներ:

Հենց այս անվտանգային խնդիրներն էին պատճառը, որ պատերազմից մեկ ամիս անց դեպի Սյունիք մարզ նախօրոք հայտարարված այց կատարելիս Փաշինյանը մնաց կեսճանապարհին․ նրա առջև փակվեցին ճանապարհներ, տեղի ունեցան բողոքի ակցիաներ։

Նիկոլ Փաշինյանը  ապրիլի 21-ին փորձեց ավարտին հասցնել իր կիսատ ճամփորդությունը՝ այս անգամ նախօրոք չհայտնելով այցի մասին։ Սա, սակայն, չփրկեց իրավիճակը․ Ագարակում և Մեղրիում Փաշինյանին դիմավորեցին բողոքի ակցիաներով,  փակվեց Քաջարանի ճանապարհը։ Նրա քայլերթն այս համայնքներում ուղեկցվեց հայհոյախառն վանկարկումներով։

Այցին հաջորդեց ձերբակալությունների շղթա, և չնայած բազմաթիվ քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ նշում էին՝  ակնհայտ է բողոքի ակցիաների ինքնաբուխ լինելը, այդուհանդերձ այս «գործով» առաջադրվեցին մեղադրանքներ, եղան ձերբակալություններ։

Տեսանյութեր

Լրահոս