Սարսափելի էր տեսնել, որ մի երկիր, որը պատասխանատու է միլիոնավոր հայերի ոչնչացման համար, կրկին ներգրավվում է հայերի դեմ պատերազմում․ Բունդեսթագի պատգամավոր

168.am-ի զրուցակիցն է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր (Քրիստոնեադեմոկրատական միություն), ԳերմանիաՀարավային Կովկաս խորհրդարանական խմբի փոխնախագահ և գերմանահայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը։

Պարոն Վեյլեր, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։ Գիտեք, որ այս ոճրագործության իրավահաջորդ պետությունը՝ Թուրքիան, շարունակում է այն որակել՝ որպես, «այսպես կոչված» Ցեղասպանություն՝ ըստ էության չընդունելով պատմական այդ փաստը։ Գերմանիան դարձավ այն 25-րդ երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Ցեղասպանությունը, և Դուք այդ բանաձևի ուղղությամբ աշխատած ամենաակտիվ պատգամավորներից մեկն էիք տարիներ առաջ։ Ինչպե՞ս պետք է աշխարհն այս խնդրին արձագանքի այսօր։ 

– Միջազգային հանրությունն արդեն ճանաչել է այս Ցեղասպանությունը։ Պատմական այս փաստի հարցում որևէ կասկած չկա, և կասկած չկա նաև այն հարցում, թե ով է եղել զոհը, ով՝ դահիճը: Ամենամեծ մարտահրավերն այսօր մնում է Թուրքիայի կողմից այս Ցեղասպանության խիստ ու ազնիվ չվերագնահատելու ու չճանաչելու իրողությունը։ Մինչ օրս Թուրքիան չի ճանաչում ​​այդ ժամանակ տեղի ունեցած անարդարությունը։ Ուստի ես շարունակում եմ հորդորել Թուրքիայի կառավարությանը՝ քննադատաբար նայել անցյալին և պատմությանը, ճանաչել և վերամշակել այն: Դա համատեղ ապագայի լավագույն ճանապարհն է:

Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն այս ուղղությամբ աշխատանքի վերջին հանգրվանը չէ կարծես։ Ըստ Ձեզ՝ որո՞նք պետք է լինեն հաջորդ քայլերը Գերմանիայում։ 

– Խորհրդարանում մեր ճանաչմամբ մենք նաև ընդունեցինք մեր համատեղ պատասխանատվությունը: Ելնելով մեր պատմությունից՝ հիշատակի մշակույթի թեման մեծ նշանակություն ունի Գերմանիայի համար: Առանց մեր պատմության ճանաչման՝ մենք երբեք չէինք արժանանա Իսրայելի հետ հաշտության այն մակարդակին, որին կարողացանք հասնել 1945 թվականից հետո:

Այս ճանաչմամբ մենք հատկապես խրախուսում ենք Թուրքիայի կառավարությանը՝ ձեռնարկել ճանաչման առաջին համարձակ քայլը, որը կնպաստի հաշտեցմանը և տարածաշրջանում խաղաղ համակեցությանը: Մենք պատրաստ ենք այդ ճանապարհին աջակցել Թուրքիային, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակություններին:

Ամիսներ առաջ տեղի ունեցած Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը հերթական անգամ զգաց Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը, երբ Թուրքիան Մերձավոր Արևելքից հազարավոր վարձկանահաբեկիչներ ուղարկեց Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։ Այս պատճառով նաև այս ապրիլի 24-ն էապես տարբերվում է նախորդներից, քանի որ հայ ժողովուրդը հերթական անգամ գիտակցեց, որ թուրքական սպառնալիքը միայն անցյալի հարց չէ։ Հետաքրքիր կլիներ Ձեր դիրքորոշումը՝ ինչպե՞ս եք Դուք գնահատում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը։ 

– Ես արդեն դատապարտել եմ Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Սարսափելի էր տեսնել, որ մի երկիր, որը պատասխանատու է միլիոնավոր հայերի ոչնչացման համար, կրկին ներգրավվում է քրիստոնյա հայերի դեմ պատերազմում։ Երկարաժամկետ խաղաղության հաստատումը պահանջում է քաղաքական և հասարակական ջանքեր։ Թուրքիան չպետք է վտանգի տարածաշրջանի փխրուն կայունությունը: Ես հատկապես կոչ եմ անում զերծ մնալ ռազմական և ագրեսիվ հռետորաբանությունից։

Տեսանյութեր

Լրահոս