Անցյա՞լ, թե՞ ներկա. Ցեղասպանությունից 106 տարի անց թուրքական սպառնալիքը՝ մոտ, քան երբևէ

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն այս տարի հայ ժողովուրդը դիմավորում է տարածաշրջանում նոր՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի համար աննախադեպ ծանր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում:

106 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որոշակի մասշտաբով և ձևաչափով «կրկնվեց» Արցախում ամիսներ առաջ, երբ Թուրքիան մերձավորարևելյան վարձկանների, Ադրբեջանի միջոցով հարձակվեց Արցախի վրա՝ վերջ տալով մի քանի հազար հայ երիտասարդի կյանքին, գլխիվայր փոխելով ՀՀ անվտանգային միջավայրն ու սահմանները:

2020 թվականի երկրորդ կեսը, թերևս, հերթական սև էջը դարձավ հայ-թուրքական հարաբերությունների երկարամյա թշնամական պատմության  ընթացքում: Մինչ տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը փորձում էր «մարսել» անցյալը, աշխարհին ստիպել ճանաչել հայ ժողովրդի ողբերգական պատմությունը, նույնիսկ որոշակի փուլում փորձելով կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ներկան ոչ պակաս դաժան գտնվեց՝ ցույց տալով, որ թուրքական սպառնալիքը ոչ միայն անցյալ էր, այլև ներկա, և այն այլևս ՀՀ տարածքում է՝ Սյունիքում՝ թուրք-ադրբեջանական տանդեմն ակնկալում է ստանալ կամ ուժով պարտադրել միջանցք Սյունիքում:

Այս ապրիլի 24-ը նոր նշանակություն ունի շատերի համար, և այն այս անգամ, շատերի ընկալմամբ՝ Արցախյան պատերազմի, դրա հետևանքով ստեղծված ապագա սպառնալիքների ու դրանց դիմագրավելու մասին է, քան անցյալի:

Այս ապրիլի 24-ը չափազանց շատ հակասություններ ունի, երբ իշխանական աթոռները զբաղեցնողները, չնայած հայ ժողովրդի «թարմ վերքերին», Թուրքիայի հետ բարեկամության տարօրինակ քարոզով են զբաղվում, իսկ ԱԳ նախարարը, փորձագիտական հանրությունը և շատուշատ այլ գործիչներ համարում են, որ Ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, որի նշանակությունն այսօր առավել քան մեծ է: 106-րդ տարելիցը դիմավորում ենք աշխարհաքաղաքական մի իրավիճակում, երբ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը  որևէ ջանք չի ներդրել, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ անկախ հայկական գործոնից,  շատ մոտ է Ցեղասպանության ճանաչմանը՝ հաշվի առնելով ԱՄՆ ներքին քաղաքականությունը, թուրք-ամերիկյան հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները:

Սա նաև բացառիկ տարի է նրանով, որ ԱՄՆ նախագահին ճանաչման պահանջով են դիմել շուրջ 38  սենատորներ և 107 կոնգրեսմեններ թե Հանրապետական, թե Դեմոկրատական կուսակցությունից, ինչը նշանակում է, որ այս հարցում ԱՄՆ ներքաղաքական կյանքում տարաձայնություններ չկան: Հետպատերազմյան ապրիլի 24-ից առաջ միջազգային փորձագիտական հանրությունն ուշի ուշով հետևում է Թուրքիայի ուղերձներին, որոնց տոնայնությունը համեմված է թե դիվանագիտական ձևակերպումներով, թե ռազմատենչ հռետորաբանությամբ, և հետաքրքիր է՝ Թուրքիան, որը պատերազմից հետո ուղերձների է սպասում հայկական կողմից, ինչպիսի ուղերձ է հղելու վաղը հայ ժողովրդին: Սա բացառիկ իրավիճակ է, երբ հասարակության լայն շերտերի համար հասկանալի չէ՝ ինչ է սպասվում հայ-թուրքական հարաբերություններում, որն է լինելու և որը պետք է լինի Թուրքիայի հանդեպ ճիշտ քաղաքականությունը: Հասկանալի չէ նաև, թե Թուրքիան, որը միակողմանիորեն փակել է հայ-թուրքական սահմանը, ինչու դեռ չի բացել այն նույն միակողմանի ռեժիմով, չէ՞ որ Արցախյան հարցում թուրքական նախապայմաններն այսօր փաստացի վերացած են: Իսկ միգուցե Թուրքիան ցանկանում է, որպեսզի հայ ժողովուրդը հրաժարվի՞ Ցեղասպանության էջից ընդհանրապես, չէ՞ որ սա Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենացավոտ հարցերից մեկն է:

168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ թուրքական քաղաքականությունը պատմության ընթացքում չի փոխվել, պարզապես ժամանակ առ ժամանակ արտահայտվել է տարբեր գոտիներում, և այս անգամ Թուրքիան իր մեծապետական հավակնությունների պատճառով նաև դեպի այս տարածաշրջան «շարժվեց»:

«Համամիտ եմ այն պնդմանը, որ սա թարմացրեց անցյալը և ստվեր գցեց այն դատարկ տպավորության վրա, թե հնարավոր է անվտանգ հարևանություն Թուրքիայի հետ: Թուրքիայի քաղաքականությունը տարածվող է, այդ թվում՝ Ռուսաստանում, ես այս մասին շատ եմ խոսում, նրանք աշխատում են, այդ թվում՝ կրթական մակարդակում, այսինքն՝ այն տեղերում, որտեղ չեն կարողանում ուժով, օգտագործում են  հիմնականում soft power: Պետք է ճանաչել այդ քաղաքականությունը, ուսումնասիրել բոլոր մակարդակներում՝ հատկապես պատերազմից հետո, երբ տարածաշրջանում վերադասավորումներ են տեղի ունենում և նոր թեմաներ են սկսում շրջանառվել, որոնցից մեկն այսօր միջանցքի գաղափարն է, որն էլ իր հետ մի շարք սպառնալիքներ է բերում:

Սա կարևոր հանգրվան է թյուրքական աշխարհի համար, նրանք համարում են, որ այդ ճանապարհի բացակայությունը Ադրբեջանից Նախիջևան խոչընդոտ է եղել իրենց ճանապարհին, և նրանց պատմական նպատակն է եղել անընդհատ վերացնել այդ խոչընդոտը»,- ասաց վերլուծաբանը՝ դա պատահական թեմա չհամարելով:

Նրա խոսքով, Հայաստանի համար  որոշակի ժամանակ է հարկավոր՝ նախ պատերազմը, ապա՝ դրա հետևանքով ստեղծված արտաքին ու ներքին իրավիճակները ճիշտ ընկալելու և  դրանց նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար:

«Իսկ եթե ժամանակ է պետք, ապա ճակատագրական հարցերում շտապել ու որոշումներ կայացնել պետք չէ: Դրա ռեսուրսն այսօր Հայաստանն ունի, քանի որ Արցախում և Հայաստանում ռուս զինվորականներ կան, կան պայմանավորվածություններ, չնայած, սրա հետ մեկտեղ՝ կա պառնալիք և դրա զգացողություն: ԱՄՆ-ն է փորձում իրեն այլ կերպ դրսևորել: Սրանք հեշտ ու արագ հաղթահարելի իրողություններ չեն՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Պատմական հիշողությունը շատ հզոր  ազդեցություն  ունի Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում, կոմպլեքսները շատ են, Թուրքիան կցանկանար, որպեսզի Հայաստանը հրաժարվեր  Թուրքիային  ուղղված իր բոլոր պահանջներից, ու դրա համար գուցեև փորձի ինչ-որ սիմվոլիկ քայլ անել, իսկ դա ընդունելը կամ չընդունելն արդեն հայ ժողովրդի կամքն է: Ինքս այն համոզմանն եմ, որ սա մեկ-երկու ամսում լուծվող հարց չէ, չնայած աշխարհագրությանը, որը, թվում է, թե պետք է ծառայեր հարևանությանը, այս խնդիրը չափազանց խորը արմատներ ու մեծ հիշողություն ունի, կարծում եմ՝ չկա պատրաստակամություն և համապատասխան գիտակցում այն հաղթահարելու, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը տրամադրող չէ, դեռ շատ գործընթացներ են, իմ տպավորությամբ, տեղի ունենալու»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս