106 տարի անց․ ճանաչումից՝ ուրացում
Այս տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչվում է Հայաստան պետության փաստացի չգոյության պայմաններում։
Երեք տարի առաջ ապրիլի 24-ի նախօրեին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այս ընթացքում կարողացան պետության հիմքերը խարխլել այնքան ու այնպես, որ այսօր մենք Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչում ենք՝ որպես պետություն ու հասարակություն առավել թուլացած ու խեղճացած, քան երբևէ։
Իսկ պետության թուլացումը կամ չգոյությունն ուղիղ կապ ունի՝ ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այնպես էլ՝ Թուրքիայի կողմից սեփական ոճրագործությունն ընդունելու հետ։ Եվ եթե այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը գրեթե կապ չունի Հայաստանի հետ և առավելապես այդ երկրների հայկական համայնքների ու լոբբիների ջանքերի արդյունքն է (ինչպես որ այսօր ԱՄՆ նախագահի կողմից շատ հավանական համարվող քայլը), ապա Թուրքիայի կողմից ճանաչումն առաջին հերթին պայմանավորված է Հայաստան պետության հետ։
Իսկ հիմա միանգամայն հակառակ պատկերն է։
Արցախյան պատերազմից հետո Հայաստանը՝ որպես պետություն, կանգնել է լինել-չլինելու սպառնալիքի առաջ, իսկ գործող իշխանությունները գրեթե բաց տեքստերով խոսում են կույր խաղաղասիրության, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ինքնամոռաց, անարժանապատիվ խաղաղության մասին։
Այսօր, առավել քան երբևէ, Հայաստանը հեռացել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, իշխանությունն ամեն ինչ անում է այդ հարցն ընդհանրապես հայկական օրակարգից հանելու համար։
Իհարկե, դա չի նշանակում, թե այսօր Ծիծեռնակաբերդում պաթետիկ ու տափակ միջոցառումներ չեն լինի, կլինեն, ու հնարավոր է՝ առավել ճղճղան, քան երբևէ։
Նիկոլ Փաշինյանը գուցե հուզախառն ելույթ ունենա, հնարավոր է՝ անգամ բանաստեղծություն ընթերցի, անգամ կա հավանականություն, որ կարող է հանդգնել Թուրքիային թշնամի անվանել։ Բայց եթե դա անգամ տեղի ունենա, ապա լինելու է միայն տեսարանի համար, տեսարան, որը քողարկելու է այն խորն աշխարհաքաղաքական ավանտյուրան, որում ընդգրկվել է Նիկոլ Փաշինյանը, և որի հիմնական շահառուն Թուրքիան է։
Թուրքիայի համար կարևոր են լինելու ոչ այնքան այսօր Ծիծեռնակաբերդում հնչեցվելիք լալահառաչ տեքստերը, այլ այն քաղաքական ուղերձները, որոնք Հայաստանի իշխանությունն արդեն իսկ հասցրել է հղել Էրդողանին։ Իսկ դրանք ընդհանուր առմամբ հանգում են «Մոռանում ենք և նահանջում» գաղափարին, ի հակադրություն երեք տարի առաջ ապրիլի 23-ին մերժված իշխանության որդեգրած «Հիշում ենք և պահանջում» կարգախոսի։
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ամբողջական դատապարտումը կարող է տեղի ունենալ միայն ուժեղ հայկական պետականության պարագայում։
Իսկ դա հակամետ է այսօրվա իշխանության գոյությանը։ Իշխանություն, որն իր գործողություններով ու անգործությամբ հանգեցրել է ոչ միայն Արցախի զգալի մասի կորստին ու հազարավոր զոհերի, այլ նաև մեծագույն հարված է հասցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու դեպքում այդ գործընթացն աստիճանաբար տրանսֆորմացվելու է՝ ճանաչման պահանջից վերափոխվելով ուրացման պարտավորության։
Այս իշխանությունների պարագային ուրացումը ստացվում է հատկապես ու կատարելապես։
Հարություն Ավետիսյան