Գաղտնազերծում՝ հանուն պոպուլիզմի
Երեկ ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում խորհուրդ է տվել ԱԽ գաղտնազերծումները՝ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ, առանձին չկարդալ, այլ համեմատել գեներալի նոյեմբերի 17-ի հայտարարության հետ:
«Երբ ասում է՝ ես ասել եմ՝ պատերազմը 2-3 օրում կանգնեցրեք: Դուք հասկանում եք, չէ՞, որ նման առաջարկ անող գեներալ-լեյտենանտը չի կարող ասել, որ Ջաբրայիլում հաջողություններ ունենք, չի կարող ասել՝ թշնամին որևէ առաջընթաց չունի: Այսինքն՝ ես կարող եմ հասկանալ, որ նույնիսկ դիրք չեն գրավել: Ո՞նց կարող է Օնիկ Գասպարյանը իր տեքստում ասի՝ 2-3 օրում կանցնեցրեք պատերազմը, որը սուտ է, և իր զեկույցում ասի՝ թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել, Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ունենք, հայտարարի, որ բանակն իր խնդիրները կատարում է և շարունակելու է կատարել»,- շարունակել է Գրիգորյանը:
«Հետևենք» ԱԽ քարտուղարի խորհրդին և բերենք նոյեմբերի 17-ի Օնիկ Գասպարյանի հայտարարությունից մի հատված.
«Պատերազմից մենք չկարողացանք խուսափել և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման` Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա: Ցավոք, նաև մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:
Պատերազմի չորրորդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև Անվտանգության խորհրդի նիստերում:
Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ»:
Այսինքն, պատերազմի սկզբնական օրերին, այո, հաջողվել է թշնամու գրոհները հետ մղել, բայց դա չի նշանակում, որ պատերազմը 4-րդ օրը կանգնեցնելու անհրաժեշտություն չէր կարող լինել: Եվ եթե ԳՇ պետի առաջարկը չի ընդունվում, դա չի նշանակում, որ զորքը չպետք է շարունակեր իր առջև դրված խնդիրը կատարել, ինչպես կարծում է Արմեն Գրիգորյանը՝ իր մակերեսային դատողությամբ: Իհարկե, ամեն ինչ այնքան վտանգավոր չէր լինի, եթե գործ ունենայինք զուտ մակերեսային մտածողության հետ: Բայց Արմեն Գրիգորյանն այսօր խոստովանեց, որ այս հարցում ևս առաջնորդվում են պոպուլիստական մոտեցումներով և պատրաստ են հանուն իրենց ընտրազանգվածին պահելու՝ անվտանգային կարևորագույն կառույցի նիստին վերաբերող գաղտնազերծում անել՝ ստեղծելով շատ վատ նախադեպ: Եվ նրանց, բնավ, չի հետաքրքրում, որ իրենց, այսպես ասած, վերահսկողությունից դուրս գտնվող հասարակության մի հատվածի մոտ էլ այդ գաղտնազերծումները հարցեր են առաջացրել, ինչպես Գրիգորյանն է ասում՝ «որոշ խմբակի մոտ»: Եվ ոչինչ, որ այդ «որոշ խմբակը» գործից շատ ավելի է հասկանում, կարևորը՝ իրենց մասսային կարողացել են հերթական անգամ մանիպուլյացնել՝ կոնկրետ հատվածներ ընտրելով: ԱԽ քարտուղարը չի պատրաստվում Օնիկ Գասպարյանի՝ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում ներկայացված ամբողջ զեկույցը հրապարակել, ինչպես գեներալն առաջարկել է՝ միաժամանակ իմանալով, որ անընդհատ, օրինակ, Ջաբրայիլի մասին հիշատակելով, ԳՇ նախկին պետը հրապարակային քննարկում ռազմական օպերացիաների մասով չի ծավալելու:
Հիմա ինչ վերաբերում է ռեսուրսների բավարար լինելուն, պատերազմի առաջին օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ՊԲ-ի դեմ օգտագործվում է «թուրքական բանակում առկա, ավելի ճիշտ՝ ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքները, անօդաչուներ և ինքնաթիռներ»:
«Այն նույն F-16-ները, որոնք արդեն ամսից ավելի է՝ գտնվում են Ադրբեջանի տարածքում՝ սովորական կամ համատեղ զորավարժության անվան տակ, օգտագործել են առավոտյանից մինչև այժմ: Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, կռվում է Թուրքիան, ոչ միայն անօդաչու, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են զորամիավորումներ, զինվորականներ և այլն, չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին: Արցախը կռվում է` միայն օգտագործելով Պաշտպանության բանակի ուժերը, և, իհարկե, կլինեն կամավորներ միայն Հայաստանի Հանրապետությունից»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Հարությունյանը և շարունակել, որ հիմնական հարձակումները եղել են Ջաբրայիլի, Մատաղիսի, «Եղնիկների» ուղղությամբ,- նշել էր Արցախի նախագահը և հավելել,- Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմի, և սկսվեց, հարձակումը ամբողջ երկայնքով մեկ` Օմարից մինչև Արաքս, այո, ունենք կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում: Դիրք կորցրել ենք, կարող է կորցնենք նաև, դիրքեր գրավելու ենք հաստատ: Ուզում եմ հայտարարել` պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են: Այն մտահղացումը, այն ծրագիրը, որ ունի թշնամին, ես իրավունք ունեմ արդեն այդպես անվանել, ձախողվելու է»:
Սա միայն պատերազմի առաջին օրը կայացած ասուլիսին, իսկ պատերազմական գործողությունները բավականին արագ էին զարգանում, ինչը պետք է, որ ԱԽ քարտուղարն իմանար, նաև՝ այն խնդիրների մասին, որ եղել են: Եվ եթե, օրինակ, Ջաբրայիլի «պոլկը» իր խնդիրը կատարել է, այո, կատարել է, բայց իր խնդիրը, իսկ դա 1.5 կորպուսի հարված պահելը չէր:
Շարունակելով իշխանական մանիպուլյացիայի թեման, անդրադառնանք նաև ՊՆ-ի, ԳՇ-ի և գերագույն հրամանատարի գործառույթներին:
Ո՞վ է պատասխանատու չկատարված լրահամալրման և ձախողված մոբիլիզացիայի համար
Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմի օրերին ինքը ռազմական մի օպերացիայի հետ կապված խոսակցություն է մոդերացիա արել, այսինքն, ստանձնել է մոդերատորի դեր, մինչդեռ նման հասկացություն օրենքում չկա: Ավելին, մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յոթերորդ ՊՇ-ն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ ՊՇ-ն էլ հանձնել»:
Վերջերս ՀՀ պաշտպանության նախկին նախարարը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի որոշում էլ չի կայացրել, եղել է իր կողմից պնդում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որ գնա 7-րդ պաշտպանական շրջան և բեկում մտցնի, ինչը արվել է: «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ասվում է, որ պատերազմ հայտարարվելու դեպքում, ՀՀ վարչապետը՝ որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ: Այսինքն, եթե կա ձախողում, ապա դրա համար պատասխանատվություն է կրում նաև Նիկոլ Փաշինյանը:
«Արմնյուզին» տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահը նշել էր, որ գերագույն հրամանատարն ունի երկու կարևորագույն ֆունկցիա:
«Երբեք գերագույն հրամանատարը չի նստում այսպես քարտեզի կողքը, կամ կանգնում և տքնելով մտածում ու ասում` ա՛յ այս գունդը այստեղ պետք է գնա, այս դիվիզիան՝ այստեղ, այս հրետանին` այստեղ: Դա իր գործը չէ բնավ, և նույնիսկ, եթե ինքը քաջածանոթ լինի էդ իրավիճակին, ինքը իրավունք չունի դա անելու, որովհետև դրանով իսկ դու խոչընդոտում ես կոնկրետ հրամանատարին՝ իրականացնելու իր մտահղացումները, միևնույն ժամանակ, երևի, ինչ-որ չափով թուլացնում ես իր պատասխանատվությունը: Գերագույն հրամանատարը պարտավոր է մոբիլիզացնել երկրի ողջ ներուժը ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար, այն է` կանգնեցնելու հակառակորդին, կամ ջախջախելու հակառակորդին, կամ գոնե նվազագույնը՝ արժանի դիմադրություն ցույց տալու: Սա առաջին կարևորագույն պարտականությունն է: Բայց երբ մենք ինչ-որ պատճառներ ենք բռնում, բա՝ էսինչ պատճառով չկարողացանք լրահամալրում անել, էսինչ պատճառով չկարողացանք զորք ուղարկել, նորից փորձեցինք վերադառնալ ջոկատներին, որոնցից դեռևս 90-ական թվականներին էինք, այսպես ասած՝ ազատվել, դա նշանակում է` դու պետք է լռես:
Գերագույն հրամանատարի երկրորդ կարևորագույն ֆունկցիան այն է, որ նա պարտավոր է տիրապետել իրավիճակին և իրավիճակից բխող ռազմաքաղաքական որոշումներ կայացնել: Դրա համար ինքը ունի բոլոր գործիքները, և երբ գլխավոր շտաբի պետը զեկուցում է, այդ թվում՝ պաշտպանության նախարարը իր համաձայնությունն է հայտնում, դու ուղղակի պարտավոր ես անհապաղ ստուգել այդ իրավիճակը, ունենք հատուկ ծառայություններ, ունենք գլխավոր ռազմական տեսուչ, ունենք նաև այլ գործիքներ, ստուգել այդ իրավիճակը և իրավիճակից բխող որոշումներ կայացնել»,- շեշտել էր ՀՀ երրորդ նախագահը՝ պնդելով, որ գերագույն գլխավոր հրամանատարի դերակատարությունը ակնհայտորեն ձախողված է:
Ռազմաքաղաքական նպատակով ռեսուրսների մոբիլիզացիայի խնդիրը Փաշինյանը իրոք ձախողել է՝ մոբիլիզացիա տեղի չունեցավ, ինչը բերեց ցավալի հետևանքների:
Այսինքն, ՀՀ-ն չուներ պատերազմական իրավիճակում մոբիլիզացիոն պլան: Սեպտեմբերի 27-ին հայտարարվեց համընդհանուր մոբիլիզացիա, հետո ասվեց, թե ճիշտ է, հայտարարվել է համընդհանուր զորահավաք, բայց կատարում ենք մասնակի, բայց իրականում մոբիլիզացիա տեղի չունեցավ: Եվ բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդը, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, նրան որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդ էր:
Եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկե, գաղտնի են և չեն կարող բացահայտվել), ստեղծվեին համապատասխան ուժերը, ի վերջո, 44-45 օրը բավականին մեծ ժամանակ է, որ ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը: Սա մեծագույն ռազմաքաղաքական սխալ էր, և մնացած ամեն ինչը սկսվում է այստեղից: Այլ կերպ ասած՝ չկար կառավարման հստակ համակարգ, որի արդյունքում ստացանք այն իրավիճակը, որը ստացանք, եթե վերցնենք զուտ ռազմաքաղաքական գործոնը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ լրահամալրումը բանակի պատերազմի օրերին չի կատարվել Նիկոլ Փաշինյանի մեղքով:
«Լրահամալրումը, որպես այդպիսին, չի կատարվել, այն ավարտում են 48 ժամում: Բանակի համալրումը չի շարունակվել»,- օրերս «5-րդ ալիք»-ի եթերում կրկնել էր Հակոբյանը:
Նա հարկ էր համարել հիշեցնել՝ ԳՇ պետը համալրմամբ չի զբաղվում, այդ հարցում բանակում պատասխանատու է Պաշտպանության նախարարությունը՝ զինվորական կոմիսարիատների հետ, իսկ երկրում՝ երկրի վարչապետը և տարածքային ստորաբաժանումները՝ մարզպետարաններ, համայնքի ղեկավարներ:
«Դրանք են պատասխանատու: Վաենկոմատը այդ մարդուն տանում է մինչև զորամաս, հանձնում է այնտեղ, և ԳՇ-ն ընդամենը հաշվառում է՝ որտեղ է համալրումը կատարվել, կատարվե՞լ է, թե՞ ոչ: ԳՇ-ն, կորպուսի հրամանատարները, ՊԲ-ն այդ համալրման անձնակազմին ընդհանրապես չեն տեսնում, դա զինկոմիսարիատ-զորամաս գործընթացն է իրականացնում»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ ասել է՝ լրահամալրում, և մարտական կոչը, հնարավոր է, սրա տեղ է ընդունել:
«Մեդիամաքսին» տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։ Եվ այդ հարցերի շարքում նշել էր նաև զորահավաքը:
«2015 թ.-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։ Սահմանադրական փոփոխություններից հետո «Պաշտպանության մասին» օրենքում փորձ արվեց կարգավորել այդ անհստակությունը, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, այնուամենայնիվ, բավարար չէր»,- ասել էր Տոնոյանը:
Հավելենք, որ պատերազմից 4-5 օր առաջ մարդիկ ծանուցումներ են ստացել, իսկ թե ինչու մասնագետներին հետո չեն կանչել, սա, թերևս, կարելի է բացատրել քաղաքական դիտավորությամբ կամ անգործությամբ, և ոչ այնքան օրենսդրական ինչ-ինչ բացերով: Իսկ առհասարակ, յուրաքանչյուրն այս պատերազմի ցավալի արդյունքների համար պետք է իր գործառույթի շրջանակում պատասխան տա՝ լինի գերագույն հրամանատար, ԳՇ պետ, ՊՆ, և եթե որևէ մեկի գործառույթի չկատարման համար վերադասը խոչընդոտ է ստեղծել, ապա այդ մասին չպետք է լռել, ավելին, չպետք էր լռել:
ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում կրկնել է ավելի վաղ հնչեցված միտքը. «Մենք շահագրգռված ենք բազմակողմանի վերլուծությունների արդյունքում (քննիչ հանձնաժողովներ, քրեական գործեր) օբյեկտիվորեն ի հայտ բերել անհաջողությունների պատճառները և պատասխանատուներին ու նաև պատրաստ ենք պատասխանատվություն կրել մեր գործունեության համար, բայց նաև ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ քաղաքական ղեկավարությանը: Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Պատերազմները վարում են պետությունները և պետք է պատրաստվել պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Օնիկ Գասպարյանը նշել էր՝ «Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»: