Ե՛վ երկրի ղեկավարը, և՛ իշխանության այլ ներկայացուցիչներ պետք է շատ ավելի մեծ հարգանք ցուցաբերեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ․ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյան
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի գործով նիստի մեկնարկից առաջ արդեն նրա աջակիցները հավաքվել էին դատարանի բակում։ Այստեղ էր նաև ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ սյունեցի պատգամավորը դեռ դեկտեմբեր ամսին, իր մանդատը ստանալուց հետո, դուրս էր եկել «Իմ քայլը» խմբակցությունից:
Անդրադառնալով Փաշինյանի Սյունիք այցին, դրան հաջորդած ձերբակալություններին և Մեղրիի համայնքապետի դեմ հարուցված գործին՝ պատգամավորը նշեց․
«Հասկանալի էր, որ երբ Նիկոլ Փաշինյանին չընդունեցին Սյունիքում, և մարդիկ արդարացիորեն իրենց բողոքն արտահայտեցին, դրան հաջորդեց քաղաքական հաշվեհարդար։ Այսօր մենք գտնվում ենք դատարանի շենքի առջև, որտեղ քննվում է Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանի գործը, որն իրավական առումով չունի որևէ հենք։ Այսինքն՝ մարդուն մեղադրում են խուլիգանության մեջ այն դեպքում, երբ վերջինս իջել է իր համայնքի բնակիչների մոտ և փորձել հասկանալ՝ ինչ է կատարվում՝ հնարավոր բախումները կանխելու համար։
Այս մարդկանց նկատմամբ բացառապես քաղաքական հետապնդում է, որն ուղեկցվում է ձերբակալությունների ընթացքում ստորացումներով, անհամաչափ ուժի կիրառմամբ։ Սա պետք է դատապարտելի լիներ բոլորի կողմից․ ես, անկեղծ ասած, անձամբ ակնկալում էի, որ մի շարք պատգամավորներ այսօր այստեղ կլինեին՝ հստակ իրավական և քաղաքական գնահատականներով»։
Պատգամավորը լրագրողների խնդրանքով խոսեց նաև իշխանական շրջանակներից սյունեցիների հասցեին հնչող «մի խումբ խուժաներ են», «էդ սյունեցիների հախից մենք կգանք» ձևակերպումների մասին՝ շեշտելով, որ իր համար տարօրինակ է, երբ երկրի ղեկավարը տարբեր մարզերի հանդեպ տարբեր վերաբերմունք է դրսևորում․
«Մի մարզ է գնում և ասում՝ ես խոնարհվում եմ ձեր առաջ, և դրան ծափահարություններ են հաջորդում, բայց մի այլ մարզ է գնում, որտեղ բողոք են արտահայտում, որտեղ նրանց ուղղակի խուլիգան է անվանում։
Դա նույն ժողովուրդն է, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են․ այդ ի՞նչ որակումներ են։ Ես կարծում եմ, որ և երկրի ղեկավարը, և՛ իշխանության այլ ներկայացուցիչներ պետք է շատ ավելի մեծ հարգանք ցուցաբերեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական և քաղաքացիական հայացքներ ունեն վերջիններս»։
Պատգամավորը, գնահատելով հետպատերազմյան Հայաստանի անվտանգային խնդիրները, նշեց, որ անվտանգային համակարգը, ինչպես ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սյունիքի մարզում այսօր գոյություն չունի․ «Այո՛, մեր սահմաններն ամբողջությամբ անվտանգ չեն, որովհետև, մեծ հաշվով, այն սահմանին, որ երկարել է 500 կմ-ից ավել, դեռևս չեն կանգնում հայ սահմանապահները։ Առանձին կետեր, իհարկե, կան, բայց հենակետերը բավարար չափով չեն, որպեսզի ապահովեն ամբողջ անվտանգությունը։ Այնտեղ, իհարկե, կան նաև ռուս խաղաղապահներ, բայց ի՞նչ է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունն իր ձեռքերը ծալած է նստում, խոսում է բանակի մասին շատ անհայտ ձևակերպումներով և հույսն ամբողջությամբ դրել է Ռուսաստանի վրա։ Ո՛չ, ՀՀ քաղաքացին հստակ պահանջներ ունի իր երկրի ղեկավարությունից, իշխանությունից։
Տեսե՛ք, շուռնուխցիների բողոքը նույնիսկ Երևանում նստած մարդիկ ոչ միանշանակ են ընկալում, բայց հասկանո՞ւմ եք՝ էդ մարդկանց եկել իրենց տնից հանել են, ասել են՝ սա այլևս ձեր տունը չի, դուք երեսուն տարի էստեղ ապրել եք, հիմա տեղափոխվեք։ Մարդիկ ճանապարհից վերև են անցել ապրելու և ամեն առավոտ արթնանում-տեսնում են, թե ինչպես է թշնամին՝ ադրբեջանցին, նստած իր տանը, դրանք շատ ցավալիորեն իրողություններ են, և մարդիկ արդարացիորեն բարձրաձայնել են իրենց բողոքի ձայնը»։