Ադրբեջանը մտավախություններ ունի, որ ապաշրջափակումը կստվերվի կամ կձգձգվի. ռուս քաղաքագետ

«Ադրբեջանը հասկանում է, որ ճանապարհների ապաշրջափակումը երկարատև գործընթացի կարող է վերածվել, ինչը կարող է թուլացնել պատերազմից հետո հաղթանակի ուժը՝ դրանով իսկ ամրապնդելով Հայաստանի բանակցային դիրքերն ապագայում: Ուստի ցանկանում է, որ բոլոր որոշումները կայացվեն շուտափույթ կերպով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Սյունիքի հարցին և Ալիևի սպառնալիքներին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ, որ Հայաստանին որոշումներ է պարտադրելու: Օրերս նա հերթական անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը կիրագործի Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա՞ դա Հայաստանը, թե՞ ոչ:

«Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»,- նշել է բռնապետը:

Նա նաև ասել է, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար. «Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»: Բացի այդ, Ալիևն ասել է, որ «Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, որով այն կարողանա սպառնալ Ադրբեջանին»: Նշենք նաև, որ նախօրեին նաև փոխհրաձգություն էր տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաև կրակոցներ էին արձակվել դեպի Ստեփանակերտ: Այս երկու միջադեպերն արձանագրել ու իրենց լույսի ներքո էին ներկայացրել ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ նախ պետք է հասկանալ, որ ճանապարհների հարցը լուծվում է բանակցային սեղանի շուրջ երեք կողմերի միջև, այսինքն՝ սա կոնկրետ գործընթաց է, կան բանակցություններ և ենթադրվում են համաձայնեցումներ:

Ըստ նրա, որքան էլ պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է խոսել ուժի դիրքերից, նման ձևաչափով աշխատանքը բանակցային լուծումներ է ենթադրում և չի կարող ծառայել միայն մեկ կողմի ցանկություններին ու շահերին:

«Պետք է հասկանալ նաև, թե ինչ իրողություններ են տարածաշրջանում և կոնկրետ այդ գոտում՝ Սյունիքի անվտանգության ապահովման մի մասը ստանձնելու է Ռուսաստանը, ինչպես հասկացանք վերջին մի շարք հարցազրույցներից հետո: Նույնիսկ առանց դրա Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և օգտվում է ՀԱՊԿ-ում իր բոլոր իրավունքներից:

Բացի այդ, բոլոր ճանապարհների շուրջ կողմերը բանակցում են, եթե չեն գալիս համաձայնության, և Ադրբեջանը դիմում է ոտնձգությունների, խախտում է Ռուսաստանի հետ իր պայմանավորվածությունները: Ադրբեջանը հասկանում է, որ սա կարող է վերածվել երկարատև գործընթացի, ինչը կարող է թուլացնել պատերազմից հետո հաղթանակի ուժը, դրանով իսկ ամրապնդելով Հայաստանի բանակցային դիրքերն ապագայում, ուստի ցանկանում է, որ բոլոր որոշումները կայացվեն շուտափույթ կերպով:

Բայց հասկանում ենք, որ Հայաստանում այդ առաջարկը չի ընդունվում, արժանանում է դիմադրության, միջնորդ երկրները, այդ թվում՝ նախկին միջնորդները, որոնք գուցե սկսեն կրկին աշխատել, առավել հետաքրքրված են տարածաշրջանում տիրող իրավիճակով և քաղաքական կարգավորմամբ:  Ադրբեջանն ունի մտավախություններ, որ այս խոսակցությունը կստվերվի կամ կձգձգվի, բայց հասկանալի է, որ նման բարդ հարցերի շուրջ բանակցությունները կարող են անհեռանկար լինել, հատկապես, երբ քաղաքական կարգավորում չկա, և այդ հարցով տարաձայնությունները պահպանվում են»,- ասաց փորձագետը:

Նրա տպավորությամբ՝ պատերազմից հետո շատ այլ նոր գործընթացներ ու միտումներ են ի հայտ գալիս, դրանց գումարվում են ավանդական բոլոր տարաձայնությունները, և չնայած տեղի է ունեցել պատերազմ, իրավիճակը բավականին ինտենսիվ ու բազմակողմանի է, քանի որ առնչվում է բոլոր տերություններին ու հակամարտային գոտիներին:

«Այստեղ առանցքային հարց է, որ նոր են սկսվում ԱՄՆ ճնշումները Ռուսաստանի ու Թուրքիայի նկատմամբ, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, քանի որ դրանց զուգահեռ այլ հարթություններում ևս գործընթացներ կան՝ Թուրքիան բարդ ու կարևոր խաղացող է, որի հետ հարաբերությունները՝ և ԱՄՆ-ի դեպքում, և Ռուսաստանի դեպքում, հակամարտային ու համագործակցային են, Թուրքիայի համար պայքարը նոր փուլ է թևակոխում»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը սարերի ետևում չէ:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությանը՝ Լուկիանովն ասաց, որ դա հնարավոր է: «Նախագահի մակարդակով ճանաչումը հնարավոր է այնքանով, որքանով Օբամայի վարչակարգի գործունեության ընթացքում: Ամերիկացի պաշտոնյաների արձագանքներն ու ԶԼՄ-ների անդրադարձերը ցույց են տալիս, որ այս վարչակարգը լավ ծանոթ է թեմային, ու չի բացառվում, որ այն օգտագործի, քանի որ մամուլում այս թեմայի նման ակտիվ շրջանառումը պատահական, կարծում եմ, չի կարող լինել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս