«Պետք է խուսափենք, այսպես ասած, «Մեղրիի միջանցքից», ստեղծված իրավիճակում մենք պարզապես չենք կարող նման բան թույլ տալ». Ռուբեն Սաֆրաստյան
Ապրիլի 17-ին Վայոց Ձոր կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բնակիչներին ասել էր, թե «Մեղրիի միջանցքի» հարց այս պահին չի քննարկվում, ավելին՝ եթե այդ հարցը քննարկվի, ապա հայկական կողմն էլ առաջ կքաշի «Նախիջևանի միջանցքի» հարցը։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո փորձագիտական շրջանակների մոտ առնվազն զարմանք էր առաջացրել այն, որ երկրի ղեկավարը հստակ չէր հայտարարել, որ նման բան չի կարող լինել, և առհասարակ ըստ նրանց՝ Նախիջևանի միջանցք եթե լինի էլ, ապա գրեթե վստահ են, որ զուտ անվտանգության տեսանկյունից ելնելով՝ Հայաստանն այն չի օգտագործի՝ գնալու Ռուսաստան կամ, օրինակ, Իրան։
168.am–ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին՝ նախ նշեց՝ «Մեղրիի միջանցքը» և Նախիջևանի միջանցքը համարժեք չեն, որովհետև «Մեղրիի միջանցքն» Ադրբեջանի ու Թուրքիայի վաղեմի պանթուրքիստական ծրագրերն են։
«Այս երկուսն իրար ոչ համարժեք են, և պետք չէր նման համեմատություն անել։ Նախկինում էլ եմ ասել, այսօր էլ եմ կրկնում, որ մենք այսօր պետք է խուսափենք, այսպես ասած, «Մեղրիի միջանցքից», ստեղծված իրավիճակում մենք պարզապես չենք կարող նման բան թույլ տալ, դրանով մենք ավելի կթուլանանք»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա հիշեցրեց, որ դեռևս Խորհրդային Միության ժամանակ Նախիջևանի այդ ճանապարհով անցել է, և դեռևս այն ժամանակ ճանապարհը հայերի համար անվտանգ չէր։
«Գնացքի աշխատակիցները Նախիջևանում ուղևորներին խորհուրդ էին տալիս պատուհաններից գլուխները դուրս չհանել, քանի որ այն ժամանակ երեխաները քարերով խփում էին, այդպես էր նրանց հրահանգված։ Եթե այն ժամանակ քարով էին խփում, հիմա, պարզ է արդեն, թե ինչով կխփեն։ Այնպես որ, այդ ճանապարհով չեն կարողանալու ու դժվար կլինի ապահովել անվտանգություն»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և այդ համատեքստում Միացյալ Նահանգներից եկող դրական ազդակներին, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ կդժվարանա ասել՝ ՀՀ իշխանությունները ներքին խողովակներով աշխատո՞ւմ են ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ, թե՞ ոչ։
«Հիմա հայկական կողմի շանսերը մեծ են, և ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվի։ Այսօր ԳԱԱ-ում քննարկում էր, և բոլորիս ընդհանուր եզրակացությունն այն էր, որ այսօր էլ Ադրբեջանն ու Թուրքիան հայերի նկատմամբ շարունակում են իրենց ցեղասպան քաղաքականությունը»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։