Աղանդավորներն ու ՀԿ-ները որոշիչ դեր կունենան ընտրություններին. Ալեքսանդր Ամարյան
«Հոգևոր և ազգային արժեքների ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի կարծիքով՝ աղանդավորական կազմակերպություններն այս անգամ էլ անմասն չեն մնա մեր երկրում սպասվող ընտրական գործընթացներից: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ամարյանը պնդեց, որ 2018-ին նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել իշխանափոխության գործում:
«2018թ.-ին մենք տեսանք կրոնական կառույցների ակտիվությունը և վերջնական պատկերը: Նրանք ակտիվ խառնվեցին և հասան իրենց նպատակին, մտան իշխանության մեջ, կլինի ղեկավար թե շարքային աշխատող, ուղղակի սպասարկող, բայց իրենք նպատակ ունեին, որ իրենց կառույցը բարգավաճի: Հայաստանում գործող կրոնական կառույցները, բացի մեկից, ֆինանսավորվում են արտասահմանից: Ունենք կառույցներ, որոնք Թուրքիայում ունեն մասնաճյուղեր, ունենք կառույցներ, որոնք սերտ կապերի մեջ են ադրբեջանական կրոնական իրենց քույր աղանդավորական եկեղեցու հետ»,- ասաց Ամարյանը:
«Հոգևոր և ազգային արժեքների ազգային ճակատի» ղեկավարը պատմեց, որ արդեն մեկ ամիս է՝ իրեն դիմում են շատ մարդիկ՝ պահանջելով բոլոր կրոնական կառույցների տվյալները, որ կարողանան նրանց հետ աշխատել:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրոնական կառույցներն արդեն իրենց խոստումները բոլորին տվել են և միանշանակ արդեն պատրաստ են: Այնտեղի մեխանիզմն ի՞նչն է, որ պետք չէ բոլորի հետ համաձայնության գալ, հովվի հետ պայմանավորվում են, գումարը տրվում է հովվին, հովիվն աղոթքի ժամանակ ասում է՝ «ձայնը տալիս ենք էս մարդուն», և բոլոր անդամները միանշանակ ընտրության օրը ձայնը տալիս են այդ մարդուն: Հովվի ասածն օրենք է աղանդավորների համար»,- ասաց Ամարյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացներին խառնվում են անգամ Եհովայի վկաները, որոնց մասին կար տեսակետ, թե հրաժարվում են պետության գործերին խառնվել: Ալեքսանդր Ամարյանը ներկայացրեց, որ տարբեր կազմակերպություններ սպասարկում են տարբեր երկրների շահեր, օրինակ՝ նրա պնդմամբ՝ մորմոններին ֆինանսավորում է ԱՄՆ դեսպանատունը:
«Այսօրվա դրությամբ կրոնական կառույցներն արդեն խոստացել են, թե ում օգտին են մասնակցելու, քվեարկում են նրա օգտին, ով մեծ փող է տալիս, իսկ փող բոլորը տալիս են: Ով կանգնած է փողի գլխին, նրա հետևից կրոնական կառույցները գնում են: Իրենք հիմա իշխանական թևի մեջ են, եթե իշխանությունը փոխվեց՝ իրենց համար վատ օրեր են սկսվելու, և միանշանակ իրենք պետք է պաշտպանեն այդ ճյուղը, որ շարունակեն մնալ իշխանության մեջ: Իսկ թե ո՞վ ով է, բազմիցս հրապարակումներ եղել են, նույնիսկ իրենք չեն հրաժարվել, որ կրոնական կառույցից են»,- ասաց Ամարյանը:
Հարցին, թե ի՞նչ թվաքանակի մասին է խոսքը, և արդյոք աղանդավորները կարո՞ղ են փոխել ընտրության ելքը, «Հոգևոր և ազգային արժեքների ազգային ճակատի» ղեկավարը պատասխանեց.
«Հիմնականում մասնակցում է խարիզմատ եկեղեցին, իսկ նրանք մոտ 200.000 անդամ ունեն: Խարիզմատ եկեղեցու մեջ մտնում են՝ «Կյանքի խոսքը», բողոքական ճյուղն են քրիստոնեական: Մեկ ձեռք է, տարբեր մատներ, և մատները շատ են: Աղանդավորներն ընտրությունների 30 %-ը կկազմեն, որոշիչ դեր կունենան, աղանդավորները, ՀԿ-ները»:
Ամարյանի պնդմամբ՝ գործող իշխանությունը հանդուրժող է աղանդավորների նկատմամբ, իսկ մարդիկ նման խմբերի անդամ են դառնում սթրեսային իրավիճակներից հետո:
«Զոմբի դառնալու համար շատ բան պետք չէ, մի հատ լավ մանիպուլյատոր»,- ասաց Ամարյանը:
Նրա խոսքով՝ աղանդավորական կազմակերպությունների դեմ պայքարի մեթոդներ չկան, ցանկալի է ուղղակի նրանց հետ քննարկումների մեջ չմտնել, չկա նաև այդ կազմակերպությունները փակելու հիմք: Ամարյանի պնդմամբ՝ սպասվող արտահերթ ընտրություններին սպասվում է «կոմպրոմատների պատերազմ»:
«K7-ի արխիվները գիտե՞ք, այդ արխիվները Վանոյի արխիվներն են, այդ արխիվացումը շարունակաբար գնում է, և չի բացառվում, որ մոտակա ժամանակ այդ արխիվների հրապարակումը լինի: Վանոն արդեն ոչ մի կապ չունի, այստեղ չէ, չեմ կարծում, որ արխիվները տարած լինի, ստեղ են, այ դրանք կսկսեն հրապարակել: Չեմ կարող ասել՝ Փաշինյա՞նը կբացի արխիվները, թե՞ հակառակորդ կողմը, ում ձեռքը որ հայտնվեց, կամ հայտնվելու է, նա էլ կհրապարակի»:
Լրագրողի հարցին, թե աղանդավորները իշխանության քանի՞ տոկոսն են կազմում, Ամարյանը պատասխանեց.
«Չեմ կարող ասել, շատ են: Օրինակ՝ կա նախարար, որի ամուսինը աղանդավոր է, կա աշխատակազմի ղեկավար, կան աշխատակազմի աշխատողներ, նախարարության աշխատողներ, կա օգնական, որը վարսավիր է, պատգամավոր էլ կլինի, ինչի՞ չէ, պատգամավորի օգնական կլինի: Ընտրությունից հետո կհրապարակեմ: Աղանդավորներ կան և՛ օրենսդիրում, և՛ գործադիրում, և՛ ուժային կառույցներում, բոլոր ուժային կառույցներում առկա են»: