
Շոյգու. ՀՌՕ ուժերի կուտակումը պայմանավորված է ՆԱՏՕ-ի գործողություններով Անդրկովկասում

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորքերի մարտունակությունը մեծանում է Կովկասի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում իրավիճակի նորմալացմանն ընդդիմանալու ՆԱՏՕ-ի փորձերի պատճառով, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անկայուն վիճակ է նկատվում Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և Անդրկովկասի մի շարք երկրներում: Դրա նորմալացմանը դիմագրավելու դաշինքի փորձերը մեզ ստիպում են ռազմավարական զսպման սիմետրիկ միջոցառումներ ձեռնարկել և ավելացնել Հարավային ռազմական օկրուգի զորքերի մարտական կարողությունները»,- ասել է Շոյգուն Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի նիստին:
Մասնավորապես, ըստ նախարարի, «մարտական կազմի կատարելագործման շրջանակներում անցյալ տարի 54 կազմակերպչական միջոցառում է անցկացվել, որոնց հիմնական մասը ևս մի մոտոհրաձգային դիվիզիայի ձևավորումն էր»:
«Զուգահեռ օկրուգի շարունակական վերազինում է իրականացվում: 2020 թվականին զորքերն ավելի քան 3.2 հազար միավոր ժամանակակից զենք ու ռազմական տեխնիկա են ստացել, իսկ նրանց մասնաբաժինը զորամասերում և միավորումների կազմում 70 տոկոս է կազմել»,- ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ ռազմական կառավարման մարմինների պատրաստման ժամանակ կառավարման նոր համակարգեր են կիրառվում, աճել է պրակտիկ միջոցառումների որակը: Նրա խոսքով՝ Հարավային ռազմական շրջանի գործունեության ծրագրերի իրականացումը դիտարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսյան հրամանագրերի ևՍոչիի հանդիպումներին հաջորդած նրա հանձնարարականների կատարման շրջանակներում: