Արցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա
Դեռևս 8 ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ տևական ժամանակ ունեցած առողջական խնդիրները անհամատեղելի են իր քաղաքական գործունեության հետ, և ստիպված է վայր դնել պատգամավորական մանդատը։
Նախորդ տարի նոյեմբերի 23-ին 168.am-ը գրել էր, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը Թանդիլյանին առաջարկել է գործուղվել Արցախ՝ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար նշանակվելու նպատակով։ Եվ թեպետ նույն օրն իսկ Մանե Թանդիլյանը հերքել էր իրեն Արցախում նախարարի պաշտոն առաջարկելու մասին մեր հրապարակումը՝ այն համարելով ֆանտազիայի ժանրից, հետագայում լուրը հաստատվեց, և Թանդիլյանն այդ նշանակումը բացատրեց Արցախում եղած լրջագույն մարտահրավերներով ու հայտարարեց, որ տեղափոխվում է Արցախ՝ ապրելու և «ապրեցնելու Արցախը հայերեն»։
168.am-ի ունեցած տեղեկություններով, սակայն, առաջիկայում Թանդիլյանը վերադառնալու է Հայաստան՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Թանդիլյանը, ինչպես նախորդ անգամ Արցախ գործուղվեց Փաշինյանի առաջարկով, այժմ ևս Հայաստան է գալիս՝ մասնակցելու արտահերթ ընտրություններին, բնականաբար, ընդդիմության ձայները մասնատելու նպատակով:
Փաշինյանի առաջարկով Թանդիլյանը գլխավորելու է «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը, որը ներկայումս հանդիսանում է իշխող «Իմ Քայլը» դաշինքի անդամ։
Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցության նախագահ է հանդիսանում Հայաստանի ներկայիս սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով մինչև նախարար նշանակվելը հանդիսացել է «Մոգո» վարկային կազմակերպության տնօրենը։ Ներկայումս դատական ակտերի datalex որոնողական համակարգում կարելի է գտնել հարյուրավոր դատական գործեր, որոնցով Առաքելյանի ղեկավարած կազմակերպությունը քաղաքացիներից պահանջում է վարկի գերբարձր տոկոսներով գոյացած գումարները:
Իհարկե, նման հակասոցիալական տոկոսներով վարկային կազմակերպության ղեկավարին ՀՀ սոցիալական հարցերի նախարար նշանակելը տեղավորվում է Փաշինյանի վարած քաղաքականության մեջ, և այստեղ զարմանալու ոչինչ չկա:
Նախորդ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ինչպես հիշում ենք, Փաշինյանին հաջողվեց «Լուսավոր Հայաստանից» անջատել Հայկ Կոնջորյանին՝ երաշխավորելով նրան անցողիկ տեղ խորհրդարանում: Հաջողված փորձն էլ ըստ էության նրան թույլ տվեց հնարքը կրկնել նաև Մանե Թանդիլյանի պարագայում:
Քանի որ իշխող ուժի ձայների ավելացումը դյուրին գործ չէ, Փաշինյանը որոշել է մասնատել ընդդիմության ձայները՝ այս անգամ նախարարական պորտֆել խոստանալով Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին, անկախ իրենց հավաքված ձայներից:
Հայաստանում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ պաշտոնյաները փոխել են իրենց թիմերը և սկզբունքները՝ քաղաքական պատճառաբանություններ ներկայացնելով։ Թերևս, սա առաջին դեպքն է, երբ ճամբարափոխության համար Թանդիլյանը շահարկել է սեփական առողջությունը, ինչը, թերևս, բնորոշ է գործող իշխանության ներկայացուցիչներին և վերջիններիս արբանյակներին։
Ինչևէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը, իսկ թե ո՞վ է ֆինանսավորելու Մանե Թանֆիլյանի գլխավորած «Առաքելության» ընտրարշավը, կարծում ենք, դժվար չէ հասկանալ: Ամեն դեպքում առաջիկայում կհրապարակենք նաև այդ խոշոր գործարարի անունը: