Երևանի ավագանու իմքայլական անդամներից մեկը հրաժարվել է մանդատից. նոր անդամն էլ այսօրվա նիստին չէր ներկայացել
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 18 հարց, նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մինչև օրակարգը հաստատելը Մարությանը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու իմքայլական անդամներից մեկը վայր է դրել մանդատը:
««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Համաձայն ԿԸՀ 2021թ. մարտի 22-ի համար 29 արձանագրության՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աննա Պապյանին»,- ասաց Մարությանը:
Երբ Մարությանը ցանկացավ շնորհավորել ավագանու նոր անդամին պարզվեց, որ նա նիստին չէր ներկայացել:
«Աննա Պապյանը չի եկել, շնորհավորում ենք Աննա Պապյանին, համենայն դեպս»,- ասաց Մարությանը: