ԱՄՆ-ը Ղարաբաղյան գոտում կփորձի գործել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս․ միջազգայնագետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքական թիմի եվրասիական տարածաշրջանի փորձառու դիվանագետները սկսում են զբաղվել Հարավային Կովկասի խնդիրներով, որոնցից ամենաառանցքայինը ներկայումս Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է։

Վերջերս Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթն էր նշել, թե Վաշինգտոնը պատրաստ է օգնելու Երևանին և Բաքվին վերջնական լուծելու ղարաբաղյան հակամարտությունը, որը, նրա որակմամբ, Մոսկվան միտումնավոր չի ցանկանում կարգավորել։

Սրան հաջորդեց ապրիլի 15-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ամերիկյան դիվանագիտության վետերան, դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հանդիպումը սենատորների հետ, ըստ Ամերիկայի ձայնի, որի ընթացքում ամերիկացի դիվանագետը շեշտել է, որ ավելի քան երկու տասնամյակ աշխատել է Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ խնդրի շուրջ:

Նա ԼՂ շուրջ տեղի ունեցածը որակում է՝ «ամբողջական ողբերգություն շատերի համար տարածաշրջանում»:

«Պետք է հասնենք գերիների ազատ արձակմանը, պետք է վերականգնենք մարդասիրական օգնության տրամադրումը, պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի երկիրը կարող լինի ինքնուրույն կայացնել սեփական որոշումները։ Եվ մենք պետք է խոսենք մեր դաշնակից Թուրքիայի հետ»,- ասել է Նուլանդը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարը նախկինում անդրադարձել է Թուրքիայում ընթացող միտումների շուրջ երկխոսության անհրաժեշտությանը: Ամերիկացի դիվանագետը կոչ արեց շարունակել ճնշում գործադրել Թուրքիայում «ժողովրդավարության և մարդու իրավունքների, մամուլի ազատության» հիմնախնդիրների հարցում:

Ըստ նրա, անհրաժեշտ է միասին վերադառնալ նույն էջին Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերում:

«Լուրջ աշխատանք ունենք կատարելու մեր երկկողմ հարաբերություններում, որպեսզի փարատվեն մեր մտահոգությունները ոչ միայն այն կապակցությամբ, թե ինչ է անում Թուրքիան իր երկրի սահմաններից դուրս, այլ նաև՝ իր երկրի ներսում»,- ասել է Նուլանդը:

Պետքարտուղարի տեղակալը կարևորել է կովկասյան երկրներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նա կողմնակից է ակտիվ դիվանագիտության, բարձրաստիճան ղեկավարության հետ երկխոսության՝ ԱՄՆ-ի տնտեսական և մարդասիրական գործիքակազմի ակտիվ կիրառմամբ:

168am-ի հետ զրույցում գերմանացի միջազգայնագետ Սյուզան Ստյուարտն ասաց, որ Վիկտորիա Նուլանդը Պետքարտուղարությունում առանցքային ֆիգուր է, ում դիրքորոշումները որոշիչ են՝ հաշվի առնելով նրա անցած ճանապարհը թե՛ Հարավային Կովկասի երկրների հետ ամերիկյան քաղաքականությունն ուրվագծելու, թե՛ Արևելյան գործընկերության երկրների հետ աշխատելու ընթացքում։

Ըստ Սյուզան Ստյուարտի, նրա անունն ավելի լայն շերտերին հայտնի դարձավ ուկրաինական Մայդանի իրադարձությունների շրջանում, նա էր ըստ էության Ուկրաինայում ամերիկյան քաղաքականության բոլոր որոշումները կայացնում, տեղում հետևում զարգացումներին, և այլն։

«Այսինքն՝ նա պատահական դիվանագետ չէ, լավ տիրապետում է թե՛ պատմությանը, թե՛ ներկայիս իրողություններին, և եթե Հայաստանի և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գնահատականներ է տալիս, ապա կարելի է վստահորեն ասել, որ դրանք կլինեն ներկայիս ադմինիստրացիայի առաջնահերթությունները։

Իրականում շեշտադրումը հումանիտար խնդրին չափազանց ակտուալ է այսօր, քանի որ տեսնում ենք, որ որոշ հարցերում լուրջ խնդիրներ են առաջացել, և ոչ մի կերպ չի հաջողվում բեկում մտցնել իրավիճակում։ Հայաստանի սուբյեկտայնության խնդիրը ևս պատահական չէ, քանի որ պատերազմի մեզ բոլորիս հայտնի արդյունքներից հետո դա ամենակարևոր հարցերից մեկն է։ Եվ այստեղ ամենակարևորը Թուրքիան և Ռուսաստանն են։

Պատահական չէ նաև, որ ամերիկացի դիվանագետը խոսում է Թուրքիայի հետ երկխոսության մասին, քանի որ Թուրքիան համարվում է գործընկեր՝ անկախ այն խնդիրներից ու տարաձայնություններից, որոնք կան, իսկ Ռուսաստանը՝ հակամարտ երկիր, և ԱՄՆ-ը համագործակցելով, ճնշումներ գործադրելով Թուրքիայի նկատմամբ՝ պետք է փորձի թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։

ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ մեծ վստահություն չկա, ընդհանրապես որևէ երկրի հետ Թուրքիան ներկայումս չունի փոխվստահելի հարաբերություններ՝ հաշվի առնելով իշխանությունների «մանյովրային» բնույթն ու մեծապետական հավակնությունները։ Թուրքիան, որքան էլ գործընկեր, պինդ ոսկոր է ամերիկյան քաղաքականության համար, և այս տարածաշրջանում հիմնական ջանքերն ուղղված են Թուրքիային, և որքան էլ տարօրինակ թվա, բոլոր հույսերը կապվում են Թուրքիայի հետ»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ դեռ որոշակի ժամանակ կպահանջվի թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար։

Նրա խոսքով, պետքարտուղարի տեղակալը խոսում է նախկինին վերադառնալու մասին, քանի որ Թրամփի արտաքին քաղաքականությունը համարում են տապալված ու կորսված։

«Ցանկանում են վերադառնալ Թրամփի նախորդ աշխատակազմի վարած արտաքին քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակին։ Իհարկե, թե որքանով է դա հնարավոր՝ հատկապես պատերազմական գոտիներում, դժվար է ասել, բայց ԱՄՆ-ը կարող է որոշակի ազդեցություն վերականգնել, մասնակցել բանակցային գործընթացին, ակտիվացնել Մինսկի խումբը, որի դեպքում ԱՄՆ-ը պետք է վերսկսի համանախագահության ձևաչափում աշխատել Ռուսաստանի հետ, այստեղ Թուրքիան՝ որպես տարածաշրջանային տերություն, կթուլանա։ Բացի Մինսկի խմբից, ԱՄՆ-ը ևս, դատելով այս ելույթից, առանձին քայլեր կձեռնարկի տարածաշրջանում ՝ անկախ համանախագահությունից, որը թուլացած է այսօր, ինչպես սովորւաբար արել է Ռուսաստանը՝ ունենալով բացառիկ հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս