«Կոչ եմ արել Եվրոպայի Խորհրդին օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵԽ քաղաքական խմբերում քննարկվեց հայ ռազմագերիների հարցը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է և քաղաքական խմբերում սկսվել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը:

Եվրոպայի ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը ևս բավականին թեժ էր։

Ես ներկայացրել եմ անհերքելի փաստեր՝ հաստատված Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հայ ռազմագերիների թվի վերաբերյալ, ներկայացրել եմ փաստեր հայ ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ և խոսել եմ միջազգային իրավունքի և միջազգային այն կոնվենցիաների մասին, ըստ որոնց, Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերադարձնել հայ ռազմագերիներին:

Նշել եմ նաև, որ Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, անամոթ և միջազգային իրավունքը ոտնահարող լկտի սուտ է և կոչ եմ արել Եվրոպայի Խորհրդին օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար։

Բնականաբար, ադրբեջանական պատվիրակության անդամները խեղաթյուրելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը կրկին շեշտեցին, որ նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն և նրանց հանդեպ դեռևս իրավական-դատական գործընթաց պիտի տեղի ունենա, և չունենալով որևէ լուրջ հակափաստարկ, նրանք սկսեցին խոսել, որ անցած 30 տարիներին «զավթվել» ու «ավիրվել» են իրենց տարածքները:

Հայ ռազմագերիների հարցի հիմնական քննարկումը տեղի կունենա վաղը՝ օրվա երկրորդ կեսին և քանի որ քաղաքական հիմնական խմբերում գերակշիռ է տեսակետը, որ Ադրբեջանը անհապաղ պիտի կատարի Ժնևի 3-րդ կոնվենցիան և ազատ արձակի հայ բոլոր ռազմագերիներին, վստահ եմ, որ քննարկումները արդյունավետ են լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս