Ինչպես ԱԺ-ն ու կառավարությունը դարձան խոշոր հարկատու

Կառավարությունն անցած տարվա դեկտեմբերի վերջին փոխել է խոշոր հարկատուների դասակարգումը։ Ըստ այդմ՝ խոշորների ցանկում որոշել են ներառել նաև պետական կառավարման մարմիններին։ Ստացվել է այնպես, որ խոշոր հարկատու են դարձել նախարարություններն ու գերատեսչությունները՝ ի դեմս իրենց աշխատակազմերի։ Անգամ Ազգային ժողովն ու կառավարությունն են ընդգրկվել խոշոր հարկատուների ցանկում։

Ճիշտ է, պետական կառավարման մարմինները՝ հիմնականում եկամտային հարկի տեսքով, հարկեր են վճարում աշխատավարձից, բայց դրանք բոլորովին էլ նույն հարկ վճարողները չեն, ինչպես տնտեսության մեջ գործունեություն իրականացնողները։ Սրանք լիովին տարբեր երևույթներ են, և ոչ մի տրամաբանություն չկա, որպեսզի դրվեն նույն հարթության մեջ։

Զարմանալի չէ, որ մինչև այժմ, որպես խոշոր հարկատու համարվել են բացառապես զուտ տնտեսական գործունեությամբ զբաղվողները։ Դրա նպատակը եղել է տնտեսության հատվածում զբաղված առավել խոշոր հարկատուների գործունեության նկատմամբ թափանցիկություն և հասարակական վերահսկողություն ապահովելը։ Թե եկամտային հարկի կամ սոցիալական վճարների տեսքով ինչքան հարկ են վճարում պետական կառավարման մարմինները, տնտեսական գործունեության հետ բացարձակ կապ չունի։

Բայց Կառավարությունը որոշել է, որ դրանք ևս պետք է ընդգրկվեն խոշոր հարկատուների ցանկում։

Ո՞րն է եղել այս նորամուծության նպատակը, հավանաբար դեռ կպարզվի։ Մինչ այդ ուղղակի արձանագրենք, որ դրա արդյունքում խոշորների վճարած հարկերի տեսակարար կշիռն ընդհանուր հարկերի մեջ ավելացել է։

Նախկին մոտեցմամբ անցած տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե էին վճարել 246 մլրդ դրամ։ Նոր տարբերակով, երբ ներառվել են նաև պետական հիմնարկները՝ ստացվել է 275 միլիարդ։

Այսինքն՝ 29 միլիարդի ավելացում կա։

Հասկանալի է, որ այդ ավելացումը կա նաև այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների դեպքում։ Ինչքա՞ն, դժվար է ասել, որովհետև Պետեկամուտների կոմիտեն հարկ չի համարել ներկայացնել խոշորների վճարած հարկերը՝ նաև առանց կատարված փոփոխության։

Նոր կարգով առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 260 մլրդ դրամ։ 15 միլիարդով պակաս, քան անցած տարի։

Տարբերությունը հավանաբար ավելի մեծ կլիներ, եթե ցանկում չներառվեին պետական հիմնարկները։ Այդպես մտածելու համար բավարար հիմքեր կան. տնտեսական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ հարկատուների մոտ վճարված հարկերը նվազել են, երբեմն նաև՝ շատ կտրուկ։

Փոխարենը՝ Հայաստանի 2-րդ խոշոր հարկատուի կարգավիճակ է ստացել Պաշտպանության նախարարությունը։

Այս տարվա առաջին եռամսյակում ՊՆ վճարած հարկերն անցնում են 15 մլրդ դրամից։ Դրանք 6,1 միլիարդով կամ 68 տոկոսով ավելի են նախորդ տարվանից։ Հիմնական մասը, բնականաբար, եկամտային հարկի վճարներ են։

Պետական հիմնարկներից խոշոր հարկատուների ցանկում առաջատար դիրքերում են հայտնվել նաև Ազգային անվտանգության ծառայությունն ու Պետեկամուտների կոմիտեն։ Պարզ է, որ դրանում առաջնային գործոնները եղել են աշխատողների քանակն ու աշխատավարձերի չափերը։

ԱԱԾ-ն վճարել է 1 մլրդ 236 միլիոն, ՊԵԿ-ը՝ 1 մլրդ 183 մլն դրամ։ Երկուսի դեպքում էլ եկամտային հարկի վճարները կրճատվել են։ Բայց հավանաբար այն պատճառով, որ եկամտային հարկի դրույքաչափն այս տարվա սկզբից 1 տոկոսով նվազել է։

Խոշորների ցանկում ընդգրկվել են նաև այլ պետական մարմիններ, այդ թվում՝ Ազգային ժողովն ու կառավարությունը։ ԱԺ աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկն առաջին եռամսյակում վճարել է 251 մլն դրամ, իսկ վարչապետինը՝ 347 մլն դրամ։

Թեև պետական հիմնարկների ներառումով տեղաշարժվել է խոշորների ցանկը, այնուհանդերձ դա չէ, որ բնութագրում է խոշորների վճարած հարկերի իրական պատկերը։ Ակնհայտ է, որ տնտեսության մեջ զբաղված շատ հարկատուների մոտ գործերն այնքան էլ լավ չեն։ Նրանք նվազեցրել են իրենց վճարած հարկերը։

Այդպիսի պատկեր է հատկապես ծխախոտի արտադրության և ոչ միայն արտադրության ոլորտում։

Կտրուկ նվազել են ծխախոտի արտադրության ամենախոշոր ընկերության՝ «Գրանդ Տոբակոյի»  վճարած հարկերը։ Կտրուկ ասածն այս պարագայում նույնիսկ մեղմ է։ Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերությունը գրեթե 5 անգամ պակասեցրել է հարկերը։ Անցած տարի վճարել էր 15,2 մլրդ դրամ, այս տարի վճարել է 3,1 մլրդ դրամ։

Կրճատվել են նաև մյուս խոշոր արտադրողի՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» վճարած հարկերը։ Իհարկե, այս դեպքում անկումն ավելի քիչ է եղել։ Անցած տարի վճարել էր գրեթե 5,1 մլրդ դրամ, այս տարի վճարել է 4,1 միլիարդ։ Շուրջ 20 տոկոսի նվազում կա։

Կրճատվել են ոչ միայն ծխախոտի արտադրության մեջ զբաղված ընկերությունների, այլև ներմուծողների վճարած հարկերը։ «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» այս տարի պակաս է վճարել շուրջ 1,3 մլրդ դրամ, ինչը գրեթե 33 տոկոսով քիչ է նախորդ տարվանից։

Ակնհայտ է, որ ծխախոտի արտադրության ու իրացման ոլորտում նոր խնդիրներ են ի հայտ եկել, որոնք հանգեցրել են պետական բյուջե վճարվող հարկերի զգալի կրճատմանը։ Միայն նշված 3 ընկերությունները գրեթե 15 մլրդ դրամով պակաս հարկ են վճարել, քան վճարել էին անցած տարի։

Սեփականատիրոջ փոփոխությունից հետո կտրուկ կրճատվել են «Տելեկոմ Արմենիայի» պարտավորությունները։

Հիշեցնենք, որ խոսքը նախկին «Վեոն Արմենիայի» մասին է, որն անցած տարի ձեռք բերեցին Հայկ և Ալեքսանդր Եսայանները։

Գործարքից հետո այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ կատարել է շուրջ 1,1 մլրդ դրամի պարտավորություն՝ անցած տարվա գրեթե 6,6 միլիարդի փոխարեն։

Հեղուկ վառելանյութի շուկայում սկսված վերաբաժանումներն իրենց ազդեցությունն են ունեցել ոլորտում գործող 2 հիմնական մասնակիցների՝ «Ֆլեշի» և «ՍիՓիԷս Օիլի» վճարած հարկերի վրա։ Դրանք նվազել են։ Նվազումը մեծ է եղել հատկապես երկրորդի դեպքում։ Անցած տարվա 4,4 միլիարդի դիմաց, այս տարի «ՍիՓիԷս Օիլը» վճարել է շուրջ 2,6 մլրդ դրամ։

Նվազել են նաև «Մաքս Պետրոլի» կողմից կատարված պարտավորությունը։ Ընդ որում, բավական կտրուկ՝ ավելի քան 2,5 անգամ։

Փոխարենը՝ ակտիվացել է վառելանյութի շուկայում գործող այն ընկերությունը, որը վերջերս ձեռք բերեց իշխանությունների սիրելի գործարար Խաչատուր Սուքիասյանը։ «Ռան Օյլ» վճարել է 106 մլն դրամ՝ նախորդ տարվա 41 միլիոնի դիմաց։ Կտրուկ են ավելացել «Ռան Օյլ Պլյուսի» վճարները։ Այս ընկերությունը ստեղծվել է 2020թ. մարտին և անցած տարվա առաջին եռամսյակում խոշորների ցանկում չի եղել։ Իսկ այս տարի արդեն հասցրել է վճարել 849 մլն դրամ։

Չնայած արձանագրվող բարձր գնաճին՝ նվազել են Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սիթի»-ների վճարած հարկերը։ Նախորդ տարի դրանք վճարել էին 2,4 մլրդ դրամ, այս տարի՝ 1,7 միլիարդ։ Սամվել Ալեքսանյանի մյուս հայտնի ընկերությունը՝ «Ալեքս ընդ Հոլդինգը» ևս կրճատել է հարկերը. անցած տարի վճարել էր 1,6 մլրդ դրամ, այս տարի վճարել է գրեթե 1,1 միլիարդ։ Ընդ որում, այս տարի խոշորների ցանկում չկա «Ալեքս Հոլդինգը», որն 2020թ. առաջին եռամսյակում կատարել էր 340 մլն դրամի պարտավորություն։

Հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից հարկերը գրեթե կրկնակի ավելացրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ վճարելով գրեթե 9,8 մլրդ դրամ։ Չնայած, այսպես կոչված՝ հարկադիր անգործությանը, ավելի քան 2,5 մլրդ դրամի հարկ է վճարել «Լիդիան Արմենիան»։ Անցած տարի վճարել էր ընդամենը 71 մլն դրամ։

Հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններից հարկերը կտրուկ պակասեցրել է «Թեղուտը»՝ գրեթե 3 անգամ։ Կրճատվել են նաև Մոթքի հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդի» վճարները։ Անցած տարվա 3 մլրդ 924 միլիոնի դիմաց՝ 3 մլրդ 775 մլն դրամ։

Որպես Հայաստանի առաջին խոշոր հարկատու՝ շարունակել է մնալ «Գազպրոմ Արմենիան»՝ կատարված ավելի քան 18,7 մլրդ դրամ հարկային պարտավորություններով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս