«Շուտով ՍԴ-ում էլ գրագիտության հարցը կլուծվի». Գևորգ Կոստանյան
Քիչ առաջ Սահմանադրական դատարանի մամլո խոսնակ Եվա Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ կայացրած որոշումը:
«Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել»,- գրել էր նա ու հավելել, որ որոշումը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում:
168.am-ը Գևորգ Կոստանյանին խնդրեց մեկնաբանել ՍԴ որոշումը: Նրա խոսքով՝ ըստ էության Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Կոստանյանի բարձրացրած հարցերը ոչ թե ՍԴ-ն պետք է քննի, այլ Վճռաբեկ դատարանը:
«Նորմալ է, բայց ինչպես ամեն տեղ, Սահմանադրական դատարանում ևս կան դատավորներ, որոնք գրագիտության հետ ընդհանրապես առնչություն չեն ունեցել և հիմա էլ փաստորեն չունեն: Բայց ինչպես այլ համակարգերում, ՍԴ-ում էլ գրագիտության հարցը շուտով կլուծվի»,- ասաց նախկին գլխավոր դատախազը: